14  26.04.13 - Հետնաբեմ. Սերժ Ավեդիքյանի բեմադրած «Անուշ» օպերան

«Անուշը» ըստ Ավեդիքյանի. Նորը տենչող, բայց դեռ չընկալող հայ հանդիսատեսը

«Անուշը» ըստ Ավեդիքյանի. Նորը տենչող, բայց դեռ չընկալող հայ հանդիսատեսը

PanARMENIAN.Net - Չնայած Սերժ Ավեդիքյանի բեմադրած «Անուշ» օպերայի երևանյան պրեմիերայի օր էր հայտարարված ապրիլի 26-ը, ապրիլի 25-ի բաց փորձն այդ բարդ գործն իր վրա վերցրեց: Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին բոլորը՝ Սունդուկյանի ու Պարոնյանի դերասանները, օպերայի մեներգիչները, մասնավորապես՝ տարբեր տարիներին «Անուշի» մասնակիցները, կամ նրանց զավակները, բարեկամները, պահակի, բանվորի, դեկորատորի, գրիմյորի հեռու բարեկամները՝ հեռու գյուղերից… մի խոսքով, բոլոր նրանք, ու հետաքրքրում էր, թե ինչպիսինն է լինելու Անուշի ու Սարոյի պատմությունը Օպերայի շենքից դուրս, ավանդական լուծումներից հնարավորինս հեռու, երիտասարդ երգիչներով ու Սերժ Ավեդիքյանով, որին, թերևս, Հայաստանում ապրողների մի մասը ճանաչում է «Մայրիկ», մյուսը՝ նախորդ տարվա «Փեսանցու կրկեսից» ֆիլմերից, ինչ-որ մի մասն էլ տեսել է նրա կարճամետրաժ ֆիլմը, կամ գոնե լսել, որ 2010-ին Ավեդիքյանն արժանացել է Կաննի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցանակին:

Փորձ կոչվածը սկսվեց ժամը 19.10-ին: Բեմադրիչը նստեց դահլիճում հանդիսատեսի կողքին, մինչ այդ հայտարարելով՝ հանդիսատեսի ներկայությամբ այս փորձը շատ կարևոր է, ու ուրախ է, որ այսքան մարդ է եկել. խնդրեց անջատել հեռախոսներն ու հայտարարեց, որ իրենք սկսում են:

Այն, ինչ սկսվեց ու տևեց մեկ ժամ քառասուն րոպե դեռ շատ վեճերի ու անհամաձայնությունների առիթ կլինի: Ոմանց համար Սերժը քարկոծումների հավերժ առարկա կդառնա, ոմանց՝ նոր ճանապարհ բացած արվեստագետ: Թոք-շոուներ կկազմակերպվեն, որտեղ կբարձրացվեն հարցեր, թե արդյոք արժի կպնել ավանդականին, թե՝ ոչ, կամ արդյոք Տիգրանյանն ու Թումանյանը յոթ անգամ «շուռ եկան» դագաղում, թե՝ ոչ. թերթերում տարբեր վերնագրեր կլինեն՝ «Տափակ կոմեդիայում խաղացող սրբապիղծը» կամ «Մոնումենտալ սարյանական դեկորացիաները փոխարինվեցին պլաստմասե կամրջով»…

Բայց երկու բան միանշանակ պարզ է և թերևս քննարկման ենթակա չէ: Առաջինը՝ հայ արվեստին (անկախ նրանից՝ օպերա է, թատրոն, թե երաժշտություն) պակասում է նորը. նորը, որը ոչ թե կգա արտասահմանից, տոմսը կարժենա 40.000 դրամ ու անգամ դրան էլ մարդիկ կկարոտեն, այլ կլինի «ներսից». չի «կորի» մութ փորձատեղերում, չի անհետանա մշակույթի նախարարության երկարուձիգ միջանցքներում՝ ֆինանսավորում չգտնելու պատճառով… նորը, որը բեմ դուրս կգա, դահլիճներ կհավաքի, վեճերի ու կռիվների առարկա կդառնա, մարդկանց կստիպի բացահայտել ուրիշների նորերը և շատերին կդրդի ավելի նորը ստեղծելու:

Իսկ երկրորդը՝ հայ հանդիսատեսը դեռ պատրաստ չէ նոր բան ընդունել. թափանցող շորը միևնույն է՝ մնում է ոչ հայեցի, սոլո դհոլը բնազդաբար դառնում է շախով ծափ տալու առարկա (անկախ նրանից, որ դա իր աներձագի հարսանիքը չի), ներկայացումից հետո էլ դահլիճում գոռգոռալն ու փնովելը՝ սովորություն՝ չունենալով համարձակություն բեմադրիչին դիսկուսիայի հրավիրելու համար:

Եվ մի բան էլ դահլիճում գոռացողների մասին: Ներկայացումից հետո, երբ հանդիսատեսն այն բուռն քննարկելով դուրս էր գալիս, նրանցից մեկը (հետագայում պարզվեց, որ լեգենդար Սարոյի դերակատար Ավագ Պետրոսյանի որդին էր) դահլիճով մեկ սկսեց բարձրաձայն «շան լափը թափել» նոր «Անուշի» վրա՝ ասելով, թե «նրանք թաղեցին Անուշին»: Լավ, նրանք թաղեցին, իսկ «Անուշի» այսօրվա ակադեմիական տարբերակը՝ ո՞չ. երբ վերջին տասնամյակներում այն ցուցադրվում է առանց փոփոխության՝ դեկորները թարմացվում են, երկրորդական դերերի համար նոր դերակատարներ գտնվում… հայտարարելով, որ «դուք տեսնելու եք նոր «Անուշ», որը վաղուց արդեն որպես օպերա վերացել է ՝ դառնալով երգող «արձան», որը մարդիկ գալիս են նայելու, քանի որ չունեն այլընտրանք:

Մի խոսքով՝ «Վուշ-վո՜ւշ, Անո՛ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՛կ, Վո՜ւշ քու սերին, քու յարին»… մնացածը գնացեք, ինքներդ նայեք:

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---