Բելգրադի մարզադաշտում ծեծկռտուքի վերաբերյալ. Ինչպես է ֆուտբոլը պատերազմ հրահրել և դադարեցրել այն

Բելգրադի մարզադաշտում ծեծկռտուքի վերաբերյալ. Ինչպես է ֆուտբոլը պատերազմ հրահրել և դադարեցրել այն

Ամենամասսայական մարզաձևը ոչ միայն հաճույք է պատճառում միլիոնավոր մարդկանց, այլև իրար դեմ հանում կամ հաշտեցնում ժողովուրդներին ու պետություններին

Հոկտեմբերի 14-ին Բելգրադում Ալբանիայի և Սերբիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը քաղաքականության, խաղադաշտում մարզիկների, իսկ տրիբունաներում՝ ֆանատների բախումների պատճառով հայտնվեց ուշադրության կենտրոնում: Նշենք, որ Սերբիան Հայաստանի մրցակիցներից է Եվրո-2016 ընտրական փուլում: PanARMENIAN.Net-ը հիշել է ֆուտբոլի պատմությունից մի քանի աղմկահարույց դեպք, երբ այդ սպորտաձևն իրար դեմ է հանել, հաշտեցրել, կամ էլ քաղաքական ու ազգամիջյան խնդիրների զոհ դարձել:

PanARMENIAN.Net - Բալկանների անավարտ «պատերազմները»

Ֆուտբոլային կրքերի աստիճանը նախկին Հարավսլավիայի երկրներում ավանդաբար բարձր է, իսկ երբ բալկանյան երկրպագուների տաքարյուն խառնվածքը համադրվում է տարածաշրջանում խորն ազգամիջյան ու կրոնական առճակատումների հետ, բախումները, կարելի է ասել, անխուսափելի են դառնում:

Ազգայնականության աճը Հարավսլավիայում ուղեկցվում էր ազգամիջյան, այդ թվում նաև սերբ-խորվաթական հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ, որոնք առանց այդ էլ անամպ չէին: Արդեն խաղից առաջ Զագրեբի փողոցներում սերբ ու խորվաթ երկրպագուների միջև բախումներ եղան: Անկարգությունները շարունակվեցին նաև մարզադաշտում, երբ հազարավոր ֆանատներ սկսեցին միմյանց վրա ֆայերներ ու աթոռներ նետել: Ծեծկռտուքին միացան նույնիսկ խորվաթ ֆուտբոլիստներից ոմանք (սերբերը, հակառակը, գնացին հանդերձարան): Ֆանատների ու ոստիկանների միջև ծեծկռտուքի հետևանքով մոտ 100 մարդ տուժեց, բախումները հնարավոր եղավ դադարեցնել միայն հրազենի ու ջրանետների միջոցով:

Խաղից հետո սերբ-խորվաթական դիմակայությունը գագաթնակետին հասավ. ընդամենը երկու շաբաթ անց Խորվաթիայի իշխանությունները սերբերի իրավունքները սահմանափակող մի շարք օրենքներ ընդունեցին, նույն տարվա ամռանը Զագրեբն անկախություն հռչակեց, իսկ մեկ տարի անց պատերազմ սկսվեց, որը վերջ դրեց Հարավսլավիայի գոյությանը:

Փոխադարձ վիրավորանքները Բալկաններում մոռացված չեն մինչ օրս, և դա հաճախ ի հայտ է գալիս ֆուտբոլում: 1999-ին Հարավսլավիա-Խորվաթիա խաղի ընթացքում ծեծկռտուք սկսվեց, 2012-ին սերբ ծայրահեղականները «Կոսովոն՝ Սերբիա է» կարգախոսներով Իտալիայի հետ խաղից հետո ջախջախեցին Գենուայի ստադիոնն ու արվարձանները, լարված անցան Սերբիայի ու Խորվաթիայի հավաքականների հանդիպումները Մունդիալ-2014-ի որակավորման փուլում: Բելգրադում խաղի ձախողումը հերթական, բայց, հավանաբար, վերջին նման միջադեպը չէ:

Դիդիե Դրոգբան կասեցնում է քաղաքացիական պատերազմը

2002-ին աֆրիկյան Կոտ դ՚Իվուարում հերթական քաղաքացիական պատերազմը սկսվեց, իսկ 2006-ին երկրի թիմը մասնակցեց Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր աստղը՝ «Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան դիմեց հակամարտող կողմերին՝ խնդրելով գոնե առաջնության օրերին դադարեցնել պատերազմը, քանի որ հավաքականը չի կարող խաղալ՝ իմանալով, որ տանն արյուն է հեղվում: Ֆուտբոլիստի կոչը տեղ հասավ, իսկ մեկ տարի անց քաղաքական գործիչները վերջապես պայմանավորվեցին խաղաղության մասին: Դրոգբան շարունակեց կողմերին հաշտեցնելու ջանքերը՝ բարեգործական նպատակներով միլիոններ նվիրաբերելով, ընկերական ֆուտբոլային խաղեր անցկացնելով երկրում ու Աֆրիկայի գավաթի եզրափակիչը կազմակերպելով ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում: 2007-ին ֆուտբոլիստը հայտնվեց Time-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

«Ֆուտբոլային պատերազմ» և 2000 զոհ

Սալվադորի և Գոնդուրասի միջև քառօրյա զինված բախումն ընդունված է «ֆուտբոլային պատերազմ» անվանել, քանի որ խաղի ժամանակ բախումներըվերջին կաթիլը դարձան: Հակամարտության պատճառները երկու պետության աղքատությունն էր, սալվադորցի միգրանտների մեծ քանակը, որոնք Գոնդուրասում գյուղատնտեսական նշանակության հողեր էին զբաղեցրել: 1969-ին թիմերը պետք է խաղային ԱԱ մասնակցության համար: Եթե յուրաքաչյուրը մեկական հաղթանակ տաներ, երրորդ խաղ էր նշանակվում: Առաջինում հաղթեց Գոնդուրասը, մյուս երկուխաղում՝ Սալվադորը: Գոնդուրասով մեկ ջարդերի ալիք անցավ, տասնյակ հազարավոր սալվադորցիներ վտարվեցին երկրից: Երկու երկրի միջև տանկերի ու ինքնաթիռների մասնակցությամբ 4-օրյա պատերազմ սկսվեց, որի արդյունքում առնվազն 2 հազար մարդ զոհվեց:

Էլ Կլասիկոն որպես իսպանացիների դեմ կատալոնացիների պայքարի հայելի

Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հանդիպումները ոչ միայն համաշխարհային ֆուտբոլի կարևորագույն ու ամենադիտարժան իրադարձություներից մեկն են, այլև Իսպանիայի ու Կատալոնիայի 300-ամյա դիմակայության արտացոլումը: Երկու ակումբի հանդիպումներն Իսպանիայում Ֆրանկոյի բռնապետության օրոք առանձնահատուկ նշանակություն ստացան: Անկախության համար պայքարող կատալոնացիների հետապնդումներն իշխանությունների կողմից և այն, որ Մադրիդի «Ռեալը» բռնապետի նախընտրած ակումբն էր, հատուկ երանգ հաղորդեց դիմակայությանը: «Բարսելոնան» Կատալոնիայում ուղղակի ֆուտբոլային թիմ չէ՝ ազգային խորհրդանիշ է, երկրպագության առարկա: Ակումբն ամեն կերպ սատարում է անկախացման գաղափարին՝ հրապարակավ աջակցելով արգելված հանրաքվեին և հանդես գալով կատալոնացիների ազգային դրոշի գույները վերարտադրող մարզահագուստով: Մադրիդի ու Բարսելոնայի դիմակայությունը ֆուտբոլի պատմության մեջ ամենասկզբունքայիններից է:

Ինչպես ԽՍՀՄ հավաքականը հրաժարվեց խաղալ բանտի վերածված մարզադաշտում

1973-ին ԽՍՀՄ և Չիլիի հավաքականները պայքարում էին 1974-ի ԱԱ ուղեգրի համար: Առաջին խաղը Մոսկվայում ավարտվեց ոչ ոքի, իսկ ահա երկրորդին ԽՍՀՄ հավաքականը չմեկնեց: Պատճառը Չիլիում զինվորական հեղաշրջումն էր, որի արդյունքում իշխանության եկավ գեներալ Աուգուստո Պինոչետը, իսկ Մոսկվայի աջակցությունը վայելող կոմունիստ Սալվադոր Ալիենդեն նախագահականի գրոհի ժամանակ սպանվեց: Մոսկվան առաջարկեց խաղն անցկացնել չեզոք դաշտում՝ պատճառաբանելով, որ «Խուլիո Մարտինես Պրադանոս» մարզադաշտը նոր ռեժիմի ավելի քան 40 հազար հակառակորդի համար որպես բանտ է օգտագործվում: ՖԻՖԱ ներկայացված դիմումը մերժվեց, ԽՍՀՄ հավաքականին տեխնիկական պարտություն տվեցին, արդյունքում հավաքականը չմասնակցեց ԳԴՀ-ում աշխարհի առաջնությանը:

Ինչպես Երևանը փորձեց ֆուտբոլի պատրվակովհաշտվել Թուրքիայի հետ

Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականները հայտնվեցին 2010-ի ԱԱ նույն ընտրական խմբում: 2008-ինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որպես պատրվակ օգտագործելով հավաքականների հանդիպումը, Երևան հրավիրեց իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին ու առաջարկեց կարգավորել երկու երկրների հարաբերությունները: Սեպտեմբերի 6-ին Գյուլը ժամանեց Երևան, 2009-ի հոկտեմբերին Սարգսյանը պատասխան այցով եղավ Բուրսայում: «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացն ավարտվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ: Սակայն Անկարան արգելակեց հարաբերությունների հաստատումը, ձգձգելով վավերացումը, ինչն էլ պատճառ դարձավ, որ Երևանը կասեցնի գործընթացը:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---