Հայաստանի փոխվարչապետն այցելեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան` ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով

Հայաստանի փոխվարչապետն այցելեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան` ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով եղավ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում` իրականացվող ծրագրերին, ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Մարզպետ Արմեն Ղուլարյանի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանն այցն սկսեց Նավուր համայնքից, որտեղ այս տարի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով նախատեսվում է համայնքային կենտրոնի վերանորոգում, իսկ ՀՍՆՀ և պետբյուջեի միջոցներով վերակառուցվելու է դպրոցի մարզադահլիճը: Արմեն Գևորգյանը քննարկեց նաև Իծաքար-Բերդ- Արծվաբերդ-Չինարի 43 կմ ճանապարհահատվածի վերակառուցման նախապատրաստական աշխատանքերի հետ կապված հարցեր: Վերակառուցման համար միջոցներ են նախատեսված Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով:

Բերդ քաղաքում Արմեն Գևորգյանին ներկայացվեցին նաև տարբեր միջոցներով իրականացվող կապիտալ ծրագրերը, որոնց ծավալը ավելի քան 205 մլն դրամ է: ՀՍՆՀ միջոցներով վերակառուցվում է նաև քաղաքի թիվ 2 դպրոցի մարզադահլիճը, որը պատրաստ կլինի այս ամռանը: Հյուրերին ներկայացվեց նաև Բերդի խմելու ջրերի մաքրման կայանը, որը սպասարկվում է «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից: Կայանը վերականգնվում է Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված 312 մլն դրամով: Նախատեսվում է, որ արդյունքում էապես կբարելավվի ջրի որակը, իսկ ջրամատակարման տևողությունը Բերդում կավելանա 2-2,5 ժամով:

Այնուհետև Բերդում անցկացված խորհրդակցությանը քննարկվեցին գարնանային գյուղատնտեսական աշխատանքների, ոռոգման նոր շրջանի մեկնարկի հետ կապված և մի շարք այլ խնդիրներ: Փոխվարչապետին տեղեկացվեց նաև, որ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով առաջիկայում կմեկնարկեն Բերդի հիվանդանոցի արդիականացման աշխատանքները:

Փոխվարչապետը եղավ նաև Վարագավան և Վազաշեն համայնքներում: Պետբյուջեից 340 մլն դրամ է հատկացվել Վարագավանի հատվածում հանրապետական նշանակության ճանապարհի վերակառուցմանը, համայնքում ընթացքի մեջ են դպրոցի, ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքները, որոնք ևս իրականացվում են պետբյուջեի միջոցներով: Վազաշենում ՀՍՆՀ միջոցներով այս տարի կավարտվեն համայնքային կենտրոնի վերակառուցման աշխատանքները: Փոխվարչապետը տեղերում ծանոթացավ շինարարության ընթացքին: Այգեհովիտ համայնքում, որտեղ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ավարտվել են միջնակարգ դպրոցի և մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները, Արմեն Գևորգյանը ծանոթացավ դպրոցի տարածքի բարեկարգման աշխատանքներին, հաղորդում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---