Հայաստանի արհմիությունները կկիրառեն Արհմիությունների միջազգային համադաշնության փորձը

PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանի արհմիությունների համադաշնությունը պաշտոնական նամակ է ստացել Արհմիությունների միջազգային համադաշնության գլխավոր քարտուղար Գայ Ռայդերից, լրագրողներին է հաղորդել Հայաստանի արհմիությունների համադաշնության նախագահ Էդուարդ Թումասյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, գլխավոր քարտուղարը, տեղեկություններ ստանալով Հանրապետական հավաքական պայմանագրի ստորագրման վերաբերյալ, շնորհավորել է Հայաստանի արհմիությունների համադաշնությանը եւ նշել, որ վերջապես նման փաստաթուղթ է ստորագրվել եւ նա իր անունից պատրաստ է աջակցել նրան, որ սուր հարցերը հարթվեն:



Այս առնչությամբ Թումասյանը հավելել է, որ նախօրեին Հայաստանի արհմիությունների համադաշնությունն ընդունել է Արհմիությունների միջազգային համադաշնության պատվիրակությանը գլխավոր քարտուղարի տեղակալ Յապոմ Վինենի գլխավորությամբ: Ինչպես ասել է Թումասյանը, Հայաստանը ժամանակավորապես դուրս է մնացել նման խոշոր եւ հզոր կազմակերպության կազմից, սակայն վերջերս տեսանելի են դարձել Հայաստանի արհմիությունների համադաշնության աշխատանքում կատարվող փոփոխությունները եւ Արհմիությունների միջազգային համադաշնությունը ցանկանում էր համոզվել դրանում:



Պատվիրակությունը նպաստեց շատ հարցերի լուծմանը, նշվեցին շտկումներ պահանջող հարցեր:



Այցելության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Արհմիությունների միջազգային համադաշնության 2009թ. հոկտեմբերին Բեռլինում կայանալիք նիստում առաջնահերթ հարցերի թվում կընդգրկվի նաեւ Հայաստանի արհմիությունների համադաշնության անդամակցության հարցը:



Թումասյանը նշել է նաեւ, որ բազում երկրներում համադաշնության կայացումը տարիներ է տեւել, երբեմն նույնիսկ 90 տարի, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, հանրապետությունը կանցնի այդ փուլը մի քանի տարում: «ՄԵնք առաջին քայլերն ենք անում, այն դեպքում, երբ Եվրոպայի երկրներում դա ձեւավորված ավանդույթ է: Այն փորձն, որ ունի Եվրոպան, մենք ընկալում ենք եւ հավելելով այն մեր կուտակած փորձին ավելի շուտ արդյունքներ կգրանցենք»,-հավելել է նա:



2009թ. ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունը, ՀՀ արհմիությունների համադաշնությունը եւ Հայստանի գործատուների հանրապետական միությունը, ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, ստորագրել են Հավաքական հանրապետական պայմանագիր, որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ եւ կողմերի համատեղ գործողությունները դրանց իրագործման ասպարեզում: Պայմանագիրը կգործի մինչեւ 2012թ. հունիսի 30-ը:



Արհմիությունների միջազգային համադաշնությունը, աշխարհի խոշորագույն արհմիութենական միավորումն է: Համադաշնության կազմում 307 անդամ կազմակերպություն կա, որոնք ներկայացնում են աշխարհի 154 երկրների 168 միլիոն բանվորների:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---