15  Շառլ Ազնավուր

Ազնավուր. Ով չի եղել Հայաստանում, չի հասկանա, թե ինչից է զրկվել

Ազնավուր. Ով չի եղել Հայաստանում, չի հասկանա, թե ինչից է զրկվել

PanARMENIAN.Net - «Ծննդյան տարեդարձի երեկույթները լավ են 18 տարեկանների համար: Ինձ չի հուզում, թե քանի տարեկան եմ՝ 89 թե 90: Ուղղակի ազատ օր ունեի և համաձայնվեցի համերգ տալ Բեռլինում»,- հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի 90 տարին մի քանի օրից կլրանա: Ըստ նրա, տարիքային տարբերությունը զգացվում է միայն այն առումով, որ եթե նախկինում ամիսը 20 համերգ էր տալիս, ապա այժմ՝ 2 կամ 3:

Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, շանսոնյեն «Լեգենդը վերադառնում է» համերգով հանդես կգա Բեռլինի O2 World մարզադաշտում: Ազնավուրի երկրորդ համերգը Գերմանիայում նախատեսվում է մայիսի 24-ին: Այն տեղի կունենա Մայնի Ֆրանկֆուրտում: Հունիսի 1-ին Ազնավուրը հանդես կգա Լոնդոնի Albert Hall-ում, իսկ հունիսի 26-ին՝ Բարսելոնայում:

«Նրա երգերն ուղեկցում են ֆրանսիացիների արդեն մի քանի սերնդի: 90 տարեկանում Ազնավորը շարունակում է համերգներ տալ, երկու վեպ է գրում ու հուշերի չորրորդ հատորը, հայտնում է France TV-ն: Universal-ը թողարկել է 4 ձայնասկավառակից կազմված Ազնավուրի երգերի հավաքածուն, որտեղ 90 եզակի թրեք կա: Կանալը հիշեցնում է, որ Հայաստան այցի ժամանակ Ազնավուրը հրավիրեց այնտեղ պետական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Օլանդին մասնակցել իր 90-ամյակին նվիրված համերգին:

«Մի քանի օրով Փարիզ եմ վերադարձել, հանգստանալու ու հիշելու այն հիանալի պահերը, որ ապրեցի Երևանում: Բոլոր նրանց համար, ով չի ճանաչում Հայաստանը, շատերն ուղղակի… դուք չգիտեք, թե ինչ եք բաց թողել այս կյանքում»,- գրել է երգիչն իր պաշտոնական կայքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Ազնավուրը ծնվել է 1924-ի մայիսի 22-ին՝ Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Նրա հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից:

Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---