Հայաստանը մտադիր է բարձրացնել իր գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում

Բիզնեսի առողջացման նպատակով որոշում է ընդունվել ազատել մի շարք ապրանքային խմբեր ԱԱՀ վճարումից, մասնավորապես պարարտանյութերի, թունաքիմիկատների, գյուղտեխնիկայի համար:

Հայաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտը շատ կարևոր է, քանի որ անմիջական կապ ունի գյուղատնտեսության հետ, որն այս տարի հայտարարվել է գերակա ճյուղ, գտնում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: «Օրենսդրական դաշտն այդ ոլորտում բավականին լիբերալ է, ավելին, մենք պատրաստ ենք մի շարք ապրանքախմբեր, մասնավորապես, պարարտանյութերը, քիմիկատներն ու գյուղտեխնիկան, սահմանին ազատել ԱԱՀ-ի գանձումից՝ խթանելով տնտեսության զարգացումը»,-մայիսի 5-ին ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ավարտին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնել է ՊԵԿ նախագահը, առաջին հերթին քննարկվել է հարկային շղթայի ազդեցությունը ոլորտի վրա, ոլորտի զարգացման միտումները:

PanARMENIAN.Net - Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Խաչատրյանը նշել է նրա յուրահատկությունը, իրացման սեղմ ժամկետներն ու փաստաթղթաշրջանառության կազմակերպումը: Բացի այդ, ըստ նրա, վերամշակման արդյունաբերության ոլորտում ցածր է ուղիղ հարկերի հավաքման տոկոսը, որոնք կազմում են ընդամենը 1 տոկոս հարկային վճարների ընդհանուր ծավալում, իսկ պետբյուջեի ընդհանուր հարկային մուտքերում՝ 13 տոկոս՝ այլ ոլորտների 25 տոկոսի դիմաց:

2010թ. շրջանառությունը Հայաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտում աճել է 35 տոկոսով՝ 2009-ի համեմատ, կազմելով 65 մլրդ դրամ, սակայն հարկերի հավաքագրումը չի աճել կազմելով միջինը 5 մլրդ դրամ:

Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը գյուղատնտեսության զարգացման ամենակարևոր հիմքերից է, այդ թվում և վերամշակվող արդյունաբերության, կարծում է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Համոզված եմ, որ պետության ղեկավարի հետ հանդիպումը դրական արդյունք է տալու, և տարվա ընթացքում աճեցված արտադրանքը մթերվելու է և վերամշակվելու մեր ընկերությունների կողմից»,- մայիսի 5-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ ոլորտի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքների ամփոփման ժամանակ ասել է գյուղնախարարը: Նախարարը նաև հուսով է, որ մոտ ապագայում ավելանալու են վերամշակող ընկերությունների հնարավորությունները` հաշվի առնելով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, մասնավորապես գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը: Դրան նպաստելու է որոշումն այն մասին, որ արտադրող ընկերությունների և մթերող ընկերությունների միջև պետք է լինի համաձայնագիր, որը թույլ կտա համագործակցություն իրականացնել օրենսդրական մակարդակով:

Ինչ վերաբերվում է արտահանման կազմակերպման հետ կապված խնդիրներին, նախարարը նշել է հայկական արտադրանքի անմրցունակությունը: «Չնայած նրան, որ մեզ հաջողվել է առաջին փուլում երկրում հիմնել վերամշակող արդյունաբերություն, բայց եկել է երկրորդ փուլի ժամանակը, երբ պետք է նորացնել մեր արտադրական հնարավորությունները ժամանակակից սարքավորումների կիրառմամբ»,- ասել է նա և հավելել, որ ավելանում է վերամշակող ընկերությունների թիվը, ինչն իր հերթին հանգեցնելու է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

Ջերմոցային տնտեսության մեջ զբաղված ընկերությունները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ Թուրքիայից հանրապետություն բանջարեղենի մաքսանենգային ներկրման դեմ: Ցուցարարները պահանջել են իրենց արտոնյալ պայմաններ տրամադրել արտադրանքի իրագործման համար, ինչպես նաև խստացնել թուրքական բանջերեղենի ներկրման պայմանները: Պետք է նշել, որ փորձագետի կարծիքով, ջերմոցային բանջարեղենի բարձր ինքնարժեքը, մասնավորապես լոլիկի և վարունգի համար, Հայաստանում պայմանավորված է գազի և պարարտանյութերի բարձր գներով: Ուստի տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով երկրի իշխանությունները պետք է խստացնեն հարկային և մաքսային վարչարարությունը ներկրողների համար, մասնավորապես, Թուրքիայից, որտեղ ջերմոցային բանջարեղենի ինքնարժեքը զգալիորեն ցածր է: Հայաստանի հակամենաշնորհային մարմնի կողմից անցկացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ սեզոնին ներկրողները 1 պարկ պարարտանյութը վաճառում են 10 հազար դրամով: ՏՄՊՊՀ-ն հայտարարել է, որ մտադիր է պարզել անհավասար մրցակության պայմանները տեղական արտադրողների և ներկողների համար և թույլ չտալ, որպեսզի 1 պարկ պարարտանյութի գինը 7 հազար դրամից բարձրանա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---