«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը առաջարկում է ստեղծել հատուկ բնապահպանական հիմնադրամ

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը առաջարկում է ստեղծել հատուկ բնապահպանական հիմնադրամ

PanARMENIAN.Net - Երևանի «Կոնգրես» հյուրանոցում վաղը` ժամը 13:30-18:00-ը կկազմակերպվի բնապահպանական կոնֆերանս: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում են «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունից` քննարկմանը կմասնակցեն ոլորտի մասնագետները, շահագրգիռ կազմակերպությունները, պետական մարմինները, ինչպես նաև Հայաստանի էկոլոգիական վիճակով հետաքրքրված քաղաքացիները:

Կոնֆերանսի նպատակն է ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները եւ առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ:

«Վերջին տարիներին աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով եւ այլն: Այսպես` այլևս չի կարող շարունակվել և անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ»,–նշում են հավաքի նախաձեռնողները:

Բնապահպանները որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում են նաեւ դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձեւավորման եւ հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը: Ըստ նրանց, այդ մարմինները կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման և մեր երկրի տնտեսության բանական զարգացման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---