Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Ֆրութֆուլ Արմենիա» 6-րդ համաժողովի բացմանը

Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Ֆրութֆուլ Արմենիա» 6-րդ համաժողովի բացմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը, որն անցկացվում է 2010 թ. սեպտեմբերի 16-17-ը։ 2005 թ. ի վեր Երևանում անցկացվող ամենամյա համաժողովի նպատակն է բիզնես նախագծերի բացահայտման, նպատակաուղղման, զարգացման և օժանդակության միջոցով նպաստել Հայաստանում ֆերմերային ու սննդի վերամշակման շուկաների ոլորտի զարգացմանը և գյուղական համայնքների բարգավաճմանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես նշել է. «Ֆրութֆուլ Արմենիա» ագրոֆորումը տարեցտարի դառնում է ավելի հետաքրքիր. ավելանում է մասնակիցների քանակը, և բարձրանում է հարցերի քննարկման պրոֆեսիոնալիզմը։ Այն էապես նպաստում է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, քանի որ հնարավորություն ենք ունենում համատեղ քննարկել կուտակված խնդիրները, ինչպես նաև ծանոթանալ լավագույն միջազգային փորձին և մտքերի փոխանակում կազմակերպել։ Արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ նաև երիտասարդ հետազոտողների ուշադրությունն ենք հրավիրում գյուղատնտեսության զարգացման խնդիրների վրա։ Նրանց հետաքրքրական ու նորույթ պարունակող առաջարկները կարող են խթանել բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտում և նոր բիզնես ծրագրերի ներդրումը, ինչը հնարավորություն է տալիս ագրոֆորումի շրջանակներում համախմբել գիտական-ստեղծագործական ներուժը»։

Իր ելույթում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ռազմավարական հայեցակարգի հիմնադրույթները։

«Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին։ Հրավիրվածների թվում են հեղինակավոր խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ ու մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից և այլ երկրներից։ Հիմնական թեման երեք բաղադրիչների` որակյալ խաղողի մշակման, բարձրորակ գինու արտադրության ու արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպման միջոցով հայկական գինու ճանաչելի ապրանքանիշի` բրենդի ստեղծման հնարավորության քննարկումն է։ Համաժողովի շրջանակներում տեղի կունենա հայկական գինիների համտես-մրցույթ` աշխարհի հանրահայտ գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---