Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին, դա իրողություն է, որի հետ հարկ է հաշվի նստել

Արմեն Այվազյան.

Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին, դա իրողություն է, որի հետ հարկ է հաշվի նստել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան կարգավորման գծով համանախագահների առաջիկա հանդիպումը Վաշինգտոնում, հատկապես Ռամբույեի տապալումից հետո, դառնում է քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների քննարկման կենտրոնական թեման: Ադրբեջանական կողմը ուժեղացնում է հակահայկական քարոզչությունը, հատկապես Վլադիմիր Պուտինի Բաքվում գտնվելու ժամանակ, փորձելով Մոսկվայի աջակցությունը ստանալ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: PanARMENIAN.Net գործակալության խնդրանքով, ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի ազգային անվտանգության որոշ ասպեկտներ է մեկնաբանում «Համահայկական գործակցություն» ոչ կառավարական կազմակերպության տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:
Կարելի՞ է որոշակի ակնկալիքներ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից, եթե այն այնուամենայնիվ կայանա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից պետք չէ ինչ-որ բանի սպասել: Նույնիսկ եթե նրանք պայմանավորվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ապա նաեւ նախագահների հանդիպման մասին, դժվար ինչ-որ բան փոխվի կարգավորման գործընթացում: «Մեկ-երկու էջանոց բովանդակությամբ համաձայնագիրը, որ գուցե ստորագրեն կողմերը, միեւնույն է չի իրագործվելու, քանի որ այն որոշում է միայն կարգավորման սկղբունքները, առանց մանրամասների ճշտման: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը պատկանում է այն հակամարտությունների շարքին, որում նույնիսկ ամենափոքր մանրամասը, ինչպիսին, օրինակ, կարող է լինել բլոկպոստի տեղակայումը զինված ուժերի շփման գծում 500 մետր այս կողմ կամ այն կողմ, նույնքան կարեւոր է, որքան, օրինակ, ԼՂՀ կարգավիճակի որոշումը: Նույնիսկ եթե գործը հասնի հակամարտող կողմերի միջեւ Մեծ համաձայնագրի ստորագրմանը, ապա դրա ստորագրումը անհնարին է: Ադրբեջանը կպահանջի առավելագույնը, իսկ Հայաստանը եւ ԼՂՀ-ը ոչ մի զիջման չեն գնա, եւ արդյունքում նախնական համաձայնագրի ստորագրումը կբերի հայկական կողմի վրա միջազգային հանրության նոր ճնշմանը: Եվ այդ ճնշումը կշարունակի կախված մնալ մեր գլխին Դամոկլյան սրի պես: Հայկական եւ ադրբեջանական հանրությունները դեռ պատրաստ չեն որեւէ փոխզիջումային որոշման: Եվ ինչն է կարեւոր, Մեծ համաձայնագրի ստորագրման դեպքում անխուսափելի է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության եւ բնակչության դիմադրությունը:

Ղարաբաղյան խդնրի շուրջ բանակցությունների ձեւաչափը եւ բովանդակությունը իմիտացիա է կամ էլ հայկական կողմի աններելի եւ միամիտ զիջողություն: Ադրբեջանը պատրաստվում է լուծել հարցը ռազմական եղանակով եւ այդպիսով հրաժարվում է ամեն տեսակ զիջումներից: Նրանք ցանկանում են ամեն ինչ անմիջապես ստանալ, եւ Հայաստանը իրավունք չունի փակել աչքերը պատերազմի նախապատրաստության վրա: Միջազգային հանրությունը, ադրբեջանցի քարոզիչների ջանքերի շնորհիվ, արդեն պատրաստ է պատերազմական ավարտի եւ դրա կողմից դատապարտության հույս կարող ենք չունենալ:

Մենք ուրախանում ենք, եթե կարելի է այդպես արտահայտվել, Եվրախորհրդարանի Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը դատապարտող բանաձեւի առիթով: Արդյո՞ք հայկական կողմը առիթ ունի նման լավատեսության համար:

Իրականում, Եվրոպական խորհրդարանը քննարկում է Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից անջատ, այն դեպքում, երբ դրա ակունքները պետք է փնտրել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության մեջ: Հայկական կողմին ոգեւորած Եվրախորհրդարանի` Նախիջեւանում Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձեւի ընդունումը ոչինչ չի որոշում, քանի որ համապատասխան եզրակացություններ չեն արվում, մասնավորապես, չեն նախատեսվում պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ: Բանձեւը կարող է ունենալ ինչ-որ արդյունք միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք հասնել առաջխաղացման տեղեկատվական պատերազմում: Բանաձեւում, ի դեպ, կոչ է արվում երկու երկրներին «չավերել պատմական հուշարձանները»: Ի՞նչ է դա նշանակում. նո՞րից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան է դրվում. այսպես կոչված քաղաքական քաղաքավարությու՞ն: Ես պետք է նշեմ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բոլոր բանաձեւերը եւս կիսակատար են. դրանցում չի ճշտվում հանցագործության համար պատասխանատվությունը, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները: Իսկ եթե դիտարկենք ընդհանուր առմամբ, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանը պետական մակարդակով ցեղասպանության քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ:

Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է հրաժարվի Բաքվի հետ բանակցություններից:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը լիովին ճիշտ է, երբ ասում է, որ Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից: Ես լիովին համաձայն եմ ԼՂՀ նախագահի հետ: Հայաստանը պետք է դուրս գար բանակցային գործընթացից դեռ Բուդապեշտում հայազգի սպայի սպանությունից հետո, եւ արդեն առավել եւս Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումից հետո: Հայկական կողմը պետք է ընդգրկի վերը նշված բոլոր դեպքերը բանակցությունների ձեւաչափում: Դրանք բոլորը հայտնի դիվանագիտական գործելաձեւեր են. հրաժարվել մասնակցությունից, որպեսզի հետագայում վերադառնալ նոր առաջարկներով: Չի կարելի միշտ գտնվել նույն դիրքերում:

Ի՞նչի հասավ Հայաստանը ղարաբաղյան շարժման 18 տարիների ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմի սկզբից անցած 18 տարիների ընթացքում հայերը ապացուցել են, որ կարող են հաղթել, զարգանալ, նույնիսկ ադրբեջանաթուրքական շրջափակման պայմաններում: Հայաստանը ի վիճակի է ապահովել իր սահմանների անվտանգությունը` վերահսկելով 42 քառ. կմ (Հայաստանը եւ ԼՂՀ-ն միասին): Հայաստանի տնտեսությունը ոչ միայն գոյատեւել է, այլ նաեւ շարժվում է առաջ: Հայկական ռազմավարական միտքը արդեն սկսում է ձեւավորել, նաեւ գործել ինչպես հասարակական կարծիքի վրա, այնպես էլ իշխանության բարձրագույն մարմինների որոշումների ընդունման վրա: Ես համոզված եմ, որ տվյալ պարագայում ժամանակը աշխատում է մեր օգտին, քանի որ ազգային անվտանգության ռազմավարության զարգացման հետ է, որ կարելի է բարձրացնել պետական կառավարման մակարդակը, այդ թվում կաշառակերության դեմ պայքարը եւ կադրային հարցերը: Ի վերջո, կսկսի ձեւավորվել իրական հայրենասիրական քաղաքական վերնախավը:

Ինչպպիսի՞ն են ձեր կանխատեսումները մոտակա ապագայի համար:

Մենք կանգնած ենք պատերազմի շեմին: Ավաղ, դա իրողություն է, որի հետ հարկավոր է հաշվի նստել: Եվ այնքան էլ կարեւոր չէ, հիմա կսանձազերծվի պատերազմը, մեկ տարուց թե հինգ տարի անց: Պատմության համար դրանք վայրկյաններ են: Պատերազմից կարելի է խուսափել միայն մեկ դեպքում` հասնել պետականության ամրապնդմանը, բանակի մարտունակության բարձրացմանը, կառուցել ազգային անվտանգության կայացած համակարգ, որպեսզի Ադրբեջանը երբեք համոզված չլինի, որ կարող է հաջողության հասնել իր պլանավորած ագրեսիայի ընթացքում: Նման եզրակացությունը պահանջում է արմատապես փոխել պետական շինարարության կուրսը բոլոր ուղղություններով եւ բոլոր ոլորտներում: Կադրեր, տեղեկատվություն, գաղափարախոսություն: Հարկավոր է բարելավել ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում: Ցավոք, պատերազմի թեման հայկական քաղաքական վերնախավում ընդունված չէ քննարկել, իբր, բնակչության շրջանում խուճապ չտարածելու համար: Սակայն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մտածել վաղվա պատերազմի մասին, հենց այն պատճառով, որ դա չլինի: Չէ որ մեր ռազմավարական խորությունն ու մարդկային ռեսուրսներն այնպիսին են, որ պատերազմի անբարենպաստ ելքի դեպքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն եւ ազգ: Եթե այնուամենայնիվ Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա այս անգամ այն կարճատեւ կլինի` երկու-երեք օրից մինչեւ մի քանի շաբաթ: Ինչպիսին էր «յոթօրյա պատերազմը» Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ: Սակայն հենց այդ օրերն էլ որոշում են ազգի ճակատագիրը, քանի որ մենք ժամանակ չենք ունենա արմատապես բարեփոխելու որեւէ բան ռազմական գործողությունների ընթացքում: Մեր տրամադրվածությունը պետք է բացառապես հաղթական լինի: Հաղթանակը դա տարածքային ձեռքբերումներ են, քանի որ պաշտպանության խորության բացակայության պատճառով եւ կորուստներից եւ ավերածություններից խուսափելու համար ապագա պատերազմի վարման ճիշտ ռազմավարություն կլինի տեղափոխել այն հակառակորդի տարածք: Բարոյական առումով մենք կարող ենք հանգիստ լինել` մինչեւ բնական սահման հանդիսացող Քուր գետի տարածքները բուն հայկական հողերն են: Մի խոսքով, խաղաղություն ես ցանկանում` պատրաստվիր պատերազմի:
---