Գազի նոր հանքավայր Իրանում՝ բարիք, թե պատերազմի առիթ

Գազի նոր հանքավայր Իրանում՝ բարիք, թե պատերազմի առիթ

Իրանը, ամենայն հավանականությամբ, կփորձի նոր «գազային խաղ» սկսել, որը վաղուց է խաղում, բայց ոչ միշտ հաջող

Իրանում իրավիճակը նոր շրջադարձ է ապրում: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Իրանը Կասպից ծովում հայտնաբերել է բնական գազի հանքավայր 1,42 տրիլիոն խորանարդ մետր ծավալով: Հանքավայրը գտնվում է 700 մետր խորության վրա: Իրանի նավթի նախարար Ռոստամ Քասեմիի խոսքով, հանքավայրն ամբողջությամբ գտնվում է Իրանի ծովային սահմանների շրջանակներում: Հայտնաբերված հանքավայրը ծավալով հինգ անգամ գերազանցում է Կոսպից ծովի իրանական հատվածում մինչև այժմ հայտնաբերված գազի պաշարները:

PanARMENIAN.Net - Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ նրան բաժին է ընկնում համաշխարհային պաշարների 16 տոկոսը: Առաջին տեղում Ռուսաստանն է: Լայնորեն գովազդված Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրը զբաղեցնում է ընդամենը 54-րդ տեղը գազ արդյունահանող երկրների շարքում: Ինչը, ի դեպ, չի խանգարում Ալիևին գազով շանտաժի ենթարկել Եվրոպային: Իրանը, ամենայն հավանականությամբ, կփորձի նոր «գազային խաղ» սկսել, որը վաղուց է խաղում, բայց ոչ միշտ հաջող: Ժամանակ առ ժամանակ Իրանի նկատմամբ ԱՄՆ և ԵՄ կողմից կիրառվող պատժամիջոցները միշտ չէ, որ մինչև վերջ իրագործվում են և գործում: Դրա վառ օրինակը «Իրան-կոնտրաս» գործն է, որի մասին վաղուց մոռացել են: Հիշեցնենք, որ 1986-ին ԱՄՆ աշխատակազմի անդամները կազմակերպել էին դեպի Իրան սպառազինությունների գաղտնի առաքում՝ դրանով հանդերձ խախտելով այդ երկրի դեմ զենքի էմբարգոն: Հետագա հետաքննությունը ցույց է տվել, որ զենքի վաճառքից ստացված փողերը գնացել են Նիկարագուայի ապստամբ կոնտրասների ֆինանսավորմանը՝ ի հեճուկս նրանց չֆինանսավորելու Կոնգրեսի որոշման:

Ավելին, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խորհրդական Մայքլ Լեդինն օպերացիայի մեջ ներքաշել է Իսրայելին, որի միջամտությամբ Իրան են մատակարարվել BGM-71 TOW հրթիռներ և «MIM-23 Hawk» զենիթային հրթիռների պահեստամասեր: Հրթիռների առաջին խմբաքանակն Իրանին հանձնվել է 1985-ի օգոստոս-սեպտեմբերին: Դրա փոխարեն ազատ էր արձակվել ամերիկյան գերիներից մեկը, իսկ Իրանի հրեաներին մեկնելու թույլտվություն էին տվել:

Գործողության մասին բարձրաձայնվեց այն բանից հետո, երբ 1986-ի հոկտեմբերի 5-ին Նիկարագուայի օդային տարածքում ոչնչացվեց C-123K ռազմատրանսպորտային ինքնաթիռը «կոնտրասների» համար ռազմական նշանակության բեռով: Փրկված օդաչուն՝ ամերիկացի Յուջին Հասենֆուսը, ձերբակալվեց կառավարական ուժերի կողմից և ցուցմունք տվեց, որ աշխատում է ԿՀՎ համար: Դրանից հետո լիբանանյան թերթերից մեկը հրապարակեց Իրանին զենք վաճառելու պատմությունը: Բայց այս ամենը վաղուց էր և Սպիտակ տան աշխատակազմի ներկայացուցիչների պնդումների համաձայն գործողությունն անցկացվել է՝ ելնելով պետության շահերից: Հնարավոր է: ԱՄՆ նավթագազայի լոբբի շահերը հենց պետական շահեր են, քանզի այդպես են ասում ԱՄՆ-ում. ինչ լավ է General Motors-ի համար, այն լավ է նաև ԱՄՆ համար:

Եթե հանքավայրի մասին տվյալները հաստատվեն, ապա Իրանը, ավելի ճիշտ «Արևելքում ժողովրդավարության համար նոր կոալիցիան» երկու ուղի ունի. կամ բանակցությունների ճանապարհով ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից դրա փոխարեն գազ մատակարարելով Արևմտյան Եվրոպա, այսինքն Nabucco նախագծով կամ իսկապես գործարկել լիբիական տարբերակը: Բայց երկու դեպքում էլ Արևմուտքը կպարտվի, և ահա թե ինչու Թեհրանը կարող է համաձայնվել խողովակաշարին, բայց իր պայմաններով. երթուղի, գներ, շահույթ: Տնտեսական ճգնաժամի պայմաններում , երբ վառելիքի գներն աճելու են, Եվրոպան ավելի լավ է ունենա երկրորդ խողովակաշարն Իրանից, քան անկանխատեսելի և գրեթե անիրագործելի պլանն Ադրբեջանի հետ: Առավել ևս, որ «Շահ Դենիզից» գազն ուղղակի չի բավականացնի, դա պարզ էր ամենասկզբից: Իսկ լիբիական տարբերակը ողջ աշխարհի համար հղի է չափազանց ծանր հետևանքներով: Տարածաշրջանն արդեն «վարժվել» է անհամար փոքր պատերազմներին և նոր պատերազմով նրան զարմացնելը դժվար է: Բայց Իրանի հետ լինելու է ոչ թե ուղղակի պատերազմ, սա Լիբիան չէ իր միջցեղային պատերազմներով, սա գրեթե միաձույլ երկիր է, որը դեռ չի մոռացել կայսերական հավակնությունները: Նման փորձ արդեն եղել է՝ ընդդիմությունը փորձել է իշխանությունը զավթել նախագահական ընտրություններից հետո, բայց չի ստացվել: Որքան ասես կարելի է խոսել ժողովրդավարության մասին, դրա համար փող ստանալ, բայց մահմեդական երկրում հասարակ ժողովուրդը լսում է այաթոլլային: Ժողովրդին չի հետաքրքրում ազատությունը, որը նրան պետք չէ, քանի որ նա չգիտի՝ ինչ անել դրա հետ: Բայց նույնիսկ ընդդիմությունը 2009-ին խոսում էր, որ կշարունակի միջուկային ծրագիրը:

Միաժամանակ, պետք է ասել, որ ԱՄՆ-ն Արևելքի և իսլամի իրողությունները չճանաչելով հանդերձ ամեն դեպքում իր մեջ ուժ կգտնի պայմանավորվել Իրանի հետ: Տապալված «արաբական գարնան» օրինակը պետք է սովորեցնի Սպիտակ տանը, որ ամեն ընդդիմություն «ամերիկյան ժողովրդավարություն» չէ և պետության ամեն ղեկավար բռնապետ չէ: Արաբական երկրներն ուղղակի չեն կարող գոյատևել առանց տոտալիտար համակարգի, դուր է գալիս դա ԱՄՆ-ին, թե ոչ: Իսկ Իրանը նրանցից այդքան էլ չի տարբերվում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---