Մինսկի քաղգործկոմի նախագահի տեղակալը հրաշալի տպավորություններով կհեռանա Երևանից

Մինսկի քաղգործկոմի նախագահի տեղակալը հրաշալի տպավորություններով  կհեռանա Երևանից

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու առիթով Երևան ժամանած Մինսկի պատվիրակության ղեկավար, քաղգործկոմի նախագահի տեղակալ Իգոր Կարպենկոյի հետ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին` Վանո Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մինսկի պատվիրակությանը Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու համար: Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանը կարևորում է Մինսկի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ընդլայնումը, ինչպես նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ հստակ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իգոր Կարպենկոն նշել է, որ հիացած է Երևանով, տոնական միջոցառումներով ու հյուրասեր երևանցիներով. «Հրաշալի տպավորություններով եմ հեռանալու Երևանից: Ձեր մայրաքաղաքն իսկապես տոնական էր թե հանդերձանքով, թե ջերմ մթնոլորտով»,-նշել է Մինսկի քաղգործկոմի նախագահի տեղակալը` ընդգծելով, որ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է:

Իգոր Կարպենկոն Վանո Վարդանյանին է փոխանցել Մինսկի քաղգործկոմի նախագահ Նիկոլայ Լադուտկոյի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հղված ջերմ ողջույնները և Մինսկ այցելելու պաշտոնական հրավերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---