Ատոմ Էգոյան. Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետես

Ատոմ Էգոյան. Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետես

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի և Counterpart International-ի կողմից կազմակերպված «Մշակույթի քաղաքականություն» թեմայով բաց քննարկման շրջանակներում կայացավ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչեյանի և դիզայներ Արմեն Քյուրքչյանի «Հայկական զարդանաշխի արվեստը» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էր նաև աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Գրքի հեղինակների հետ միասին նա քննարկում էր «Ռիսկն արվեստում» թեման:

«Դու մահանում ես որպես արվեստի գործիչ, եթե ռիսկի չես դիմում: Ուստի միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետես, քեզ համար որոշակի սահման գծես ու միշտ վախենաս, որ չես հասնի դրան»,- նշել է Ատոմ Էգոյանը: Նա ընդգծել է նաև, որ հայ արվեստի գործիչները միշտ ռիսկի են դիմել և մեծ գործեր են ստեղծել: «Օրինակ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը». սկզբում այն չէին հասկանում, փնովում էին, իսկ այժմ մենք այդ ֆիլմն ընկալում ենք, որպես հայ ժողովրդին մատուցված մեծագույն պարգև: Ընդհանրապես արվեստի գործիչների վրա հաճախ են զայրանում, եթե չեն հասկանում նրանց լեզուն»:

Հրայր Բազե Խաչեյանը նույնպես անդրադարձավ ստեղծագործության մեջ ռիսկի թեմային` օրինակ բերելով «Հայկական զարդանաշխի արվեստը» գրքի լուսանկարները: «Մենք հաճախ էինք ստիպված լինում ռիսկի դիմել: Մենք հայկական մանրանկարներ էինք լուսանկարում Ադրբեջանի հետ սահմանին, և նկարահանումների կազմակերպման համար ստիպված եղանք մեզ հետ պաշտպանության համար տանել զինվորներ, հրամանատար և դիպուկահար: Մենք նաև հայկական եկեղեցիներ ենք նկարահանել Թուրքիայի հետ սահմանին: Այն ժամանակ թուրք զինվորները մոտեցան մեզ և ասացին, որ այստեղ չի կարելի նկարահանել: Իսկ ես պատասխանեցի, որ դա հայկական եկեղեցի է, ու ես նկարահանելու եմ անկախ այն բանից` դա կարելի է, թե ոչ»,- նշել է Խաչեյանը` ավելացնելով, որ լուսանկարիչների նպատակն էր ցույց տալ որքան հնարավոր է շատ հայկական զարդանախշեր Արևելյան ու Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև Արցախից:

Գրքի շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց նաև Հրայր Բազե Խաչեյանի տեսանյութը Թուրքիա, Աղթամար կղզի և Վանա լիճ կատարած ուղևորության մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---