Արթուր Աբրահամը երրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում և չգիտի, թե ինչ է անելու հետագայում

Մայիսի 12-19-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Բռնցքամարտ. Ես տխուր եմ և մենամարտի նման ելքն ինձ չի ուրախացնում: Ես աշխատում էի նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն, դա ինձ չհաջողվեց»,- Super Six մրցաշարի կիսաեզրափակչում ամերիկացի Անդրե Ուորդից պարտություն կրելուց հետո ասել է Արթուր Աբրահամը:

PanARMENIAN.Net - Ուորդը հաղթեց հայ բռնցքամարտիկին 120-108, 118-110, 118-111 հաշվով:

Հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ դեռ որոշում չի կայացրել իր ապագա կարիերայի մասին: «Ես դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու հետագայում: Վերադարձը միջին քաշային կարգ տարբերակ չէ: Ես ամեն ինչ պետք է քննարկեմ իմ փրոմոութերի և թիմի հետ և որոշեմ անելիքս: Ես ուրախ չեմ Ուորդից պարտություն կրելու համար, սակայն, զգում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել»,-մեջբերում է Աբրահամին boxingscene.com-ը:

Ուորդը հաղթանակից հետո խոստոավնել է, որ դա իր լավագույն մենամարտն էր: «Ես կարող եմ ավելի լավ բռնցքամարտել և վստահ եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է: Սակայն, միշտ չէ, որ ստացվում է ամեն ինչ անել հանուն պայքարի: Այս մենամարտում հաղթանակը բավարար էր ինձ երջանկացնելու համար»,-մեջբերում է Ուորդի խոսքերը box-club.ru-ն:

Վիկ Դարչինյանը, որը ապրիլի 24-ին թեթևագույն քաշային կարգում հաղթանակ տարավ Յոնի Պերեսի հանդեպ (Կոլումբիա) և կարողացավ վերադարձնել IBO գոտին, այժմ Հայաստանում է: «Այդ մենամարտը շատ կարևոր էր ինձ համար և ես կարողացա ողջ աշխարհին ներկայացնել, թե ինչ օր է ապրիլի 24-ը հայերի համար: Պերեսի հետ մենամարտում ես կարողացա վերցնել իմ արդեն ութերորդ գոտին և դառնալ այդքան շատ տիտղոսներ ունեցող երրորդ բռնցքամարտիկը Showtime-ում»,-մայիսի 17-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վիկ Դարչինյանը:

Այժմ Դարչինյանը թեթևագույն քաշային կարգում հանդիպելու է Աբներ Մարեսի հետ, որին նա պարտվեց 2010թ. դեկտեմբերին մրցավարների վիճահարույց որոշմամբ: Ըստ նրա, եթե Մարեսը հրաժարվի մենամարիտց, նա կորակազրկվի:

Եթե Դարչինյանը համապատասխան մրցակից չգտնի, նա մտադիր է փոխել արդեն չորրորդ իր կարգը՝ առաջին կիսաթեթև կամ կիսամիջին անցնելով, և նոր գոտիներ նվաճել:

Վերջերս Դարչինյանն ընդունեց մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Արսեի առաջարկը, որին հաղթեց 2009 թվականին, ռևանշի մասին: Այդ առնչությամբ նա ասել է. «Վիլֆրեդ Վասկես-կրտսերի հանդեպ հաղթանակից հետո Արսեն ռինգում ցանկություն հայտնեց մենամարտել ինձ հետ, ես համաձայնվեցի մենամարտին և այժմ նա այլ մրցակիցների անուններ է տալիս: Չգիտեմ տեղի կունենա այդ մենամարտը, թե ոչ, ամեն դեպքում, ես պատրաստ եմ»:

IBO վարկածով աշխարհի չեմպիոնն արդեն մի քանի տարի է, ինչ ցանկանում է խաղ-ռևանշ անցկացնել WBC/WBO աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոնեյրի հետ, որին զիջեց նոկաուտով 2007 թվականին: «Ահա արդեն 4 տարի է Դոնեյրը չի համաձայնվում հանդիպել ինձ հետ ռինգում: Մենամարտում ես զիջեցի նրան իմ սխալի պատճառով: Սովորաբար մինչ 4-րդ ռաունդը ես հավասար պայքար եմ մղում, հետո ուժեղացնում եմ ճնշումս ու հաղթում եմ մրցակցիս, սակայն, նրա հետ սխալ թույլ տվեցի: Այժմ ես ցանկանում եմ ցույց տալ, թե իրականում ինչի եմ ընդունակ, սակայն նա չի տալիս իր համաձայնությունը: Ես նույնիսկ պատրաստ եմ իմ ողջ հոնորարաը նրան տալ»,-ասել է Դարչինյանը:

Սամբո և ծանրամարտ. Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնության վերջին օրը մրցասպարեզը տրամադրվել էր մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Ոսկե մեդալ ունենալու մեր հույսերը կապված էին այս մարզաձևում հանդես եկող Վաչիկ Վարդանյանի /68կգ/, Անդրանիկ Նաղդալյանի /74/, Մուշեղ Օսիպյանի /82 կգ/ հետ: Վերջինիս ելույթն անհաջող էր, իսկ Անդրանիկը, որ նախօրեին ուժերը չափել էր նաև մարզական սամբոյում, այս անգամ ավելի հաջող գոտեմարտեր անցկացրեց ու արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Վաչիկ Վարդանյանը պարզապես գերազանց դրսևորեց իրեն ու հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնեց պատվո պատվանդանի վերին հարթակում ու հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

Մեր սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52 կգ / և Աշոտ Դանիելյանը /74 կգ / բրոնզե պարգևների էին արժանացել մարզական սամբոյի մրցումներում: Հայկական հավաքականը Հայաստան կվերադառնա 4 բրոնզե և 1 ոսկե մեդալով:

Լիմայում (Պերու) ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի հավաքականին ոսկե մեղալ բերեց առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը ( +94 կգ ք/կ):

17-ամյա Մինասյանը հավասարը չուներ նաև առանձին վարժություններում՝ «պոկում» վարժությունում նա բարձրացրեց 174 կգ, իսկ «հրում» վարժությունում՝ 205 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալները: Երկամարտում նա դարձավ աշխարհի չեմպիոն 379 կգ ցուցանիշով:

Երկրորդ տեղը գրավեց Յակուբ Զինավան (Սլովակիան) 279 կգ արդյունքով, իսկ բրոնզե մեդալին արժանացավ Ալան Ռոդրիգեսը (Մեքսիկա), նա բարձրացրեց 280 կգ:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի համար մեդալներ են նվաճել Անդրանիկ Կարապետյանը (62 կգ ք/կ) և Մհեր Միքայելյանը (85 կգ ք/կ): Կարապետյանը նվաճել է բրոնզը, իսկ Միքայելյանը՝ արծաթը:

Շախմատ. Մայիսի 18-ին Թբիլիսիում տեղի է ունենում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով կիսել է միավորները Անտոանետա Ստեֆանոյի (Բուլղարիա) հետ և հավաքել 8 միավոր:

Հայ շախմատիստը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, Ստեֆանովան 8.5 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը, Եվրոպայի չեմպիոն է դարձել Վիկտորիա Սմիլիտեն (Լիտվա):

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը Սարաևոյի միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը և դարձել արագ շախմատի հաղթող, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցաշարն իր համար լավ է դասավորվել և նա գոհ է իր ելույթից:

«Ընդհանուր առմամբ, մրցաշարը հեշտերից չէր, քանի որ հաղթանակի դեպքում շախմատիստը հավաքում էր երեք միավոր, ոչ ոքիի դեպքում` 1: Ոչ ոք չէր ցանկանում ոչ ոքի խաղալ. և արդյունքում ստացվել էին լարված պարտիաներ»,- ասել է Մելքումյանը: Շախմատիստի խոսքերով, որն անձնական արդյունքով մինչև վերջ մրցաշարի առաջատարն էր, բոլոր շախմատիստները պայքարում էին մինչև վերջ:

Մելքոնյանը նշել է, որ իրեն շատ լավ է զգում արագ շախմատում, ավելի ազատ է գործում և հաճույք ստանում խաղից: «Արագ շախմատի պարտիաները նույնպես հեշտ չէին, բայց ես կարողացա զբաղեցնել առաջին տեղը»,- ասել է նա:

Առաջիկայում Մելքումյանը հանդես է գալու այլ միջազգային մրցաշարերում, որտեղ ելույթ է ունենալու ինչպես թիմային, այնպես էլ անհատական պայքարում:

Լենինգրադի շրջանի Կիրիշի քաղաքում ավարտվել է «Աշխարհի պատանի աստեղեր» 8-րդ միջազգային շախմատային մրցաշարը` նվիրված Վանյա Սոմովի հիշատակին` պատանի շախմատիստ, որը մահացել է 2002-ին:

Հայաստանն այս տարի ներկայացրել է ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը: Նա մինչև վերջին տուրը կիսել է 1-2-րդ տեղերը, բայց 12-րդ տուրում կարողացել է հաղթել Յուրի Ելիսեևին (Ռուսաստան) և դարձել մրցաշարի հաղթող: Նա 12 տուրերում հավաքել է 8 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսեյ Գոգանովը (Ռուսաստան) 7 միավորով:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
Մխիթարյանը քննադատել է «Արսենալի» մարզչի մարտավարությունը

Մխիթարյանը քննադատել է «Արսենալի» մարզչի մարտավարությունը «Ես արդեն 30 տարեկան եմ, և սիրում եմ խաղալ, ոչ թե ուղղակի ժամանակ անցկացնել նստարանին»,-ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»