Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը ստեղծված է, բայց հակամարտության կարգավորումը դեռ շատ հեռու է

Ինչպիսի որոշումներ էլ որ կայացնի ենթահանձնաժողովը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դրանից չի փոխվի և կշարունակվի բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

Դեռ անցյալ տարի, երբ ԵԽԽՎ ղեկավար դարձավ թուրք պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն, պարզ էր, որ նա Հայաստանի և հայկական պատվիրակության նկատմամբ վարելու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից բխող քաղաքականություն: Պետք չէ առանձնապես խելացի լինել այդ ամենը հասկանալու համար:

PanARMENIAN.Net - Չավուշօղլուի ողջ գործունեությունն ուղորդվել է ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի կենդանացմանը: Եվ պետք է ասել, որ այն, հուրախություն Ադրբեջանի և Թուրքիայի, պսակվել է հաջողությամբ: Իսկ թե ինչով է զբաղվելու այդ ենթահանձնաժողովը, դեռ պարզ չէ: Ինչպես ԵԽԽՎ ղեկավարը, այնպես էլ պատգամավորները հիանալի գիտեն, որ այդ կազմակերպության կողմից ընդունած ոչ մի բանաձև պարտադիր չէ կատարման համար: Կարելի է ասել, որ ԵԽԽՎ-ն ավելի քիչ կշիռ ունի, քան ՄԱԿ-ը, բայց նույն կարգավիճակն ունի. բոլոր բանաձևերը կրում են երաշխավորական բնույթ: Տվյալ պարագայում ինչպիսի որոշումներ էլ որ կայացնի ենթահանձնաժողովը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դրանից չի փոխվի և կշարունակվի բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Ադրբեջանի և Թուրքիայի` կարգավորումը ԵԱՀԿ շրջանակներից դուրս բերելու և գործընթացը սեփական հսկողության տակ վերցնելու ցանկությունը, իհարկե, հասկանալի է, բայց անիրագործելի: Երկու երկրների իշխանություններն ակհայտ կերպով տեղյակ չեն ոչ միջազգային իրավունքին, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ կանոնակարգին, որում հստակ ասվում է, որ շահագրգիռ երկիրը չի կարող միջնորդ լինել: Բաքուն և Անկարան, հավանաբար, կարծում են, որ տարիների հետ ԵԱՀԿ ՄԽ կանոնակարգը և լիազորությունները մոռացվել են, և կարելի է նոր խաղ սկսել: Բոլոր այս ենթադրություններում երկու երկրները, չգիտես ինչու, «մոռանում են» Հայաստանն ու Արցախը: Դե դա նրանց գործն է:

Ենթահանձնաժողովի գործունեության վտանգն այլ բանում է: Որպես քարոզչության գործիք` այն բավական գործող է, և ոչ մի երաշխիք չկա, որ համապատասխան վերապատրաստումից հետո ԵԽԽՎ գրեթե բոլոր պատգամավորները չեն կիսի ադրբեջանցիների տեսակետը: Բնականաբար, հայկական պատվիրակությունը բոյկոտելու է ենթահանձնաժողովի աշխատանքը, սակայն որքանո՞վ է դա արդարացված: Բոյկոտի փաստի մեջ կարելի է տեսնել եթե ոչ համաձայնություն, ապա հաշտեցում ԵԽԽՎ կառուցվածքի հաստատված կարգավիճակի հետ: Իսկ դա կարող է իր հերթին հանգեցնել նրան, որ ԵԽ պատգամավորներն իսկապես կարող են հավատալ, որ Ադրբեջանը զարգացող ժողովրդավարական երկիր է և այն ամենն, ինչ նա ցանկանում է, ետ վերցնել իրենց պատկանող տարածքները: ԵԽԽՎ-ում այդ մասին գրեթե չգիտեն, ինչպես և չգիտեն ղարաբաղյան հակամարտության ողջ պատմությունը: Չգիտեն, որովհետև անհետաքրքիր է և տնտեսապես ոչ շահավետ. Ղարաբաղում չկա ոչ նավթ, ոչ գազ: Իսկ Բաքուն ունի: Իրականությունն այդպիսին է. եթե Ղարաբաղում լինեին թեկուզ մի քիչ ածխաջրածիններ, նրա հետ բոլորովին այլ կերպ կխոսեին:

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հանձնաժողովը հերթական միջազգային կառույցն է, որը կոչված է ցուցադրել «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բուռն գործունեությունը»: Այդ մասին հայտարարել է Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերով, ինչպես ԵԽԽՎ ենթահանձնաժողովը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի վիճակի չեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը: «ԵԱՀԿ ՄԽ-ն չի կատարել իր գործառույթները և զբաղվում է բացառապես սեփական PR-ով: Հակամարտությունը լուծելու համար պետք է հասկանալ խնդրի էությունը, ուսումնասիրել հակամարտության պատմությունը, ինչը համանախագահների համար ուղղակի անհնար է»,- ասել է ռուս փորձագետը:

Նմանատիպ մեռելածին կառույցներ դեռ շատ կլինեն` Ադրբեջանն այլ միջոց չունի ղարաբաղյան հիմնախնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար: Ցավոք սրտի, Բաքուն այդպես էլ չհասկացավ, որ աշխարհին չի հետաքրքրում Ղարաբաղը և նույնիսկ նավթը: Առկա է Մերձավոր Արևելքի լիովին իսլամացման սպառնալիքը, իսկ դա գերտերությունների համար հղի է լուրջ անախորժություններով:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---