Մարկ Հորթոնը բարձր է գնահատել ԱՄՀ ծրագրերի արդյունքները Հայաստանում

Մարկ Հորթոնը բարձր է գնահատել ԱՄՀ ծրագրերի արդյունքները Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:

Մարկ Հորթոնը վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները` ծրագրի կատարողականի վերաբերյալ: «Կարծում եմ` համատեղ գերազանց առաքելություն ենք իրականացրել, որովհետև կարողացել ենք իրագործել այն, ինչ մեր առջև սահմանել էինք: 2011թ. վերջին արձանագրված արդյունքներով ծրագրի կատարողականը բարձր է, իսկ ՀՀ պետական բյուջեի արդյունքների առումով կատարողականը բացառիկ է: Սոցիալական ծախսերի հասցեականության բարձրացմանն ուղղված միջոցառումը ևս գերազանց է և ողջունելի: Հիշատակման է արժանի նաև պահուստների ապահովման չափորոշիչի կատարումը, որն ամբողջովին ապահովվել է»,- ասել է Մարկ Հորթոնը: Նա նշել է, որ ԱՄՀ-ն առաջիկայում պատրաստ է օժանադակություն ցուցաբերել Հայաստանին` հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար (մոտ 60 մլն դոլար):

«Ուրախ ենք, որ ծրագրի կատարողականը բարձր է գնահատվում: Ապագա տարիների համար մեր հիմնական մակրոտնտեսական խնդիրն է լինելու մասնավոր ներդրումների ցուցանիշի բարելավումը, ինչին կնպաստի նաև արդյունաբերական նոր քաղաքականությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մարկ Հորթոնն իր հերթին շնորհավորել է վարչապետին` 2012 թ. համար նախատեսված հարկային հավակնոտ փաթեթն Ազգային Ժողովում հաստատելու կապակցությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն ուրախալի է համարել պետական եկամուտների կոմիտեում վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումները: Մարկ Հորթոնը ողջունել է «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրի իրականացումը, ինչպես նաև կառավարության բարեփոխումները սոցիալական ոլորտում, մասնավորապես` կենսաթոշակային համակարգում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---