24  Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին

Ինչպես ֆրանսիացիները «քցեցին» հայերին կամ «Իսկ մենք ի՞նչ էինք ակնկալում»

Ինչպես ֆրանսիացիները «քցեցին» հայերին կամ «Իսկ մենք ի՞նչ էինք ակնկալում»

PanARMENIAN.Net - Ինչպես բռնկվեցին, այնպես էլ սահուն կերպով մարեցին կրքերը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման շուրջ, որը հանգեցրեց նրան, որ ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը հակասում է ֆրանսիական սահմանադրությանը:

Ինչպես և պետք էր սպասել, օրինագծի հերթական ընդունման հետ կապված ողջ պատմությունը, պարզվեց, հայերի մեծ «քցոցի» էր: Ամեն ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում մի անգամ արդեն խաղարկված և, ըստ ամենայնի, հաջողված սցենարով: Համառոտ պատմական էքսկուրս. 2006թ հոկտեմբերի 12 Ֆրանսիայի ԱԺ 106 «կողմ» և 19 «դեմ» ձայներով դարձյալ հաստատեց քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Այն ժամանակ ևս օրինագիծը նախատեսում էր 45 հազար եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: Դրանից հետո ևս հաջորդեցին Թուրքիայի և Ադրբեջանի համանման արձագանքներ: Գրեթե նույն ժամանակ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Սարկոզին խոստացել էր իր ընտրվելու դեպքում աջակցել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Որոշ ժամանակ անց, 2007թ մայիսին նա ընտրվեց նախագահ հայ համայնքի ընտրաձայների օգնությամբ ևս: Իսկ 2008-ին Սենատը հետաձգեց 2006-ին ԱԺ կողմից ընդունված օրինագծի դիտարկումը: Օրինագծին կողմ քվեարկեցին 74, դեմ` 196 սենատորներ:

Գրեթե ոչնչով չի տարբերվում նաև 2011-2012 էպոպեան: 2011թ. աշնանը Սարկոզին, որը զրկվել էր հայ համայնքի համակրանքից, Երևանում սպառնաց Թուրքիային` նախազգուշացնելով, որ եթե Թուրքիան ինքը չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան դրա ժխտումը քրեականացնող օրենք կընդունի: Նման խոստումից հետո Ֆրանսիայի հայ համայնքը կրկին սկսեց զգուշավոր համակրանքով վերաբերվել Սարկոզիին: 2011թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք նախատեսող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հունվարի 23-ին օրինագծին կողմ քվեարկեց Ֆրանսիայի Սենատը:

Թուրքամետ սենատորներն անմիջապես դիմեցին Սահմանադրական խորհուրդ` օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Զայրացած Սարկոզին խոստացավ Խորհրդի բացասական որոշման դեպքում բարձրացնել Հոլոքոստի ժխտման մասին օրենքի սահմանադրականության հարցը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական ճանաչեց օրինագիծը: Սարկոզին առայժմ չի կատարել իր խոստումը, չնայած հանձնարարել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նոր նախագիծ մշակել:

Բայց բանը նրանում է, որ Ֆրանսիայի Սենատը բառացիորեն օրերս բարեհաջող գնալու է արձակուրդ և դժվար թե արտահերթ նիստի հավաքվի հանուն Հայոց ցեղասպանության: Իսկ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները սարերի հետևում չեն` ապրիլի 22-ին` ճիշտ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից 2 օր առաջ:

Եվ ստացվում է, որ Սարկոզին «իրականում անկեղծորեն ցանկանում էր, որպեսզի օրենքն ընդունվի, սակայն երկրի օրենսդրական մեքենան ամեն ինչ փչացրեց»: Եվ ընդհանրապես կարևոր չէ, որ Թուրքիան կրկին և միանգամայն լրջորեն սպառնում էր խզել բոլոր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, այդ թվում եղան մի քանի ցուցադրական քայլեր, ինչպես ֆրանսիական ինքնաթիռներն ու նավերն իր օդային և ջրային տարածք կամ ֆրանսիացի պաշտոնյային Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալլիպոլիի ճակատամարտում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպիչների նիստին չթողնելը և այլն:

Պարզապես հետաքրքիր է` արդյո՞ք Փարիզի և Անկարայի միջև նախօրոք դերերի բաշխում տեղի չէր ունեցել «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ» խորագրով պիեսում: Եթե այո, ապա հիմնական դերասաններն իրենց դերերը պարզապես փայլուն խաղացին: Եվ Սարկոզին, կարծես, այդ ամենի հետ բոլորովին կապ չունի և միանգամայն կարող է սպասել, որ դյուրահավատ հայ համայնքն իր ձայները կտա նրա օգտի՞ն: Եվ կստացվի, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը հեշտությամբ գնեց հայերի ընտրաձայները, ինչպես և ի սկզբանե ծրագրվա՞ծ էր:

Հունվարին մենք առաջարկում էինք սպասել 3 ամիս` մինչև ապրիլի 22-ը, և տեսնել` արդյոք Նիկոլյա Սարկոզին կհաստատի «Տղամարդն ասաց, տղամարդն արեց» ասացվածքը: Երեք ամիս սպասելու կարիք չեղավ...

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
17  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ծիծեռնակաբերդում
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---