Բուենոս Այրեսի Գրքի միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի Հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսում ընթացող Գրքի 36-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 1-ին նշվել է Հայաստանի Հանրապետության օրը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության ջանքերի շնորհիվ, Հայաստանի տաղավարը չէր զիջում ցուցահանդեսում ներկայացված այլ երկրների ու հրատարակչությունների տաղավարներին:

Նկատի ունենալով, որ մայիսի 25-ին Արգենտինայում նշվելու է Մայիսյան հեղափոխության 200-ամյակը, որի շնորհիվ երկիրը ձեռք բերեց իր անկախությունը, ցուցահանդեսի համար ընտրվել է«Գրքերի հետ տոնել 200-ամյա պատմությունը» կարգախոսը:

«Հայաստանի օրվա» հանդիսություններին ներկա մոտ 1500 հանդիսատեսներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի երեք հազարամյա պատմության մեջ, թերևս, ամենակարևոր իրադարձություններից էր մ.թ. 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը, ինչի շնորհիվ հայերեն թարգմանվեց գրքերի գիրքը` Աստվածաշունչը, տպագրվեցին հազարավոր գրքեր, որոնք մեր ազգի մշակութային և մտավոր հարստության ամենաարժեքավոր մասն են կազմում»:

Դեսպան Կարմիրշալյանը նշել է նաև այն կարևոր դերը, որ անցած երկու հարյուրամյակների ընթացքում ունեցել են արգենտինացի գրողներն ու մտավորականները այդ երկրի կայացման ու ժողովրդավարեցման գործում: «Բավական է հիշատակել միայն մեր ժամանակների այնպիսի խոշորագույն գրողների անուններ, ինչպիսիք են Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, որպեսզի պարզ դառնա, թե ինչ մեծությունների է պարգևել Արգենտինան ամբողջ աշխարհի», - ասել է ՀՀ դեսպանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» գրքի նոր հրատարակության շնորհանդեսին մասնակցելու համար Իսպանիայից ժամանած հայտնի լրագրող ու գրող, հանրաճանաչ «Լա բոմբա» գրքի հեղինակ Խոսե Անտոնիո Գուռիարանը: Նա անդրադարձել է իր հեղինակած գրքի նախապատմությանը և, խոսելով հայ գրքի ու գրականության մասին, կոչ է արել ներկաներին այցելել Երևանի Մատենադարանը` «ծանոթանալու համար այն մեծագույն մտավոր և մշակութային արժեքների հետ, որ դարերի ընթացքում ստեղծել է հայ ժողովուրդը»:

«Հայաստանի օրվա» կապակցությամբ կայացել է համերգ Բուենոս Այրեսի «Նաիրի», «Գայանե», «Մասիս» պարային համույթների և համայնքում սիրված երգչուհի Միրթա Սաջյանի մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---