Windows Phone-ը փոխում է սմարթֆոնի օգտագործման եղանակը

Կարլ Դևիս-Բարեթ.

Windows Phone-ը փոխում է սմարթֆոնի օգտագործման եղանակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերին երկօրյա այցով Երևանում էր «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի DPE տեխնիկական գծով ղեկավար Կարլ Դևիս-Բարեթը։ Նրան Հայաստան էր հրավիրել «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչությունը՝ Մայքրոսոֆթի Ինովացիոն կենտրոնում սեմինարներով հանդես գալու համար։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, Կարլ Դևիս-Բարեթը խոսեց Windows Phone բջջային օպերացիոն համակարգի առավելությունների մասին, որոշ կանխատեսումներ արեց բջջային աշխարհի ապագայի մասին և կիսվեց Հայաստանի ՏՏ ոլորտի մասին իր տպավորություններով։ Ըստ նրա, Հայաստանում ՏՏ ոլորտում մեծ ներուժ կա։
Այսօր օնլայն մամուլը լի է նյութերով տարբեր օպերացիոն համակարգերի առավելությունների և բացասական կողմերի մասին։ Մրցակցության դաշտում պայքարում են Apple-ի iOS-ը և Google-ի Android-ը։ Ինչո՞վ է Windows Phone-ը առավել նրանցից։
Այլ օպերացիոն համակարգերում միայն պատկերներ են (icons), որոնց վրա սեղմելով նոր կարողանում ես տեսնել օրինակ ընկերներիդ թարմացումները։ Windows Phone-ում ուշադրության կենտրոնում մարդիկ են։ Մենք մի տեղում ենք հավաքում մարդու մասին բոլոր տեղեկությունները՝ սկսած ծննդյան օրից և հեռախոսահամարից մինչև վերջին թարմացումները տարբեր պորտալներում։

Բազմաթիվ լրատվամիջոցներ գրել են, թե ինչպես է Windows Phone-ը փոխում հեռախոսի օգտագործման եղանակը։ Օրվա վերջում, երբ «թերթում ես» հեռախոսդ, քեզ հետաքրքրում են հենց մարդիկ։ Windows Phone-ի քո հասցեներում մարդու անվան վրա սեղմելով՝ տեսնում ես վերջինիս բոլոր գրառումները և թարմացումները բոլոր ծրագրերում (applications): Այլ կերպ ասած, մենք տեղեկությունները ավելի ենք մոտեցնում մարդկանց։

Արձագանքները, որ մենք ստացել ենք, զարմանալի էին։ Մեր ինտերֆեյսի հեռանկարները գերազանց են գնահատվում։

Ինչ ե՞ք կարծում, արդյոք Windows Phone-ը կդառնա նույնքան ճանաչված, որքան Windows-ը համակարգիչների համար։
Ես նման հույսեր ունեմ։ Դա կախված կլինի սարքերի այն քանակից, որը մենք կվաճառենք։ Եվ բնակաբար որքան շատ արտադրողների հետ համագործակցենք, այնքան էլ կտարածվի Windows Phone-ը։ Մենք այս պահին աշխատում ենք HTC-ի և Samsung-ի հետ։ Նոր համագործակցություն ենք ձեռք բերել Nokia-ի հետ։ Մենք պատրաստվում ենք ունենալ Windows Phone-ով աշխատող բազմաթիվ սմարթֆոններ, որոնք կնպաստեն օգտագործողների քանակի աճին։

Ինչպե՞ս եք պատկերացնում սմարթֆոնների ապագան։ Արդյո՞ք կշարունակեն գործել բջջային օպերատորները, թե՞ մարդիկ միմյանց կզանգեն Skype-ի և նման այլ ծրագրերի միջոցով։
Չեմ կարծում, որ մեկը մյուսին կարողանա փոխարինել։ Microsoft-ը գնեց Skype-ը։ Այո, հեռահաղորդակցային ծրագրերի առկայությունը բջջային օպերատորի տպավորություն է ստեղծում։ Սակայն, այլ հարց է, թե որքան երկար մենք կունենանք հեռահաղորդակցության կառույցների կարիքը։ Ես շատ կցանկանայի կանխատեսել ապագան, սակայն իրոք չեմ կարող։

Ես միշտ հարցնում եմ զրուցակիցներիս. ի՞նչ եք կարծում, արժե՞ վստահել ամպային ծառայություններին։
Որպեսզի հասկանաս, թե որքանո՞վ են ապահով ամպային ծառայությունները, նախևառաջ պետք է համեմատես, թե որքանո՞վ է ապահով պահել տվյալները սեփական տանը։ Ամեն ինչ մշտապես կախված է նրանից, թե որքան գումար ես ծախսում անվտանգության համար, ինչպես նաև՝ որքան զգուշորեն ես կառավարում քո տվյալները։

Զլանալու դեպքում կարող են վտանգներ առաջնալ և դրանք կարող են հափշտակվել։ Սակայն, եթե, օրինակ դու վստահում ես Microsoft-ի տվյալների պահպանման կենտրոններին, ավելի ապահով կլինես։ Մենք մեծ գումարներ են ծախսում նախևառաջ ֆիզիկական անվտանգության վրա, ապա նաև տեխնիկական։ Ոչ ոք չի կարող ներխուժել տվյալների պահպանման կենտրոն։ Սահմանափակ քանակությամբ մարդիկ ունեն այդ իրավունքը։ Մենք անգամ ունենք կենսաչափական անվտանգություն։

Համոզվելով, որ ամպային ծառայությունները ապահով են, հասկանում ես, որ քո տվյալների անվտանգությունը սեփական տանը ապահովելու համար, պետք է պատրաստ լինես մեծ գումարներ ծախսել։

Մե՞ծ է արդյոք տարբերությունը Windows 7-ի և Windows 8-ի միջև։
Անարդար կլինի ասել, որ Windows 8-ը նախագծվել է Windows 7-ի հիման վրա։ Մեր պաշտոնական կարգախոսն է՝ Windows 8 is the PC re-imagined, այն է Windows 8-ը համակարգչի վերապատկերացում է։ Այն համակարգչի հետ աշխատելու միանգամայն նոր տարբերակ է։ Այն նախագծված է ավելի արագ և արդյունավետ աշխատանքի համար։ Նախագծված լինելով թե՛ սովորական համակարգիչների և թե՛ պլանշետային համակարգիչների համար՝ Windows 8-ը Microsoft-ին տալիս է տարբեր սարքերի հետ աշխատելու ճկունություն։

Ինչ գիտե՞ք Հայաստանի ՏՏ ոլորտի մասին, կարո՞ղ եք գնահատել այն։
Ես գաղափար չունեմ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին, քանի որ առաջին անգամ եմ այստեղ։ Պետք է նշեմ, որ հասցրել եմ այցելել ՏՏ ոլորտի երկու ընկերություններ և տպավորված եմ։ Չեմ ցանկանում նշել ընկերությունների անունները, սակայն նրանք զբաղվում են բջջային ծրագրերի նախագծմամբ։ Եվ եթե դուք ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ես բավական տպավորված եմ նրանց թիմային աշխատանքով, թե ինչպես են նրանք իրականացնում հաճախորդի պատվերը։ Պետք է նշեմ, որ նրանք նախագծում էին շատ բարդ ծրագիր։ Ես չեմ կարող ասել, որ երկու ընկերություններն ամբողջ Հայաստանը կարող են ներկայացնել, սակայն իմ տպավորությունները հուշում են ինձ, որ այտեղ ՏՏ ոլորտում մեծ ներուժ և տաղանդ կա։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News