Circle.am-ում գրանցված կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում

Circle.am-ում գրանցված կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում

PanARMENIAN.Net - Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների տվյալների համաձայն, Circle.am-ում գրանցված կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում: Ամռան տվյալների համեմատ այս ցուցանիշը չի փոփոխվել: Այդ միջոցին, ինչպես հաղորդվում է Circle.am-ի և «Բիզնես 24»-ի կողմից 2010 թվականի աշնան արդյունքներով պատրաստված «Ինտերնետը Հայաստանում» զեկույցում, .com դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշն ամռան համեմատ աճել է 1 տոկոսային կետով և կազմել 30%, միևնույն ժամանակահատվածում .ru դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշը նվազել է 1 տոկոսային կետով և կազմել 7%: .net դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշը չի փոփոխվել և կրկին կազմել է 3%, մնացած դոմենային գոտիներին բաժին է ընկնում գրանցված կայքերի 9%-ը:

Circle.am-ում գրանցված կայքերի տեղաբաշխվածությունն ըստ երկրների հետևյալն է` ԱՄՆ - 57.09% (898 կայք), Հայաստան - 19.58% (308), Ռուսաստան - 9.47% (149), Մեծ Բրիտանիա - 5.21% (82), Կանադա -2.86% (45), Գերմանիա - 1.72% (27), Նիդերլանդներ - 1.4% (22), Ուկրաինա - 0.64% (10), Ֆրանսիա - 0.57% (9), Իռլանդիա - 0.32% (5), Լատվիա - 0.19% (3), Վրաստան, Դանիա, Իտալիա, Շվեցիա - 0.13-ական տոկոս (2), Հունաստան, Իսպանիա, Կորեա, Լեհաստան, Չեխիա, Շվեյցարիա, Էստոնիա - 0.06-ական տոկոս (1):

Վերլուծաբանների կարծիքով` նույն գնային միջակայքում առաջարկվող ամերիկյան և հայաստանյան վիրտուալ հոսթինգի ծառայությունների համեմատությունը Հայաստանի օգտին չէ: Հայաստանյան պրովայդերի արժեքը` 10 դոլար/ամիս է, տրաֆիկը` 1 տերաբայթ, տարածքը` 500 մեգաբայթ, փոքր քանակությամբ հավելյալ անվճար ծառայություններ: Ամերիկյան պրովայդերի դեպքում արժեքը կազմում է 8 դոլար/ամիս, տրաֆիկը` անսահմանափակ, տարածքը` 600 գիգաբայթ, մեծ քանակությամբ հավելյալ անվճար ծառայություններ:

Սպասարկման, տեխնիկական աջակցության, կապուղիների տարողության առումներով նույնպես հայաստանյան ընկերությունները զիջում են իրենց արտասահմանյան գործընկերներին: Արտասահմանում վիրտուալ սերվերի աշխատանքի խափանման դեպքում պրովայդերը խնդիրը լուծում է հաշված րոպեների ընթացքում, մինչդեռ Հայաստանում ժամը 18.00-ից հետո գործնականում անհնար է ստանալ անգամ տարրական հարցերին վերաբերող պատասխաններ:

Circle.am-ը հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ է: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 38-43%, սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---