Հանգամանքների որոշակի դասավորության դեպքում Բաքուն կարող է զրկվել ոչ միայն Խրախ-Ուբա գյուղից, այլ նաև Հարավային Լեզգիստանից

Կրեմլը չի ցանկանում գժտվել Բաքվի հետ 2-3 գյուղի պատճառով, որոնք կարճաժամկետ աշխարհագրական-ռազմավարական առումով հատուկ դեր չեն խաղում

Ադրբեջանում գտնվող, բայց Ռուսաստանի կազմի մեջ մտնել պահանջող լեզգիական գյուղերի խնդիրները վերջին ժամանակներն ավելի հրատապ են դարձել, չնայած նրան, որ Ռուսաստանը դեռ չի պատրաստվում լեզգիներին ետ ընդունել: Փաստարկներն այս դեպքում շատ լուրջ են. Կրեմլը չի ցանկանում Բաքվի հետ վիճել 2-3 գյուղերի պատճառով, որոնք կարճաժամկետ աշխարհագրական-ռազմավարական առումով հատուկ դեր չեն խաղում: Բայց եթե խոսել երկարաժամկետ հեռանկարի մասին, ապա որքան քիչ հակառակորդներ ունենա Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում, այնքան ավելի լավ: Սակայն, ցավոք սրտի, Կրեմլում առայժմ այդպես չեն կարծում: Նույնիսկ չնայած նրան, որ Խրախ-Ուբա գյուղի բնակիչները չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացիներ: Իսկ նրանց ստիպում են դա անել. Ադրբեջանում համակված են Թուրքիայի օրինակով բազմազգ պետություն ստեղծելու մոլի գաղափարով: Ոչ, չի լինի երկրում այլ ազգություն, բացի ադրբեջանցիներից, այդ խոսքերը, ամենայն հավանականությամբ, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության կարգախոսներն են:

PanARMENIAN.Net - Ռուս պատմաբան Վլադիմիր Զախարովի կարծիքով, իրավիճակն այժմ շատ տխուր է և ողբալի: «Գյուղը կմնա Ադրբեջանի կազմում: Ռուսաստանում, ցավոք սրտի, չկան մարդիկ, ովքեր գիտեն իրավիճակը և կարող են օգնել լեզգիներին»,- ընդգծել է նա: Ադրբեջանի տարածքի Խրախ-Ուբա գյուղի բնակիչները Մախաչկալայում հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները որպես ՌԴ քաղաքացիների:

Լեզգիների ձայնն անլսելի է մնում, քանի դեռ…ալիևների կլանը չի կատարել հսկայական հիմարություն և պատերազմ չի սկսել Ղարաբաղի հետ կամ վերջնականապես հարաբերությունները չի փչացրել Իրանի հետ: Հնարավոր է նաև այլ տարբերակ. Մոսկվային ձեռնտու է լեզգիներին բաժանված պահելը, որպեսզի հանգամանքների հաջող դասավորության դեպքում միավորի Հյուսիսային և Հարավային Լեզգիստանը:

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բերել է պատմական տվյալներ: «Դատելով ունեցած տվյալներից` խորհրդային իշխանության տարիներին Դաղստանի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև իրականցվել է ոչ մեծ տարածքների փոխանակում գյուղատնտեսական նպատակներով ժամանակավոր օգտագործման համար: Դաղստանում աստիճանաբար ստեղծվել են մշտական հովվական բնակավայրեր, առաջացել են բնակելի տներ: Այդպես հայտնվել են Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա կետերը: ԽՍՀՄ կառավարության 1954թ. որոշման ժամկետը տարածքների փոխանակման մասին վերջնականապես սպառվել է 2004-ին: Այլ փաստաթղթեր, որոնցում հնարավոր է խոսվեր Ադրբեջանում Ռուսաստանին պատկանող տարածքների մասին ոչ կենտրոնական, ոչ հանրապետական արխիվներում չի նկատվել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Ռուսաստանի արտգործնախարարության քայլը լիովին հասկանալի է. Ռուսաստանին հիմա Կովկասում ավելորդ խլրտումներ պետք չեն, նրա համար դժվար է մնալ իր դիրքերում: Բայց, այնուամենայնիվ, իրավիճակը բավական պայթյունավտանգ է, և հնարավոր է, որ Ռուսաստանը և Ադրբեջանն ակամա ներքաշվեն տարածքային վեճերի մեջ: Իրավիճակն անբարենպաստ կլինի երկու կողմերի համար, իսկ գյուղերը կարող են ուղղակի ոչնչացվել, բնակիչները` տեղափոխվել խորքեր ադրբեջանական անձնագրերով և ազգությամբ: Ցավոք սրտի, դրան ոչ ոք չի կարող խանգարել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---