Ալիևի և Սահակաշվիլու հերթական «դարի նախագիծը»

Քանի դեռ AGRI նախագծին չի հովանավորում ԱՄՆ-ն, ոչինչ չի ստացվի

Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները, շարունակելով իրենց նախորդների՝ Հեյդար Ալիևի ու Էդուարդ Շևարնաձեի ավանդույթները, կրկին «դարի նախագիծ» են ձեռնարկել, այս անգամ գազի ոլորտում: Բաքվում կայացած նախագահների հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ռումինիայի ղեկավար Տրայան Բասեսկուն, համաձայնագիր է ստորագրվել նոր էներգետիկ՝ Аzerbaijan-Georgia-Romania Interconnector (AGRI) նախագծի վերաբերյալ, որով ադրբեջանական գազը կտեղափոխվի Եվրոպա:

PanARMENIAN.Net - Նախագիծն, անշուշտ, քաղաքական է, քանի որ տնտեսական բաղադրիչը խնդրահարույց է: Ըստ Stratfor-ի, տեխնոլոգիաների ու լոգիստիկայի տեսակետից այդ նախագիծը չափազանց հավակնոտ է, իսկ ավելի ճիշտ՝ ուղղակի անիրատեսական: «Ըստ գնահատականների, նախագծի արժեքը կարող է կազմել է 2-5 մլրդ դոլար, ինչն այդ երկրների համար չափազանց մեծ գումար է: Եվս մեկ ասպեկտ՝ տեղակայման վայրը: Գազամուղը, որով ադրբեջանական գազն առաքվելու է Վրաստան, անցնելու է Աբխազիայի տարածքի հարևանությամբ, որը փաստացի գտնվում է ՌԴ վերահսկողության տակ: Հանրապետությունում տեղակայված են ռուսական զորքեր և Ռուսաստանը, եթե ցանկանա, միանգամայն կարող է վնաս հասցնել օբյեկտներին»,-գտնում են հիմնադրամի փորձագետները:

Սակայն, հարցն, ինչպես միշտ Կովկասում, զուտ քաղաքական է: Վրաստանն ու Ռումինիան խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, Ադրբեջանը՝ Հայաստանի հետ, ուստի գազամուղը, եթե այն իրոք կյանքի կոչվի, անհարմար վիճակի մեջ կդնի առաջին հերթին Հայաստանին, հետո՝ Ռուսաստանին: Իսկ եթե հավելենք Ադրբեջանի «դժգոհությունը» Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի վերաբերյալ, ապա հասկանալի է դառնում, թե որն է AGRI-ի նպատակը: Ճիշտ է, նախագծին դեմ է հանդես գալիս Թուրքիան, որը ցանկանում է ինքն օգտագործել ադրբեջանական գազը իր նախագծերում: Ըստ էության, Բաքուն, Թբիլիսին, և վերջերս նաև Բուխարեստը, փորձում են ցույց տալ իրենց «ինքնուրույնությունը», հատկապես էներգետիկ ոլորտում: Սակայն ամեն ինչ այնքան էլ դյուրրին չէ՝ քանի դեռ AGRI նախագծին չի հովանավորում ԱՄՆ-ն, ոչինչ չի ստացվի: Իսկ Ամերիկան հիմա այն վիճակում չէ, որ միջոցներ մսխի անշահավետ նախագծերի վրա: Անշահավետ, իհարկե, Վաշինգտոնի տեսակետից: Չկա այդ նախագծում նաև Ռուսաստանը, որը վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է բանակցությունները Սամսուն-Ջեյհան խողովակաշարի շուրջ: Ըստ Մոսկվայի, Բուրգաս-Ալեքսանդրոպոլ խողովակաշարն ավելի գրավիչ է, քան Սամսուն-Ջեյհանը, թեկուզ այն պատճառով, որ այնետղ արդեն բավական բան արվել է և շինարարությունը կարող է սկսվել այս տարի: Սակայն, այս ամենը, կրկնվեմ, ուղղված է Հայաստանի, Ռուսաստանի և որոշ չափով նաև Իրանի դեմ: Ադրբեջանը, Վրաստանն ու Ռումինիան չգիտես ինչու մոռանում են, որ հարմար տարանցիկ ճանապարհներն ու էներգառեսուրսները չեն կարող երկիրը դասել գերտերությունների շարքին: Դրա համար բոլորովին այլ բան է պետք: Սակայն Սահակաշվիլին ու Ալիևը, տարված սեփական գերակայության մոլուցքով, և ջանալով «անկախ» լինել, չեն նկատում կամ չեմ ցանկանում հասկանալ, որ գերտերությունները շահեր ունեն նույն Կասպից տարածաշրջանում: Եվ դա է պատճառներից մեկը, որով նախագիծը չի կարող իրականացվել: Միևնույն ժամանակ Վրաստանը հաջողությամբ կատարում է Հայաստանի մեկուսացմանն ուղղված իր աշխատանքի մի մասը՝ փորձելով շահել Բաքվի սիրտը և կյանքի կոչել ևս մեկ աբստրակտ մի նախագիծ՝ վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծումը: Վերջինը, ինչին գնաց Վրաստանը, դա Վերին Լարս սահմանային անցակետի փակումն էր: Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Թբիլիսին, այդպիսով, բողոքում է նրա դեմ, որ Հայաստանը ՄԱԿ-ում քվերակեց վրացական բանաձևի դեմ: Եվ երկրորդ պատճառը՝ Վերին Լարսը Վրաստանը փակեց Թուրքիայի խնդրանքով, որը ցանկանում է դուրս մղել հայկական խաղողը ռուսական շուկայից: Վրաստանի վարքագիծը հստակ տեղավորվում է այն շրջանակների մեջ, որոնք սահմանել է վրացական ԱԳՆ-ն՝ Հայաստանը միշտ դեմ է քվեարկում Վրաստանին միջազգային ատյաններում, մենք էլ համարժեք պատասխան կտանք: Ըստ Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի, Հայաստանն ինքն է մեղավոր մեկուսացման և իր հանդեպ «վատ» վերաբերմունքի համար: Ահա այսպիսի քրիստոնյա հարևաններ մենք ունենք, էլ ինչ ասենք թուրք մահմեդականների մասին, որոնք արդեն ոչ թե մեկ ժողովուրդ՝ երկու պետություն են, այլ մեկ ժողովուրդ՝ վեց պետություն…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---