Ապրիլի 24-ին երթեր են տեղի ունեցել Բուլղարիայի հայաշատ քաղաքներում

Ապրիլի 24-ին երթեր են տեղի ունեցել Բուլղարիայի հայաշատ քաղաքներում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ առաքելական եկեղեցու տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, թեմական խորհրդի նախագահը, դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի անդամները, ինչպես նաև բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երեկոյան երթով Սոֆիայի հայկական եկեղեցուց շարժվեցին դեպի «Երևանյան» պուրակում տեղադրված Հայկական խաչքարը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Խաչքարի մոտ սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված սգո հանրահավաքը: Տեղի ունեցավ լռության րոպե, պսակադրման արարողություն, մոմավառություն, ելույթ ունեցավ Սոֆիայի հայկական պարային համույթը:

Հանրահավաքին ելույթներով հանդես եկան ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր, Բուլղարիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Վարդանուշ Թոփաքբաշյանը, որը ներկայացրեց Եվրոպայի Խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևի ուղերձը, ելույթ ունեցավ նաև ՎՄՌՕ /Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն/ կուսակցության փոխնախագահ և քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին: Հանրահավաքին ներկա էին ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սրբ. Կլիմենտ Օրհրդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտական բաժնի դասախոսներ և ուսանողներ, Սոֆիայում գործող բուլղարահայ ազգային մարմինների, կրթամշակութային և այլ կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ և գործարարներ: Նույն օրը Բուլղարիայի բոլոր գործող հայկական եկեղեցիներում տեղի ունեցան պատարագներ և մատուցվեցին հոգեհանգստյան արարողություններ:

Ապրիլի 24-ին Պլովդիվ, Վառնա, Բուրգաս, Սիլիստրա, Շումեն Յամբոլ, Ռուսե, Ստառա-Զագոռա հայաշատ քաղաքներում նույնպես տեղի են ունեցել բազմամարդ երթեր, որոնց մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև բուլղար համախոհներ, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---