Հաագայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան

Հաագայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան

PanARMENIAN.Net - Մայիսի 6-15-ը Հաագայում Filmhuis Den Haag-ի կողմից կազմակերպված «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2009-2010թթ. ֆիլմերի ցուցադրությունները մեծ հաջողություն են ունեցել: Ինչպես հաղորդում է կինոփառատոնի մամլո բաժինը, Հայաստանից ցուցադրություններին ներկա էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, կինոռեժիսորներ Սուրեն Բաբայանն ու Արման Երիցյանը:

«Ինձ համար շատ կարևոր էր ընդգրկել այնպիսի ֆիլմեր, որոնք հոլանդացի հանդիսատեսին կհիշեցնեին այդ տարածաշրջանի «այլ» լինելու մասին… որը մենք բոլորս հիշում ենք Սեգեյ Փարաջանովի ու Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից, որոնք ոգեշնչող, սադրիչ, դիտարժան, արտիստիկորեն օրիգինալ ու թարմ են: Պարզվեց, որ շատ ֆիլմեր բարձրացնում են սահմանների հարցը ոչ միայն արտաքին աշխարհում, այլ նաև մեր ներսում»,- ասել է ծրագրի համադրող, կինոռեժիսոր Ռադա Սեսիչը:

Ֆիլմերի ցուցադրություններին, հաջորդող քննարկումներին ու զուգահեռ նախատեսվող միջոցառումներին ներկա էին հայ և արտասահմանցի բազմաթիվ ռեժիսորներ, պրոդյուսերներ և տարբեր փառատոնների ներկայացուցիչներ: Քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ մեծ է հետաքրքրությունը Հայաստանի, հայկական կինոյի ու արվեստի նկատմամբ և արդյունքում քննարկումների մասնակիցները ցանկություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

Ցուցադրությանը մասնակցել են Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն», Դիանա Կարդումյանի «Աշնան արև», Սիդդիք Բարմաքի «Ափիոնի պատերազմ», Գեորգ Օվաշվիլիի «Մյուս ափին», Անդրեյ Խրժանովսկու «Մեկ և կես սենյակ, կամ սենտիմենտալ ճանապարհորդություն հայրենիք», Լևան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր», Ռեհա Էրդեմի «Կոսմոս», Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---