2011 թ-ի «Թանգարանային գիշերը» Երևանում աննախադեպ էր այցելուների քանակով

2011 թ-ի «Թանգարանային գիշերը» Երևանում աննախադեպ էր այցելուների քանակով

PanARMENIAN.Net - 2011 թ-ի «Թանգարանային գիշերն» աննախադեպ եղավ այցելուների քանակով: Միջոցառումը մեկնարկեց 18:00-ին և շարունակվեց մինչև կեսգիշեր: Այդ օրը, դեռ 18:00-ից առաջ բազմաթիվ թանգարաններում հերթեր էին գոյացել: Դժվար է ասել, թե կոնկրետ որ տարիքային խմբերն են գերակշռել այցելուների շարքում, քանի որ կարելի էր հանդիպել դպրոցական խմբերի, մեծահասակների և միջին տարիքի անձանց: Հանրապետության Հրապարակում գտնվող Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանի պատմության թանգարանի շենքը կարծես ցուցարարներով շրջապատված լինեին, քանի որ մուտքի մոտ մեծ հերթեր էին գոյացել:

Սակայն մյուս թանգարանները ևս չեն զիջել այցելուների քանակով: Նույնիսկ քաղաքի կենտրոնից հեռու գտնվող «Կալենց» թանգարանը այդ գիշեր լեփ-լեցուն է եղել:

Պատճառները կարող են տարբեր լինել: Այս տարի մշակույթի նախարարությունն այդ օրը ցանկացած թանգարան այցելելու ժամանակ բաժանում էր բացիկ, որի վրա բոլոր թանգարանները դնում էին իրենց կնիքները: Ամենաշատ թանգարաններ այցելած մարդիկ կստանան մեկ տարվա կտրվածքով ՀՀ թանգարաններ այցելելու աբոնեմենտ և այլ խրախուսական նվերներ: Դատելով մարդկանց ձեռքերում գտնվող բացիկների վրայի կնիքների քանակից, կարելի է ասել, որ յուրաքանչյուր այցելու այդ օրը միջինը 6 թանգարան է այցել: Սակայն բազմաթիվ այցելուներ, այցելելով թանգարան, տեղյակ չէին այդ ակցիայի մասին, և հետևաբար չի կարելի ասել, որ հանուն նվերի է կատարվել այցելությունը: Սակայն եթե մյուս զանգվածը գիտեր ակցիայի մասին, ապա գովելի է, որ մարդիկ ցանկանում են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ և տարվա ընթացքում այցելել թանգարաններ:

Մեկ այլ հետաքրքրական փաստ: Ավանդույթի համաձայն, այդ օրը համարյա յուրաքանչյուր թանգարան կազմակերպում է զանազան միջոցառումներ. համերգներ, դասախոսություններ, կինոդիտումներ կամ ժամանակավոր ցուցադրություններ, սակայն այցելուներին հիմնականում հետաքրքրել են մշտական ցուցադրությունները:

Այս տարվա «Թանգարանային գիշերվա» արդյունքները դեռ չեն հայտարարվել, սակայն ակնհայտ է, որ նրանց քանակը բավական մեծ է եղել և հնարավոր է, որ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---