Հայաստանում 2009 թվականին տնտեսական անկումը կարող է կազմել 3-8 տոկոս

PanARMENIAN.Net - «Գոյություն ունեցող համաշխարհային տնտեսական ճգնաժամն անխուսափելիորեն կազդի երկրի սոցիալական ոլորտի վրա», ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը «Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը» թեմայով խորհրդաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, սոցիալական ոլորտում տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման համար անհրաժեշտ է միավորել շատ կառույցների ջանքերը:



Ինչպես հաղորդել է Համբարձումյանը, վերջին տարիների ընթացքում տնտեսական աճը Հայաստանին հնարավորություն է ընձեռել եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրից վերածվելու եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրի, ՀՆԱ-ի աճը դրական է ազդել նաեւ սոցիալական ոլորտի վրա: «Սակայն, գոյություն ունեցող համաշխարհային ճգնաժամը որոշ մարտահրավերներ է նետել երկրի տնտեսական զարգացմանը, եւ այսօրվա դրությամբ, վերանայման ենթակա են Կայուն զարգացման ծրագրի շատ ցուցանիշներ»:



«Նախնական գնահատականերին եւ կանխատեսումներին համապատասխան, 2009 թվականին Հայաստանում տնտեսական անկումը կարող է կազմել 3-8 տոկոս», - ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Նրա խոսքերով, առավել լավատեսական կանխատեսումներ գոյություն ունեն այն առնչությամբ, որ տարին կհաջողվի ավարտել դրական ցուցանիշներով, սակայն, ակնհայտ է, որ ՀՆԱ-ի աճի նախատեսված 9,2 տոկոս ցուցանիշն անհասանելի է:



Այդ առնչությամբ, Համբարձումյանը նշել է, որ աշխատանքի շուկայում եւ սոցիալական պաշտպանության ոլորտում կարձանագրվի լարվածության որոշ աճ: Սոցիալական իրավիճակի վրա ազդող հիմնական գործոններից նա առանձնացրել է աշխատատեղերի կրճատումը:



Այլ գործոնների թվում նախարարը մատնանշել է սղաճը, գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաեւ սպառողական զամբյուղի որոշ հիմնական ապրանքների թանկացումը:



Համբարձումյանը հաղորդել է, որ սոցիալական լարվածության սրմանը նպաստում է նաեւ օտարերկրյա տրանսֆերտների ծավալների կրճատումը: «Վերջին երեք ամիսների դինամիկան վկայում է այն մասին, որ այդ ցուցանիշը կրճատվել է մոտավորապես 25 տոկոսով», -ասել է նա:



Այլ կարեւոր գործոնների շրջանում Համբարձումյանը նշել է նաեւ գրանցված գործազուրկների, ինչպես նաեւ աշխատանք փնտրող մարդկանց քանակի աճը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---