Հայաստանի կառավարությունը 2010թ. 250 մլն դոլար կհատկացնի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ի իր նիստում հաստատել է գործարար միջավայրի բարելավման 2010 թվականի միջոցառումների ծրագիրը: «Ծրագրի արժեքը 150 մլն դրամ է, որը հիմնականում կուղղվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ վարչական ծախսերի ծածկմանը:

Պայմանավորվածություն կա նաեւ միջազգային կառույցների հետ` այդ ծրագրերի իրականացման համար 100 մլն դրամ հատկացնելու մասին»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ներկայացնելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցմանն ուղղված 2010թ. ծրագիրը:



Ըստ նրա, ծրագրի իրագործման արդյունքները 2010թ. չպետք է զիջեն նախորդ տարիների արդյունքներին, ուստի ծրագրով նախատեսվում են հետեւյալ արդյունքները, որ պետք է ապահովի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը` միջազգային շուկաներ դուրս գալու համար օրենսդրության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, բացի այդ աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ 150 սուբյեկտներին, որոնք գործում են Հայաստանի հեռավոր եւ սահմանամերձ մարզերում, նախատեսվում է նաեւ ստեղծել շուրջ 30 նոր սուբյեկտներ այդ մարզերում, վարկային երաշխիքներ կտրամադրվեն Հայաստանի մարզերում գործող ՓՄՁ շուրջ 20-25 սուբյեկտների, իսկ 10-15 տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի բիզնես-ծրագրերի մշակման եւ Օպերատիվ շտաբի միջոցով դրանք «ՓՄՁ` ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը ներկայացնելու համար` ֆինանսավորում ստանալու նպատակով: Ինչպես ասել է նախարարը, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը կնպաստի ՓՄՁ շուրջ 100 սուբյեկտներին` սպառման շուկաների որոնման հարցում: «Այդ նպատակով, առաջին անգամ ՓՄՁ որոշ սուբյեկտների համար ուղեւորություն է կազմակերպվել արտերկիր, որտեղ նրանք կկարողանան ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին եւ դրա հաշվին կբարելավեն իրենց արտադրությունը»»-ասել է նա:



Այս տարի, ըստ Երիցյանի, նախատեսվում է նաեւ երկու տիպի բիզնես-պլաններ նախապատրաստել նրանց համար, ովքեր ունեն 30-50 հազար դոլար, որպեսզի նրանք կարողանան, օգտագործելով այդ մոդելները, ինքնուրույն առանց մեծ ծախսերի բիզնես-պլան մշակել եւ միջոցներ հայթայթել սեփական բիզնեսը հիմնելու համար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---