Սիրիան, ի հեճուկս ԱՊԼ որոշման, աջակցում է իր նախագահին

Մինչև 2011-ի հունվարն արաբական աշխարհի ճանաչված առաջնորդն աշխարհիկ Եգիպտոսն էր, որին լսում էին կազմակերպության բոլոր անդամները, ներառյալ Պարսից ծոցի միապետությունները

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) նոյեմբերի 12-ին դադարեցրել է այդ կազմակերպությունում Սիրիայի անդամակցությունը՝ կապված «քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարման» հետ: ԱՊԼ որոշումը, բնականաբար, արժանացել է ՄԱԿ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հավանությանը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այդ միջոցն անվանել է «խիզախ», նշելով, որ միջազգային հանրությունը պատրաստ է «աջակցություն ցուցաբերել» Սիրիայում քաղաքացիական անձանց պաշտպանության գործում:

PanARMENIAN.Net - ԱՊԼ, ավելի ճիշտ նրանից մնացած պետությունների քայլը տարակուսանք է հարուցում: Առավել ևս, որ արաբական պետություններին միացել են ոչ միայն ԱՄՆ և մյուսները, ինչը լիովին հասկանալի է, այլ նաև Թուրքիան: Թեև Թուրքիայի ձայնն այս երգչախմբում լիովին օրինաչափ է՝ Էրդողանն ամեն կերպ փորձում է իր երկիրը դուրս բերել համաշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա: Եվրոպայի հետ չի ստացվում, ուրեմն նշանակում է պետք է փորձել հարևանների հետ: Ճիշտ է, հետո պարզվում է, որ հարևանների հետ նույնպես չի ստացվում: ԱՊԼ-ում գլխավոր դերակատարները՝ Քաթարը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, հազիվ թե ընդունում են արաբական գործերին խառնվելու Թուրքիայի փորձերը: Ընդհանրապես ԱՊԼ դիրքորոշումը Եգիպտոսում «հեղափոխությունից» հետո կտրուկ փոխվել է: Մինչև 2011-ի հունվարն արաբական աշխարհի ճանաչված առաջնորդն աշխարհիկ Եգիպտոսն էր, որին լսում էին կազմակերպության բոլոր երկրները, ներառյալ Պարսից ծոցի միապետությունները: Բայց Հոսնի Մուբարաքին գահընկեց անելուց հետո Քաթարը և Սաուդյան Արաբիան որոշեցին կառավարման ղեկը վերցնել իրենց ձեռքը: Ինչ ստացվեց դրանից, երևում է Լիբիայի օրինակով: Ավելին, Սաուդյան Արաբիան ամենաանցանկալի միապետություններից է և մարդու իրավունքների պաշտպանության հարցում նրա դիրքորոշումն ուղղակի անտեղին է:

Համաձայնվեք, որ երկիրը, որտեղ գործում է շարիաթ, ուղղակի չի կարող քաղաքակիրթ լինել: Բայց... այնտեղ կա նավթ, միապետները թելադրում են խաղի իրենց կանոնները, իսկ մարդու իրավունքների և ամերիկյան ժողովրդավարության հետ ամեն ինչ կարգին է: Իզուր չէ, որ Բարաք Օբաման նշել է, որ ԱՊԼ որոշումը կուժեղացնի կառավարության դիվանագիտական մեկուսացումը, որը կոպտագույն ձևով խախտում է ժողովրդի առջև իր պարտավորությունները՝ սիստեմատիկ կերպով ոտնահարելով մարդու իրավունքները և ճնշելով բողոքի խաղաղ ակցիաները:

Միաժամանակ, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն մասնակցելու է Թուրք-արաբական ֆորումի չորրորդ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում: Դավութօղլուն Ռաբաթում անցկացնելու է նաև երկկողմանի բանակցություններ: Նիստերում ընդունվելու է համատեղ գործունեության պլան, որը Թուրքիան և ԱՊԼ-ն իրագործելու են առաջիկա երեք տարիներին: Օրակարգի հիմնական կետը գագաթնաժողովում դառնալու է Սիրիայի իրավիճակը:

Բայց սիրիացիները բավական բուռն են արձագանքել ԱՊԼ որոշմանը և պետք է նշել, բավական արդարացի: Բաշար Ալ Ասադի կառավարությունը պնդում է արաբական պետությունների արտակարգ գագաթնաժողով գումարելու վրա: Սակայն, ինչպես կարծում են դիտորդները, ԱՊԼ միջոցը հազիվ թե դադարեցնի երկրում բռնության ալիքը, որի զոհ են դարձել ավելի քան երեքուկես հազար մարդ (ՄԱԿ գնահատականներով): Պետք է նշել, որ ՄԱԿ տվյալները հիմնվում են ընդդիմության տեղեկությունների վրա, որն արհեստականորեն ուռճացնում է զոհերի թիվը: Համենայն դեպս այդպես են ասում սիրիացի պաշտոնյաները: Եվ որպես հաստատում, ողջ երկրով տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց ցույցեր ԱՊԼ որոշման դեմ: Ամբոխը ավերել է Սաուդյան Արաբիայի և Քաթարի դեսպանատները, որոնք 22 երկրներից 18-ի թվում քվեարկել են ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցությունը դադարեցնելու օգտին: Դամասկոսում քարերով և շշերով զինված շուրջ հազար ցուցարարներ փորձել են գրավել Թուրքիայի դեսպանատունը: Լաթաքիայում հինգ հազար ցուցարարներ գրոհել են թուրքական հյուպատոսարանի վրա և հրկիզել թուրքական դրոշը: Դրանից հետո Թուրքիայի իշխանությունները հանձնարարել են Սիրիայից տարհանել թուրքական դեսպանատան աշխատակիցներին: Դեսպան Օմեր Օնխոնը և թուրքական դիվանագիտական առաքելության այլ ղեկավարներ դեռևս մնում են Դամասկոսում:

Թուրքիան և Սիրիան գործընկերային հարաբերություններ ունեին, սակայն վերջին ամիսներին իրավիճակը փոխվել էր: Սեպտեմբերի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ասադի ռեժիմի դեմ արևմտյան պատժամիջոցներին աջակցելու մասին: Բացի դրանից, Էրդողանը ցուցադրական այց էր կատարել սիրիայի փախստականների ճամբար, որոնք պատսպարվել էին թուրքական տարածքում: Եվ ահա արդեն սիրիացի ընդդիմադիրները փորձում են Թուրքիայում ստեղծել «վտարանդի կառավարություն»:

Այնուամենայնիվ ԱՊԼ-ին չի լքում «սիրիական խնդիրները» լուծելու հույսերը, որն իրականում չկա: Նա մտադիր է Սիրիա ուղորդել 500 դիտորդներ, որոնք պետք է հետևեն, որպեսզի սիրիական իշխանությունները չխախտեն քաղաքացիական բնակչության իրավունքները: Դիտորդների շարքում լինելու են արաբական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և զինվորականներ: Սիրիա մեկնելու ամսաթիվը որոշվելու է արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը Ռաբաթում:

Պետք է հիշեցնել, որ «արաբական գարնան հաղթած» երկրներում ամեն ինչ այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանային հեղափոխության հեղինակները: Թունիսում արդեն շարիաթ է, Եգիպտոսում զինվորականները չեն պատրաստվում հանձնել իշխանությունը, իսկ Լիբիայում սկսվել է միջցեղային պատերազմ: Եթե այս ամենին հավելել քրդերի հետ Թուրքիայի նոր պատերազմը, ապա պարզ է դառնում, Մերձավոր Արևելքում դեռ երկար ժամանակ խաղաղություն չի լինի:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---