Հայաստանում Կուբայից հեշտ է, այստեղ գոնե կարելի է բողոքել

Երգչուհին Հավանայից.

Հայաստանում Կուբայից հեշտ է, այստեղ գոնե կարելի է բողոքել

PanARMENIAN.Net - Մեր հայրենակիցները հաճախ են մեկնում երկրից՝ օտարության մեջ աշխատանք փնտրելու և գումար վաստակելու: Ընդունված է համարել, որ մեզ մոտ օտարերկրացիները հազվադեպ են ժամանում աշխատելու նպատակով: Բայց վերջին տարիներին Հայաստանում, կարծես, շատացել են աշխատանքային ներգաղթյալները:

Ավելի վաղ պատմել էինք Հայաստանում մաքրությամբ զբաղվող բանգլադեշցի ուսանողների մասին: Իսկ այս անգամ խոսքը կուբացի Իվոն Ֆերնանդեսի մասին է, ով Հավանայից Երևան է ժամանել ուղիղ 1 տարի առաջ: Այդ ընթացքում 30-ամյա երգչուհին հասցրել է յուրային դառնալ Հայաստանում, ընկերներ ու աշխատանք գտնել: Պարզվել է, որ հայկական լսարանին շատ են դուր գալիս կրակոտ լատինամերիկյան ռիթմերն ու իսպանական սիրային բալադները: Հիմա Իվոնը հանդես է գալիս ակումբներում և ռեստորաններում, նա նույնիսկ հասցրել է մասնակցել «Հայաստանի ձայնը» հեռուստատեսային նախագծին՝ հաղթահարելով կույր լսումների փուլը և գերելով ժյուրիի անդամներին իր կատարողական ոճով ու դրական բնավորությամբ:

PanARMENIAN.Net ը հանդիպել է կուբացի երգչուհու հետ, զրուցել Հայաստանից ու հայերից նրա տպավորությունների, ապագայի ծրագրերի և Կուբայում իրավիճակի մասին:

Երգել՝ դա այն է, ինչ կարողանում եմ անել

Ես երգում եմ մանկուց, դա այն է, ինչ կարողանում եմ անել, դա իմ աշխատանքն է: Ես նաև սիրում եմ պարել, խաղալ թատրոնում, սովորել եմ նկարչություն, տիրապետում եմ իսպաներենին ու անգլերենին: Կցանկանայի նաև հայերեն սովորել, բայց շատ բարդ լեզու է, վստահ չեմ, որ մի օր կստացվի: Թեև ես արդեն մի քանի բառ գիտեմ՝ բարև, բարի լույս, սիրուն ու էլի մի քանիսը, որոնք չեմ կարող արտասանել: (ծիծաղում է)

Հայաստան եմ եկել սովորելու և սովորեցնելու

Կուբայից մեկնել եմ 2 տարի առաջ՝ այստեղ ես շատ բան իմացա, մեծ փորձ ձեռք բերեցի: Սկզբից ես Ղազախստան մեկնեցի, որտեղ մեկ տարի պայմանագրով աշխատեցի որպես երգչուհի: Չեմ էլ մտածել Կուբա վերադառնալու մասին, գուցե միայն հարազատներիս տեսնելու կամ արձակուրդս այնտեղ անցկացնելու համար: Հետո հնարավորություն ստեղծվեց Հայաստան գալ և ես որոշեցի դա անել առաջին հերթին նոր մշակույթի ծանոթանալու նպատակով՝ ես միշտ բաց եմ եղել նորի համար, ինձ համար հետաքրքիր է նոր մարդկանց եհտ ծանոթանալ, նոր գաղափարների, նոր երաժշտական ուղղություններ ուսումնասիրել: Կարծում եմ Հայաստանում ես այդ ամենի հնարավորությունն ունեմ: Երկրորդը՝ սա մի նոր փուլ է իմ կարիերայում, ես կարող եմ այստեղ աշխատել, ներկայացնել մարդկանց իմ մշակույթը, կարծում եմ, Հայաստանում հետաքրքվում են լատինամերիկյան երաժշտությամբ և ավանդույթներով: Մի խոսքով՝ ես Հայաստան եմ եկել սովորելու և սովորեցնելու:

Հայաստանում ավելի հեշտ է ապրել, քան Կուբայում

Կուբայում ապրելն այնքան էլ դյուրին չէ, Հայաստանում շատ ավելի հեշտ է: Սովորաբար, ես չեմ խորանում իմ երկրի մասին մանրամասների մեջ, սակայն, հավատացեք, այնտեղ բարդ է: Հայաստանում կան խնդիրներ, բայց դուք գոնե կարող եք բողոքել, խոսել քաղաքականության, տնտեսության մասին՝ մենք դա անել չենք կարող:

Հայաստանում բարդությունների և ապագայի ծրագրերի մասին

Հայաստանում ես ոչ մի խնդիր չեմ ունեցել, դե գուցե միայն տաքսու վարորդների հետ՝ նրանք անգլերեն չեն խոսում և հաճախ ինձ չեն հասկանում: Իսկ ընդհանուր առմամբ այստեղ ինձ համար դժվար չէ: Անշուշտ, տարբերություններ կան դաստիարակության, կրթության, խառնվածքի և այլ առումներով, ես այլ միջավայրում եմ մեծացել՝ մենք ավելի բաց ենք, զգացմունքային: Բայց ինձ այստեղ դուր է գալիս, ամեն ինչ շատ հետաքրքիր է, ինձ դուր է գալիս հայկական խոհանոցը, երաժշտությունը, ես նույնիսկ փորձել եմ հայերեն լեզվով երգեր կատարել: Այստեղ ես աշխատանք ունեմ, արդեն ընկերներ եմ ձեռք բերել: Հիմա աշխատում եմ մի քանի նախագծերի վրա, դեռ չեմ ուզում բարձրաձայնել մանրամասները, բայց եթե ամեն ինչ լավ ընթանա, ես դեռ կմնամ այստեղ:

Հայաստանում հնարավոր ամուսնության մասին. «ով գիտի»

Հայաստանում հնարավոր ամուսնության մասին հարցն անսպասելի էր (ծիծաղում է): Ես հավատում եմ սիրուն, ինձ համար սերն ամենահզոր ու հիանալի զգացմունքն է աշխարհում: Ես սիրառատ մարդ եմ իմ բնույթով, ինձ համար ամուսնության մեջ գոյություն չունեն ավանդույթներ ու կանոններ՝ եթե մարդիկ իրոք սիրում և հասկանում են միմյանց, մնացած ոչ մի բան նշանակություն չունի: Ուստի, ինձ համար կարևոր չէ, թե ծնունդով որտեղից կլինի այն տղամարդը, որին ես կսիրեմ՝ Հայաստանից, Կուբայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից...ինձ համար մարդն է կարևոր: Այնպես որ՝ ով գիտի...

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
---