Գյուղնախարարը կարծում է, որ պետք է բարձրացնել հայկական գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը

Գյուղնախարարը կարծում է, որ պետք է բարձրացնել հայկական գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը

PanARMENIAN.Net - Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը գյուղատնտեսության զարգացման ամենակարևոր հիմքերից է, այդ թվում և վերամշակվող արդյունաբերության, կարծում է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Համոզված եմ, որ պետության ղեկավարի հետ հանդիպումը դրական արդյունք է տալու, և տարվա ընթացքում աճեցված արտադրանքը մթերվելու է և վերամշակվելու մեր ընկերությունների կողմից»,- մայիսի 5-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ ոլորտի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքների ամփոփման ժամանակ ասել է գյուղնախարարը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի գյուղատնտեսական հատվածի 21 վերամշակող ընկերություններ 6 մարզերից և Երևանից:

Նախարարը նաև հուսով է, որ մոտ ապագայում ավելանալու են վերամշակող ընկերությունների հնարավորությունները` հաշվի առնելով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, մասնավորապես գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը: Դրան նպաստելու է որոշումն այն մասին, որ արտադրող ընկերությունների և մթերող ընկերությունների միջև պետք է լինի համաձայնագիր, որը թույլ կտա համագործակցություն իրականացնել օրենսդրական մակարդակով:

Ինչ վերաբերվում է արտահանման կազմակերպման հետ կապված խնդիրներին, նախարարը նշել է հայկական արտադրանքի անմրցունակությունը: «Չնայած նրան, որ մեզ հաջողվել է առաջին փուլում երկրում հիմնել վերամշակող արդյունաբերություն, բայց եկել է երկրորդ փուլի ժամանակը, երբ պետք է նորացնել մեր արտադրական հնարավորությունները ժամանակակից սարքավորումների կիրառմամբ»,- ասել է նա և հավելել, որ ավելանում է վերամշակող ընկերությունների թիվը, ինչն իր հերթին հանգեցնելու է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---