Ադրբեջանը բացարձակ չեմպիոն է ուծացման գործում, կարծում է ռուս փորձագետը

Ադրբեջանը բացարձակ չեմպիոն է ուծացման գործում, կարծում է ռուս փորձագետը

Բաքվի աջակցությունն ուդիների մշակույթին կովկասյան տարածաշրջանում բարդ ռազմավարության բաղկացուցիչ մաս է

Ադրբեջանի պատմական բանավեճերը վերջին շրջանում զգալի ազգային շեշտադրում են ստացել՝ առնչվելով ուդիներին: Այդպես, բավականին հաճախ Կովկասին վերաբերող գիտաժողովներում կարելի է տեսնել ադրբեջանցի պատմաբան, Բաքվի պետական համալսարանի ավագ գիտաշխատող Ռոբերտ Մոբիլին, որն ազգությամբ ուդի է, Ադրբեջանի աղվանա-ուդական քրիստոնյա համայնքի նախագահն է:

PanARMENIAN.Net - Ինչպես գրում է ռուս փորձագետ Վասիլի Ստադնիցկին, Մոբիլի ամեն մի փորձագիտական զեկույց կառուցված է հետևյալ պայմանական թեզերի վրա: Առաջինը՝ ուդիները Կովկասյան Աղվանքի պետական ու մշակութային ժառանգության ժամանակակից կրողներն են: Երկրորդը՝ 1836 թվականին, երբ Նիկոլայ Առաջինը վերացրեց Աղվանական կաթողիկոսությունը և միացրեց այն Հայ Առաքելական եկեղեցուն, ուդիների պատմամշակութային զարգացումն ընդհատվեց: Ուդիների ենթակայությունն Էջմիածնին, որը տևեց 1836 թվականից մինչև ԽՍՀՄ փլուզումը, ըստ Մոբիլի, նպաստեց ուդիների ոչնչացմանը հայերի ու Ռուսաստանի կողմից: Երրորդը՝ երբ Ադրբեջանը 1991 թվականին վերականգնեց անկախությունը, սկսվեց ուդիների պատմական ու մշակութային վերածնունդն ու Կովկասյան Աղվանքի մշակույթի վերածնունդը:

Ըստ պատմագիտության, ուդիները Կովկասյան Աղվանքի բնակիչների հետնորդներն են: Այդ պետությունը պատմական թատերաբեմից իջել է վաղ միջնադարում և ժամանակին կրել է Հայաստանի քաղաքական, տնտեսական ու մանավանդ' հոգևոր լուրջ ազդեցությունը: Ադրբեջանցի պատմաբանները պնդում են, որ իրենք հենց աղվանների հետնորդներն են, ինչը, սակայն, լուրջ չի ընդունվում: 313 թվականին, երբ Գրիգոր Լուսավորիչը մկրտեց աղվանաց թագավոր Ուրնայրին, ուդիները ևս քրիստոնյա դարձան: Նրանց գիրը ևս ստեղծվել է Մաշտոցի այբուբենի հիման վրա: Արաբների, թուրքերի, մոնղոլների, պարսիկների ասպատակությունները նպաստեցին, որ ուդիները մերձենան հայերին: Պատահական չէ, որ հետագայում նրանցից շատերը միահյուսվեցին հայկական տոհմերի հետ, իսկ ժամանակակից ուդիները հիմնականում հայկական ազգանուններ են կրում: Մոբիլը համարում է, որ ուդիների ծագման ընդունված տեսությունը պատմական կեղծիք է, որը տարածվում է տասնամյակներ շարունակ: Ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցներից մեկում Մոբիլն ասել է, որ հայերն ուզում էին ոչնչացնել այն ամենն, ինչ հիշեցնում էր ուդիների ոչ հայկական ծագման մասին: Ըստ Մոբիլի, դրանով է բացատրվում այն, որ ուդիների մեծ մասը հայկական ազգանուններ է կրում, իսկ եկեղեցին գտնվում է ՀԱԵ ազդեցության շրջանակում: Մի խոսքով, ըստ Մոբիլի, ուդիները դարեր շարունակ ուծացվել են, ենթարկվել են մշակութային ցեղասպանության:

Մոբիլի հրապարակային ելույթներն ագրեսիվ հակահայկական բնույթ են կրում՝ «հարյուրավոր աղվանական վանքեր կամ քանդվեցին, կամ յուրացվեցին հայերի կողմից», «հայերն ուզում էին ոչնչացնել այն ամենն, ինչ կապ ուներ ուդիների հետ» և այլն: Էջմիածինն, ըստ Մոբիլի, ուդիների համար միայն մեկ բան է արել՝ «1836 թվականին վերջին մեխն է խրել ուդիների հոգևոր մշակույթի դագաղը»:

Այստեղ սքողված խայթոց կա նաև Ռուսաստանի հասցեին, քանի որ «վերջին մեխը խփվել է» Նիկոլայ Առաջինի հրամանով: Ադրբեջանաբնակ գիտնականի կարծիքով ստացվում է, որ Ռուսաստանն ուդիների մշակութային ցեղասպանության եթե ոչ անմիջական, ապա գլխավոր մասնակիցներից մեկն է:

Այստեղ մոտենում ենք հոդվածի գլխավոր թեմային՝ «ուդիների գործոնին» Ադրբեջանում ու Հարավային Դաղստանում: Հարավային Դաղստանի բնակիչների մեծ մասը լեզգիներ ու լեզգիալեզու ժողովրդներ են՝ ռութուլներ, ծախուրներ: Ուդիներն իրենք էլ լեզգիալեզու են: Ըստ որոշ դիտորդների, Բաքվի աջակցությունն ուդիների մշակույթին կովկասյան տարածաշրջանում բարդ ռազմավարության բաղկացուցիչ մասն է: Լեզգիների աշխարհն այդ ռազմավարության կարևոր ուղղություններից է: Բաքուն փորձում է ազդել ինչպես «իր»՝ ադրբեջանական լեզգիների, այնպես էլ դաղստանցի լեզգիների վրա: Հաջողության դեպքում Բաքուն կհանդարտեցնի ադրբեջանցի լեզգիներին, իր կողմը կգրավի Դաղստանի լեզգիներին և ռազմավարական վերահսկողություն կստանա Դաղստանի հարավում: Առաջխաղացումն այդ ճանապարհով Արևմուտքի համար Բաքվի աշխարհաքաղաքական հաջողության գրավականը կլինի: Եթե հավելենք անդրմայրցամաքային ածխաջրածնային նախագծերը, ինչպես նաև հարավային Դաղստանի չհետազոտված բնական պաշարները, ապա Ալիևների ընտանիքը դեռ երկար կպահպանի իր արժեքն Արևմուտքի համար:

Բաքվի ռազմավարության մեջ ևս մեկ ուղղության կա: Ինչպես կարծում են փորձագետները, Բաքուն օգտագործում է ուդիներին ադրբեջանական մշակույթը որպես հին մշակույթ ներկայացնելու համար և ճանապարհ է հարթում Ադրբեջանի համար դեպի Արևմուտք: Արևմուտքում Ադրբեջանի Հանրապետությունը հաճախ անվանում էին «ուծացման բացարձակ չեմպիոն»: Բաքվի աջակցությունը անհետացող քրիստոնյա ժողովրդի մշակույթին կոչված է ցույց տալու աշխարհին, որ իրականում այդպես չէ: Բաքուն նաև ձգտում է ներկայացնել Ադրբեջանն որպես բազմազգ երկիր, որտեղ մահմեդական ադրբեջանցիները սատարում են քրիստոնյա ուդիներին: Հավանաբար, Բաքվում կարծում են, որ բազմամշակութային լինելու այս ցուցադրությունն առավելություն կտա Ադրբեջանին Հայաստանի ու Ղարաբաղի համեմատ, որտեղ իսլամն, անշուշտ, չի հետապնդվում, սակայն աջակցություն էլ չի ստանում: Ուդիների լեզգիալեզու լինելը լավ հաղթաթուղթ է ադրբեջանցի լեզգիների, ավարների ու թալիշների մեղադրանքների դեմ:

Բաքվի ուդիների հետ կապված ռազմավարությունը սերտ կապ ունի ղարաբաղյան հարցի հետ: Մոբիլի պատմական հետազոտությունները թեզերի հիմնական մասով նույնանում են այն ադրբեջանցի պատմաբանների հետ, որոնք Ղարաբաղը համարում են «հայերի կողմից նվաճված տարածք»: Մոբիլի ելույթներում հաճախ է հնչում թեզը «հայերի կողմից օկուպացված» Աղվանքի տարածքների մասին, մասնավորապես, Գանձասարի վանքի մասին: Ելույթ ունենալով Բաքվում փակ մի միջոցառման ժամանակ՝ պատմաբանը ցանկություն է հայտնել, որ մի օր բոլոր զեկուցողները հանդիպեն Գանձասարում՝ «Աղվանքի եկեղեցու օրրանում, որն այժմ հայերի օկուպացիայի տակ է»: (Այնինչ, Գանձասարի վանքը հայ քրիստոնեական սրբություններից է և գտնվում է չճանաչված Արցախի Հանրապետության տարածքում):

Ադրբեջանի պաշտոնական պատմագիտության մեջ Գանձասարի հայկական վանքը համարվում է աղվանական, որն իբր հայերն ապօրինաբար յուրացրել են Աղվանքի կաթողիկոսության լուծարումից հետո: Ադրբեջանի ակադեմիական ավանդույթը, որը սկիզբ է առնում տխրահռչակ Զիա Բունիաթովից, Գանձասարը որակում է որպես Աղվանքի կաթողիկոսների նստավայր ու Կովկասյան Աղվանքի հոգևոր և քաղաքական կենտրոն, որը գոյատևել է VI-XIX-րդ դարերում:

Նրբանկատությունից ելնելով, չանդրադառնանք այն հարցին, թե ինչու հանկարծ V դարում գոյություն ունեցող Կովկասյան Աղվանքը հասավ մինչև XIX դար: Չխորանանք նաև, թե ինչպես հայ մելիք Հասան Ջալալը «վերածվեց» աղվանական տիրակալի: Այս պատմական տեսանկյունից կարևոր է ոչ թե գիտական, այլ քաղաքական գործոնը: Իսկ այն շատ պարզ է. Ղարաբաղը «բուն հայկական տարածք չէ, ուստի պետք է վերադարձվի Ադրբեջանին», որն էլ պարզվում է Կովկասյան Աղվանքի հետնորդն է: Որպես այս թեզի ապացույց Մոբիլը հավելում է, թե անտիկ դարաշրջանի պատմաբան Ստրաբոնը Բաքուն անվանել է Աղվանապոլիս: Ինչպես կարծում են Բաքվում, «աղվանականի» իրավունքով Ադրբեջանին է պատկանում նաև նախկին Ուրնայրի թագավորության հյուսիսը՝ ներկայիս հարավային Դաղստանի տարածքը: Իսկ որ Դերբենտն «ադրբեջանական քաղաք է», այսպես թե այնպես իրենց հրապարակային ելույթներում ասում են Ադրբեջանում շատերը՝ Ռոբերտ Մոբիլից սկսած, և բարձրագույն ղեկավարությամբ վերջացրած:

Եվ կրկին պատմական փաստերը զոհաբերվում են քաղաքական շահին: Ցանկացած պատմաբան ուսանող կասի, որ 1813 թվականին Գյուլիստանում Ադրբեջանի ներկայացուցիչներ չեն եղել, ուստի վերջինիս հռետորական հավակնությունները Դերբենտին անհիմն են:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---