27 ապրիլի 2012 - 15:51 AMT
Հայկ Չոբանյան. ՏՏ ոլորտում պետական մրցույթների և գնումների գործընթացում առկա են մի շարք թերություններ

Առաջիկա 7 ամիսների ընթացքում ԻՏՁՄ-ն (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն) իրականացնելու է «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպանն այս մասին ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշեց, որ տեղական շուկայի զարգացման համար առաջնային գրավական է մնում, որ պետությունը տվյալ ոլորտի գլխավոր պատվիրատուն լինի:

«Պետական գնումների ոլորտում առկա են մի շարք թերություններ` հիմնականում կապված պետական գնումների մրցույթների թափանցիկ անցկացմանը, մրցույթների պայմաններին, թղթարարությանը և այլն: Ծրագիրն ուղղված է այս խնդիրների լուծմանը, համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծմանը»,- ասաց «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:

ԻՏՁՄ տնօրենը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է 2 ուղղությամբ. «Նախ պետք է ի հայտ բերել ոլորտի խնդիրներն ու ներկայացնել կառավարությանը, երկրորդ` ԶԼՄ-ներին նույնպես հասանելի դարձնել, ներկայացնել այդ խնդիրները»:

Ծրագիրն անցնելու է փորձագիտական վերլուծություն: Ծրագիրն իրականացվում է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Հայաստանի» և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսկական աջակցությամբ: