ԵԱՀԿ ՄԽ բոլոր հայտարարություններն անհասցե ցանկությունների եւ դատարկաբանությունների հավաքածու են

Անհասկանալի է, թե ինչու է «քաջարի յոթմիլիոնանոց» Ադրբեջանն այդքան վախենում «աղքատ ճնշված» Հայաստանից...

ԵԱՀԿ Մինսկի խումբն երկու օրում հանդես եկավ երկու, գրեթե նույնատիպ հայտարարություններով: Հայտարարությունները գրեթե միատեսակ են եւ, խոստովանեմ, առաջինն, ինչ մտքիդ է գալիս, թե ինչի համար է դա արվում: Մեծ հաշվով, ցանկացած նման հայտարարություն ընդունված գործելակերպ է կարգավորման նման ձեւաչափում: Ժամանակ առ ժամանակ հարկավոր է ցուցադրել սեփական անփոխարինելիությունն ու աշխատանքի պատրանք ստեղծել: Իսկ այն, որ միջնորդների գործունեությունը վաղուց ի վեր ձեւական բնույթ է կրում, միայն ծույլը չի տեսնի: Սակայն աչքի է ընկնում ԵԱՀԿ ՄԽ ելույթների հաճախականությունը` փաստորեն սա մեկ ամսվա ընթացքում` փետրվարի 19-ից ի վեր արդեն երրորդ հայտարարությունն է:

PanARMENIAN.Net - Բնականաբար, բոլոր հայտարարություններն անհասցե ցանկությունների եւ դատարկաբանությունների հավաքածու են: Բաքուն ձախողել է եւ կշարունակի ձախողել դիտարկումները, կշարունակի իր հակահայկական քարոզչությունը, եւ համանախագահները նրա համար խոչընդոտ չեն: Առավել եւս, որ նախօրեին Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե «համաշխարհային ճգնաժամը շրջանցեց Ադրբեջանը»: Եթե այդպես գնա, շուտով մենք կլսենք, որ Ադրբեջանն ընդհանրապես մեկ այլ մոլորակում է գտնվում..Աստված նրանց հետ: Սակայն ահա թե ինչն է հետաքրքիր` Բաքվում մշտապես բոլոր մակարդակներով խոսում են աղքատ Հայաստանի, բարոյալքված հայկական բանակի մասին: Եվ բոլոր հայտարարություններում վախից բացի ոչինչ չի լսվում: Տխրահռչակ Մուբարիզ Ահմեդօղլուն հասավ նրան, որ ասաց, թե հայ քաղաքական գործիչներն իրենց օրը սկսում են Day.az-ի ընթերցումից: Դե, եթե նրան այդպես է դուր գալիս, թող այդպես էլ մտածի: Բնականաբար, մենք ընթերցում ենք ադրբեջանական մամուլը, սակայն բացառապես հասկանալու համար, թե ինչ տկարամտության նա կարող է հասնել հայերի հանդեպ իր վայրագ ատելության մեջ: Կարեւորն անհասկանալի է, թե ինչու է «քաջարի յոթմիլիոնանոց» Ադրբեջանն այդքան վախենում «աղքատ ճնշված» Հայաստանից...

Եվ ահա այս ֆոնի վրա ԵԱՀԿ ՄԽ-ն այսպիսի հայտարարություններ է անում. «Համանախագահներն ափսոսանքով են նշում, որ, 2008 թվականին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ավելի քան 30 մարդ է զոհվել եւ 50-ից ավելին վիրավորել են: Եվս վեցը զոհվել են 2009 թվականին: Համանախագահները կոչ են անում կողմերին կրկին դիտարկել նրանց առաջարկները հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ, որ ընդունվել են ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 2008 թվականի դեկտեմբերին Հելսինկիում կայացած նիստում:

Բոլոր այս հայտարարությունները ներկայացվում են հանրությանը որպես «նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքներ»: Այն, որ նախագահները կհանդիպեն, պարզ էր եւ առանց միջնորդների հայտարարության, ընդ որում հանդիպումը տեղի կունենա ապրիլին կամ մայիսին` այսինքն Սոֆիայում կայանալիք էներգետիկ գագաթնաժողովի կամ Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերության« վերաբերյալ հանդիպման շրջանակներում: Դրա համար հարկավոր չէ գուշակ լինել, առավել եւս` միջնորդ: Սակայն այն, որ ղարաբաղյան հակամարտությունը գնալով ետին պլան է մղվում, կասկածից վեր է: «Եթե մի քանի ամիս առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր էր ձեռնարկում բանակցային գործընթացն արագացնելու ուղղությամբ, ապա այժմ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հաճախակի դարձած այցելությունները տարածաշրջան արդարացում են ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի «անփոխարինելիությունն» ապացուցելու համար, որին ԱՄՆ նոր վարչակազմը կարող է փոխարինել: Սակայն պետք չէ ձեւացնել, թե առանց Բրայզայի հակամարտությունը չի կարգավորվի: Ակնհայտ է, որ մոտ ապագայում հակամարտությունը չի կարգավորվի, եւ բոլորը դա գիտեն»,-ասել է նա:

Ցավոք, նշել է փորձագետը, միջնորդներն ընդունեցին հակամարտող կողմերի խաղի կանոնները բանակցային գործընթացի լիակատար իմիտացիայի ֆոնի վրա: «Համաշխարհային հանրության համար առավել նպատակահարմար կլիներ ԵԱՀԿ ՄԽ գործունեության համար հատկացվող միջոցներն ուղղել երկրի ժողովրդավարացմանը, այլ ոչ թե անտեղի այցերին»,-նշել է Մեհրաբյանը:

Սակայն միջնորդները շտապում են, կամ ձեւացնում են, թե շտապում են, քանի որ փոխարինումները եռյակում միանգամայն հավանական են: Եվ դա վերաբերվում է ոչ միայն Մեթյու Բրայզային: Ի դեպ, կապրենք կտեսնենք: Առավել եւս, որ իրենք համանախագահներն ինչպես միշտ լավատեսորեն են տրամադրված:

«Մենք ողջունում ենք այս հարցերի անկեղծ եւ բաց քննարկումը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի Ցյուրիխում կայացած հանդիպումից հետո: Մենք հուսով ենք, որ բանակցությունները կշարունակվեն եւ առաջընթաց կգրանցվի կողմերի միջեւ տարաձայնությունների նվազեցման ու ճշգրտման առումով, ինչն անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում հակամարտության կարգավորմանը հասնելու համար»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

Եվ համանախագահներն, անշուշտ, դատապարտեցին դիտարկման ձախողումը: Մի բան է վատ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այդպես էլ վճռականություն չունեցավ ասելու, թե ով է ԵԱՀԿ առաքելության փետրվարի 26-ի դիտարկման ձախողման իսկական մեղավորը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---