ԱՄՆ-ը և Իսրայելը պատրա՞ստ են ճանաչել  անկախ Քուրդիստանը

ԱՄՆ-ը և Իսրայելը պատրա՞ստ են ճանաչել անկախ Քուրդիստանը

Երևում է, «նավթը» և «ժողովրդավարությունը» Վաշինգտոնի համար վաղուց հոմանիշներ են դարձել, ինչը նորություն չէ

Քրդական խնդիրը միշտ գլխացավ է եղել Մերձավոր Արևելքի համար: Ժամանակ առ ժամանակ Թուրքիայում, Սիրիայում, Իրանում բնակվող քրդերը ցույց էին տալիս, որ ամեն ինչ հանգիստ է և նրանց ոչինչ պետք չէ՝ կուտակելով ուժերը և ռեսուրսներն իրավիճակի հերթական սրացման համար: Միաժամանակ, միասնական քուրդ ժողովուրդ այն առումով, որով աշխարհում պատկերացնում են «ժողովուրդ» հասկացությունը, գոյություն չունի:

PanARMENIAN.Net - Ուղղակի կան տարբեր քրդական ցեղեր, որոնց շարքում՝ սունիթներ, շիիթներ, ալևիտներ, եզդիներ և քրիստոնյաներ: Օրինակ, Հայաստանի քրդերը հիմնականում եզդիներ են: Քրդերի մեծամասնությունը դավանում են իսլամ՝ սունիթական կամ շիիթական ուղղվածության, վերջին տասնամյակում աճում է քրիստոնյա քրդերի թիվը բողոքական և ուղղափառ միսիոներների գործունեության արդյունքում: «Միասնական քուրդ ժողովուրդ գոյություն չունի, գոյություն ունեն միմյանից տարբերվող քուրդ ցեղեր»,- կարծում է հայ քրդագետ Գառնիկ Ասատրյանը: Նրա խոսքով, թուրքական և իրանական քրդերը շատ են տարբերվում միմյանցից և նույնիսկ չեն կարող հասկանալ միմյանց լեզվական տարբերությունների պատճառով: Ուստի հյուսիսային քրդերի և Թուրքիայի քրդերի միավորման հարցը բավական խնդրահարույց է: «Բայց եթե դա ցանկանում է գերտերությունը, ապա դա լիովին հնարավոր է, ԱՄՆ-ը շատ ուժեր և ռեսուրսներ է գործադրել իրաքյան Քուրդիստանի մեջ»,- նշել է քրդագետը: Նրա խոսքով, Թուրքիան, գիտակցելով դա, շարունակում է Թուրքիայից Իրաք քրդերին վտարելու քաղաքականությունը, որտեղ ուժեղանում է լարվածությունն իրաքյան և թուրքական քրդերի առաջնորդների միջև:

Հիշեցնենք, որ 2012-ի մարտի 21-ին Նովրուզի օրը Հյուսիսային Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին մտադիր էր հայտարարել անկախ Քուրդիստանի ստեղծման մասին: Դժվար է ասել, թե որքանով էր Բարզանին համոզված քայլի ճշտության մեջ, սակայն այն փաստը, որ մարտի 21-ին անկախությունն այդպես էլ չհայտարարվեց, արդեն խոսում է իր մասին: Փետրվարին միջազգային հանրությունը ոչ մի կերպ չարձագանքեց. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դեռ չեն որոշել իրենց դիրքորոշումն այս հարցում, ԱՄՆ-ը կարծես թե նույնպես պատրաստ չէ Քուրդիստանի անկախությանը, Թուրքիան, ինչպես միշտ, առաջարկում է քննարկել այդ հարցը: Վաշինգտոնի պատրաստ չլինելը մի քիչ անհասկանալի է, քանզի անկախ Քուրդիստանի ստեղծումը վաղուց նրա նպատակն էր Կիրկուկայի նավթի վրա հսկողություն սահմանելու համար: Միաժամանակ, մի շարք իսրայելցի քաղաքագետներ նշում են, որ Իսրայելը կլինի այն երկրների շարքում, որոնք կաջակցեն իրաքյան Քուրդիստանին, եթե նա հայտարարի իր անկախության մասին: Նրանք նաև ենթադրում են, որ Քուրդիստանը հապճեպ որոշումներ չի ընդունի, մինչև չստանա տարածաշրջանային խաղացողների աջակցությունը:

Օֆրա Բենգիոյի կարծիքովմ ով Մոշե Դայանի անվան Մերձարևելյան և աֆրիկյան հետազոտությունների կենտրոնի աշխատող է, Բարզանին կանգնած է երկընտրանքի առջև՝ հռչակել անկախությունը կամ փորձել շրջանցել այդ հռչակմանը խանգարող արգելքները և որոշ քայլեր ձեռնարկել դրանք հաղթահարելու համար: «Քուրդիստանը պետք է նախապատրաստի պետության ենթակառուցվածքը նախքան անկախություն հայտարարի, իսկ հետո սպասի հարմար պահի, որպեսզի իրականացնի դա: Քուրդիստանն ունի պետության բոլոր ատրիբուտները և ավելի զարգացած է, քան Պաղեստինյան ինքնավարությունը կամ Հարավային Սուդանը»,- գրում է նա:

Մեկ այլ իսրայելցի փորձագետ Ալոն Բեն Մեիրի խոսքով, եթե Քուրդիստանն անկախություն հռչակի, ապա Իսրայելը կաջակցի այդ որոշմանը: «Անկասկած, Իսրայելը կաջակցի Քուրդիստանի անկախությանը և հավանաբար կլինի առաջին երկրներից մեկը, որը կճանաչի Քուրդիստանի անկախությունը: Մենք չենք անհանգստանում Թուրքիայի արձագանքի մասին Անկարայի և Կիրկուկայի միջև սերտ կապերի պատճառով»,- ասում է Բեն Մեիրը:

Նախագահ Մասուդ Բարզանին և վարչապետ Նեչիրվան Բարզանին հաղթահարել են առավել կարևոր արգելքները լիակատար անկախության ճանապարհին: Նրանք սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են մշակել Թուրքիայի հետ, Քուրդիստանում ստեղծել են նավթային արդյունաբերություն, որն ապահովում է ֆինանսական հիմք անկախության համար և կոչ արել ներդրումներ կատարել Քուրդիստանի մեջ: Նրանք նաև ցույց են տվել, որ հենց Քուրդիստանն է ԱՄՆ համար հուսալի և ժողովրդավարական դաշնակից Իրաքում և ողջ Մերձավոր Արևելքում: Եվ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, Քուրդիստանի անկախությունը ճանաչելուց բացի այլընտրանք չունի: Առավել ևս, որ Կիրկուկայում արդեն աշխատում է ExxonMobil ամերիկյան նավթային հսկան: Այսպիսով, Քուրդիստանի անկախության ճանաչումը հիմնված է նավթի վրա, ինչն ԱՄՆ համար գլխավորն է քաղաքականության մեջ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև ողջ աշխարհում: Երևում է, «նավթը» և «ժողովրդավարությունը» Վաշինգտոնի համար վաղուց հոմանիշներ են դարձել, ինչը նորություն չէ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---