Հայաստանի նախագահն ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին

Հայաստանի նախագահն ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին: Նրանք Հայաստանում են գտնվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում խորհրդի նիստի անցկացումը` ընդգծելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ կանոնադրական և ոլորտային մարմինների աշխատանքին: Սերժ Սարգսյանը կարևորել է մաքսային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների ինտեգրման խորացմանը, մաքսային օրենսդրությունների մերձեցմանն ու ներդաշնակեցմանը, ընթացակարգերի կատարելագործմանը, որի շնորհիվ նաև հնարավորություն է ստեղծվում առաջացող խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու:

Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ մաքսային ծառայությունների ղեկավարների երևանյան նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերն ու դրանց վերաբերյալ կայացվելիք որոշումները թույլ կտան նոր որակի բարձրացնել մաքսային ծառայությունների միջև համագործակցությունը: Այդ ամենը, նախագահի խոսքով, կնպաստի մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության ակտիվացմանն ու, ի վերջո, տնտեսության զարգացման հետ միասին` քաղաքացիների բարեկեցությանը, ինչը բխում է ցանկացած պետության շահերից:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախագահին` Երևանում նիստն անցկացնելու հրավերի համար, նշելով, որ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հաճախակի դարձած հանդիպումներն անցնում են բավականին գործնական մթնոլորտում և փոխադարձաբար օգտակար են: Նրանք Սերժ Սարգսյանին ներկայացրել են ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---