Վարդան Օսկանյանը ՄԱԿ-ի բանաձեւի մասին. Բաքուն ինքնախաբեությամբ է զբաղվում18 մարտի 2008 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի հարցով բանաձեւի ընդունումը Գլխավոր վեհաժողովի կողմից խորհրդատվական բնույթ է կրում, եւ Բաքուն այդ առումով ուրախանալու պատճառ չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել Բաքվի հայտարարություններին Հայաստանի դիվանագիտական պարտության մասին: Ընդ որում, Վարդան Օսկանյանը նշել է, որ լավ կլիներ, եթե բանաձեւը հավանություն չստանար, սակայն միեւնույն ժամանակ, հայկական կողմը գոհ է մի շարք պետությունների դիրքորոշումից, քանի որ բանաձեւը չի ստացել ավելի քան 150 պետությունների աջակցությունը, որոնք այդ բանաձեւի անպայման բնույթի դեպքում դեմ կքվեարկեին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հատկապես նշել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան` երեք կարեւորագույն պետությունները, դեմ են քվեարկել փաստաթղթի հավանությանը, ինչը պետք է ազդանշան լինի Բաքվի համար այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, այլ ոչ թե բանաձեւերի ընդունմամբ, որոնք չեն կարող աջակցել խնդրի կարգավորմանը: Միակ փաստաթուղթը, որը կաջակցի հակամարտության կարգավորմանը, Վ. Օսկանյանի խոսքերով, կդառնա այն համաձայնագիրը, որի տակ իրենց ստորագրությունները կդնեն Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Ինչ վերաբերում է երկրներին, որոնք կողմ են քվեարկել բանաձեւին, ապա Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ նրանց հետ անհրաժեշտ է աշխատել, քանի որ նման աշխատանքի շնորհիվ մի շարք երկրներ ձեռնպահ մնացին քվեարկությունից: Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նման քայլեր է նախաձեռնում բացառապես ներքին օգտագործման համար եւ ինքնախաբեությամբ է զբաղվում, որը, սակայն, կարող է վտանգավոր դառնալ, եթե Բաքուն սկսի ղեկավարվել այդ բանաձեւով Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |