ԵԽԽՎ նախագահի ակտիվությունը Ղարաբաղի հարցում ոչ մի բանի չի հանգեցնի

ԵԽԽՎ ղեկավարը մահացած կազմակերպություններ ստեղծելու փոխարեն ավելի լավ կլինի ուշադրություն դարձնել հարազատ երկրի հարավ-արևելքի վրա, որտեղ 30 տարուց ավել պատերազմ է ընթանում քրդերի դեմ

ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն չի թողնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միջամտելու փորձերը: Խոսքը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը վերսկսելու մասին նրա որոշմանը: Բնականաբար, Չավուշօղլուն ադրբեջանցիների կողմից կլինի և կփորձի կազմակերպությանը շեղել դեպի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» հերթական բանաձևի ընդունմանը: Դա միակ բանն է, որ նա կարող է անել: Բայց տաբեր տեսակի կասկածելի նախաձեռնություններով հանդես գալուց առաջ ԵԽԽվ նախագահն ուղղակի պարտավոր է մտածել նման քայլերի բոլոր հետևանքների մասին:

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ հանձնաժողովը, որը ստեղծվել է 2005-ի բանաձևից հետո, ոչ մի յուրահատուկ բանով աչքի չի ընկել, և չէր էլ կարող աչքի ընկնել հակամարտության լուծման մանդատի բացակայության պատճառով: Եվս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք. ենթահանձնաժողովի ի՞նչ նիստի մասին կարող է խոսք լինել: Եթե ԵԽԽՎ ղեկավարն այդքան շահագրգռված է հակամարտության կարգավորման մեջ, ապա նա պետք է նիստին հրավիրի Լեռնային Ղարաբաղի մասնակիցներին: Բայց քանի որ չճանաչված պետությունների խորհրդարանականները չեն կարող մասնակցել խորհրդարանական վեհաժողովների աշխատանքին, ապա Չավուշօղլուի հայտարարությունները ոչինչ չարժեն: Պետք է նշել, որ նա դիտմամբ ընդգծում է, որ ենթահանձնաժողովը զբաղվելու է հումանիտար հարցերով և ջանքեր է գործադրելու կառույցում երկու երկրների պատվիրակությունների միջև երկխոսությունը բարելավելու ուղղությամբ: Չավուշօղլուն նաև նշել է, որ ԵԽԽՎ ենթահանձնաժողովը մտադիր չէ փոխարինել ԵԱՀԿ ՄԽ-ին:Մևլութ Չավուշօղլուի պահվածքը լիովին ներառվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության շահագրգռվածության մեջ: Բավականին հետաքրքիր է այն փաստը, որ Մինսկի համաժողովի մեջ մտնող 11 պետություններից միայն Թուրքիան է ձգտում դառնալ համանախագահ-երկիր և լուծել հարցը: Մինսկի համաժողովի մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չեխիան և Սլովակիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Շվեդիան, Թուրքիան, ԱՄՆ-ը: Նախկին համանախագահ, ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի խոսքով Մինսկի խումբը ստեղծվել է դե ֆակտո, ԵԱՀԿ կառույցներում այդ խմբի ստեղծման որոշում երբեք չի կայացվել: «Մինսկի խումբը ոչ մի մանդատ չի ունեցել, որը պետք է հաստատվեր ԵԱՀԿ ինչ-որ մարմինների կողմից: Այն ստեղծվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց գնալ Մինսկի համաժողովին, պահանջելով, որ հայկական կողմը հանձնի Լաչինը և Շուշին: Այդ պատճառով չկայացավ Մինսկի համաժողովը: Արդյունքում Հելսինկիում պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ պետք է նախապատրաստական հանդիպում անցկացնել Մինսկի համաժողովի բացումից առաջ: Դա առաջարկեց ամերիկյան կողմը Ռուսաստանի համաձայնությամբ: Բայց այդ որոշումն էլ չընդունվեց, քանի որ ամերիկյան նախագծի տեքստում խոսվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Այս անգամ հրաժարվեց հայկական կողմը: Բայց նման հանդիպմանը ոչ ոք դեմ չէր, այդ թվում` Հայաստանը: Եվ այն կայացավ 1992-ի հունիսի 1-ին Հռոմում, քանի որ Մինսկի համաժողովի նախագահ էր նշանակվել Մարիո Ռաֆայելին: Դրանից հետո այդ խումբը հանդիպեց մի քանի անգամ: Դե-ֆակտո ստեղծվեց Մինսկի խումբը, թեև այդ խմբի ստեղծման մասին ոչ մի որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել: Ի սկզբանե ՄԽ-ն փորձեց խաղալ միջնորդական դեր: Բայց հասկանալի է որքան դժվար էր միջնորդությունը 9 պետությունների կազմում, այդ թվում` Թուրքիայի, որը զբաղեցնում էր միակողմանի դիրքորոշում: Շատ շուտով բոլորին պարզ դարձավ, որ ՄԽ-ն չի գործում որպես միջնորդ: Եվ այդ ժամանակ 1994-ի դեկտեմբերին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովում որոշում ընդունվեց ՄԽ համանախագահության ստեղծման և հակամարտող կողմերի միջև բանակցություններ անցկացնելու հանձնարարության մասին:

Այսպիսով, համանախագահները կազմակերպում են նախագահների, ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ, մշակում են փաստաթղթերը: Տվյալ պահին դա այդպես է: Համանախագահները համաձայնեցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնարար սկզբունքները` պարբերաբար շփվելով նաև ԼՂ հետ»,- գրում է Կազիմիրովը իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում:

Բայց եթե գրեթե 20 տարում ՄԽ-ն թույլ չի տվել հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում, ապա ԵԽԽՎ հանձնաժողովը կարող է ուղղակի սադրել բախումը: Հազիվ թե ԵԱՀԿ-ն չի հասկանում, թե ինչով է հղի Թուրքիայի ակտիվությունն այս հարցում: ԵԽԽՎ ղեկավարը մահացած կազմակերպություններ ստեղծելու փոխարեն ավելի լավ կլինի ուշադրություն դարձնել հարազատ երկրի հարավ-արևելքի վրա, որտեղ 30 տարուց ավել պատերազմ է ընթանում քրդերի դեմ Եվ վերջինը: «Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծումը բոլոր թուրք կանանց ընդհանուր գործն է»,- ասել է ընտանիքի և սոցիալական հարցերով Թուրքիայի նախարար Ֆաթմա Շահինը Բաքվում «Կնոջ դերը 21-րդ դարում. կին քաղաքական գործիչների ակտիվությունը» համաժողովի ժամանակ: Նրա խոսքով, Ղարաբաղում տեղի ունեցող դեպքերը չեն կարող անտարբեր թողնել ոչ մի թուրք կնոջ: «Ադրբեջանի ճակատագիրը մեր ճակատագիրն է: Ադրբեջանի ողբը մեր ողբն է: Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է»,- ասել է նախարարը, հաղորդում է Trend գործակալությունը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---