Ջավաքխի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին հանձնում են վրաց կաթոլիկներին

Ջավաքխի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին հանձնում են վրաց կաթոլիկներին

PanARMENIAN.Net - «Ահազանգ ստացվեց Ջավախքի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին կաթոլիկներին հանձնելու, այն վրաց կաթոլիկների կենտրոն դարձնելու վերաբերյալ»- այս մասին այսօր մամլո ասուլիսում հայտնել է Մշակույթի նախարարությանն առընթեր, պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը:

Նա ասաց, որ արշավախուբ է կազմվել տեղում իրավիճակը հանգամանալից քննելու, պարզաբանելու, թե ինչպիսի պատմական հուշարձան է իրենից ներկայացնում եկեղեցին, ինչ է կատարվել և ինչ խնդիրներ են առաջացել հողաշինական աշխատանքների ժամանակ: Հետազոտությունները ցույց տվեցին, որ կատարվել էին մի քանի հողային աշխատանքներ և մաքրվել էր եկեղեցու ներսը, հանվել էին քարեր,որտեղ հստակ երևում են բեկորներ, խաչքարերի գտածոներ,ոսկորներ և այլն: Ըստ Սիմոնյանի, աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև հայատառ արձանագրություններով խաչքարներ: «Խորանի արևելյան պատի մեջ ներքուստ շարված էին 4 խաչքարեր որոնցից 3-ը ունեին հայերեն արձանագրություններ»,- ասաց պատմաբանը, հավելելով, որ դա փաստում է եկեղեցու դեռ 14-րդ դարում գոյություն ունենալը և մերժում «այն մտացածին տեսակետը, որ Ախլցխայի շրջանը հայաբնակ չի եղել և որ այդտեղ միայն Կարնո գաղթից հետո են հաստատվել հայկական էթնիկ տարրերը»:

«Ժողովուրդը վստահ է, որ եկեղեցին տրվում է կաթոլիկ համայնքին, ընդ որում ոչ թե հայ կաթոլիկներին, այլ վրաց կաթոլիկներին»,- շեշտեց Հակոբ Սիմոնյանը, ավելացնելով, որ այն աղմուկը, որ հուշարձանը քանդում են չի համապատասխանում իրականությանը: Սակայն, ըստ պատմաբանի, «պետք է համագործակցության կոչ անել վրաց իշխանություններին, որպեսզի տեղի և հայ մասնագետների շնորհիվ վերականգման աաշխատանքներ կատարվեն: Չպետք է թույլ տալ, որ այն դառնա վրաց կաթոլիկների կենտրոն»:

1827-28թ Սուրբ Խաչ եկեղեցին ավիրվել է ռուս թուրքական պատերազմերի ժամանակ և միայն1866-86թ վերակառուցվել է Ազնավուր եղբայրների կողմից, և այն դառնում է հայ կաթոլիկ համայնքի սեփականությունը: Ներկայումս եկեղեցին վերածվել է ավերակների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---