Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց

Բրայան Ֆոլ.

Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց

PanARMENIAN.Net - Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան կատարած Ձեր այցելության արդյունքները:

Ես Հայաստան եմ գալիս տարին երկու անգամ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև խորհրակցություններ անցկացնելու համար: Այցի շրջանակներում ես հանդիպել եմ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Իմ այցն ինձ հնարավորություն է տվել ծանոթանալ Հայաստանում տիրող իրավիճակի հետ և, ինձ մոտ լավ տպավորություն է ստեղծվել: Մենք Հայաստանի հետ կարևոր նպատակներ ունենք, օրինակ, մենք մոտ ապագայում պայմանագիր ենք ստորագրելու մեր երկրների միջև կրկնակի հարկադրումից խուսափելու համար: Իմ այցելության երկրորդ ասպեկտը վերաբերվում է նրան, որ ես Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ եմ: Թեև Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ չէ, բայց մեզ հետքրքրում է ղարաբաղյան գործընթացքում առկա իրավիճակը, և մենք աջակցումենք Մինսկի խմբի ջանքերին: Երևանում ես հանդիպել եմ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանի, ուստի կարող եմ ասել, որ հիմա բավական տեղյակ եմ գործընթացի մասին: Ուրախ եմ, որ կողմերի միջև գոյություն ունի համագործակցության դրակամ միտում: Մենք հուսով ենք, որ առաջիկայում` ամռան մոտ, ղարաբաղյան հակամարտության գործընթացում կարելի կլինի արձանագրել որոշակի առաջընթաց: Ամենագլխավորն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ լուծում ունենա, և հենց այդ մասին ենք մենք զրուցում Երևանում և Բաքվում մեր հանդիպումների ժամանակ:

Ինչպիսի՞ շահեր է հետապնդում Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասի տարածաշրջանում և ինչպիսի՞ դեր է խաղում Հայաստանը Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Տարածաշրջանում մենք քաղաքականություն ենք վարում և զարգացնում երկկողմաի հարաբերությունները երեք պետությունների հետ` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի: Մենք ուրախ կլինեինք տեսնել, թե ինչպես են այդ երկրները համագործակցում, լուծված տեսնել ղարաբաղյան հակամարտությունը: Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության և անվտանգության, տնտեսության զարգացման, ժողովրդավարության խորացման մեջ և փորձում ենք ամեն կերպ աջակցել դրան: Մեզ հետաքրքրում են նաև էներգետիկ հեռանկարները, բայց դրանք ամենակարևորը չեն մեզ համար: Մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ մենք շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, քանի որ այդ խնդրի լուծումից հետո Հայաստանի համար ավելի հեշտ կլինի ուշադրությունը կենտրոնացնել ներքին խնդիրների վրա` ժողովրդավարության հարցերի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության:

Եվրամիության տարածաշրջանային քաղաքականության մեջ կարևոր դեր է խաղում «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է այն տալ տարածաշրջանի երկրներին՝ հաշվի առնելով տարածաշրջանում չկարգավորված խնդիրների առկայությունը:

Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծված լիներ, սակայն պետք չէ ամեն ինչ կապել այս խնդրի հետ, հատկապես այն պայմաններում, երբ մենք չգիտենք, թե երբ այդ հակամարտությունը կլուծվի: ԵՄ հետ երկրների համագործակցությունը կառուցվում է յուրաքանչյուր հարավկովկասյան երկրի համար առանձին վերցրած: Մենք մտադիր չենք «ընդհանուր համազգեստ» ստեղծել բոլոր այդ պետությունների համար: Հայաստանի դեպքում մենք համոզված ենք, որ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնված է ոչ թե արտասահմանցիների, այլ հենց Հայաստանի քաղաքացիների համար: Մեր գործն է առաջարկել ԵՄ հետ համագործակցության հնարավորություններ: Հայաստանը, կարելի է ասել, «գերազանց» գնահատական է ստանում Ասոցիացիայի մասին համաձայնագրի կնքման բանակցային գործընթացում, բայց իհարկե առջևում Հայասգտանին սպասում են բանակցությունների ոչ պակաս կարևոր կետեր:

Դուք արդեն նշել եք, որ առաջիկայում դրական տեղաշարժեր եք ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Ինչ՞ով է բացատրվում Ձեր լավատեսությունը, չէ՞ որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Դուք ճիշտ եք, մեզ անհանգստացնում են հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը և մարդկանց մահը: Դա պետք է ահազանգ կլինի միջազգային հանրության համար, որպեսզի այն ակտիվ միջոցներ ձեռնարկի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հակամարտության կողմերը պետք է հասկանան, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հետևանքներն աղետալի կլինեն, և հենց այդ պատճառով կողմերը պետք է բազմապատկեն ջանքերը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հաջողության համար անհրաժեշտ է փոխզիջում երկու կողմերից: Ինչո՞ւ ես նշեցի, որ մոտ ապագայում առաջընթաց եմ ակնկալում: Սովորաբար գարնանը բանակցային գործընթացն ակտիվանում է:

Դուք նշեցիք, որ խնդրի լուծման համար փոխզիջումը պետք է լինի երկու կողմերից: Ինչպե՞ս եք գնահատում դիպուկահարներին շփման գծից հեռացնելու ադրբեջանական կողմի հրաժարվելն այն ժամանակ, երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դրական են արձագանքել միջազգային հանրության այդ առաջարկին:

Զորքերի շփման գծից դիպուկահարների հեռացումը, անկասկած, կօգներ խուսափել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից: Մենք միշտ ասում ենք, որ ռազմական լուծում չպետք է լինի, քանի որ դա անցանկալի է և անթույլատրելի:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքները: Արևմուտքին չե՞ն անհանգստացնում նման ահաբեկչական հայտարարությունները:

Ես քաղավիացիայի ոլորտի փորձագետ չեմ, բայց եթե, ես ասում եմ «եթե», ինչ-որ ավիաչվերթի բացումը ենթադրում է ինքնիշխանություն և ուղղված է իրավիճակը փոխելուն, ապա դա ապակառուցողական և ոչ խելամիտ քայլ է: Իհարկե, քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնելը նույնպես վատ է: Կողմերը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կստիպեն կողմերից մեկին գնալ հակաքայլերի՝ իրենց հաշվին միավորներ գրանցելու համար: Այս ամենին պետք է շատ զգույշ մոտենալ:

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին չի մասնակցում խնդրի հիմնական կողմը, որն ամեն շատ է տուժել: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Հնարավո՞ր է արդյոք հասնել հիմնախնդրի լուծման առանց ղարաբաղյան կողմի ներկայացուցիչների մասնակցության:
Եթե մենք նայենք հրադադարի մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 1994-ին, ապա կտեսնենք, որ այդ փաստաթղթի տակ կա նաև ԼՂ պաշտոնական ներկայացուցչի ստորագրությունը: Եթե մենք որոշենք ղարաբաղյան կողմի ներկայացուցիչներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա մենք հետաքրքիր դիվանագիտական խաղ կխաղանք՝ բանակցությունների ձևաչափի փոփոխություն: Ադրբեջանը չի հանդուրժի ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին, քանի որ դա կնշանակի դե ֆակտո Ղարաբաղի ճանաչում որպես բանակցություններում անկախ կողմ: Մենք անցյալում բախվել ենք այդ խնդրի հետ: Համոզված եմ, որ Հայաստանը չի ստորագրի փաստաթուղթ, որը չի բխի Ղարաբաղի ժողովրդի շահերից:

Ինչպե՞ս է Մեծ Բրիտանիան վերաբերվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հույս ունե՞ք, որ այդ գործընթացի կվերսկսվի:

Մենք միշտ այդ հույսն ունենք: Մեզ համար կարևոր է, որպեսզի երկու պետությունները, որոնց հետ ունենք բարեկամական հարաբերություններ, դուրս գան այդ արհեստական իրավիճակից: Այսպիսի իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Շուտով Թուրքիայում ընտրություններ կլինեն, և չեմ կարծում, որ ընտրություններից առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղաշարժ կլինի, բայց հուսով եմ, որ դրանցից հետո կլինի: Եթե դա հեշտ խնդիր լիներ, ապա այն լուծված կլիներ: Արձանագրությունների ստորագրումն առաջընթացի կարևոր քայլ էր, և հուսով եմ, որ կողմերը դրանց դեռ կվերդառնան:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
---