27 ապրիլի 2012 - 18:05 AMT
Վլադիմիր Կարապետյանը կոչ է անում Սամվել Ֆարմանյանին հանձնաժողով ստեղծել

Երեկ երեկոյան «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև»-ի եթերում բանավիճում էին ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանն ու ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Աղմուկ բարձրացրած բանավեճի արդյունքում այսօր 2-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

«Երեկ տեղի ունեցած բանավեճի ընթացքում Ֆարմանյանին ուղղված իմ բովանդակային հարցերին պատասխանելու փոխարեն ՀՀԿ ներկայացուցիչը պարզեց իմ կիսակառույց տան լուսանկարը` ցուցադրելով այն հեռուստադիտողին: Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ որպես դիվանագետ իմ պաշտոնավարման ընթացքում՝ մինչև 2008 թ. պատշաճ կերպով ներկայացրել եմ եկամուտի հայտարարագրեր: Նշեմ նաև, որ հպարտանում եմ այն հանգամանքով, որ ընտանիքիս անդամների օժանդակությամբ կարողացել եմ հիմք դնել և կառուցել մի հարմարավետ տուն, որը բաց է բոլորի առջև»:

Վլադիմիր Կարապետյանը կոչ է անում Սամվել Ֆարմանյանին «կազմել 1-2 հոգանոց համապատասխան հանձնաժողով/խումբ, որը կուսումնասիրի իմ եկամուտներն ու դրա ծախսերը: Կոչ եմ անում Ս. Ֆարմանյանին հրապարակել իր նախընտրական հիմնադրամի 9 միլիոն 508 հազար դրամի արված ծախսերի ծագումնաբանությունը, ինչպես նաև 15 մ2-ից մինչև 18 մ2 ծավալով թվով 27 քարոզչական պաստառները բազմաբնակարան շենքերի պատերին փակցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 23-ին, Ս. Ֆարմանյանը Նոր Նորքի վարչական տարածքին վճարել է 50.000 դրամ (մեկ հսկայական պաստառի համար` 1852 (!) դրամ): Այդ վճարումով իշխանության ներկայացուցիչն ընդունեց, որ մինչ վճարման պահը խախտվել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, որի արդյունքում տուժել էր համայնքային բյուջեն: Նույն հանձնաժողովը նաև ուսումնասիրի Սերժ Սարգսյանի եղբոր և փեսա՝ Սաշիկ Սարգսյանի և Միքայել Մինասյանի եկամուտները՝ սկսած 2000թ.: Հրապարակել ուսումնասիրությունների արդյունքները Հայլուր ծրագրով»:

ՀԱԿ անդամը վստահություն է հայտնել, որ դրանով կարելի է նպաստել քաղաքական գործիչների գործունեության թափանցիկությանը, ինչպես նաև բարձրացնել բնակչության իրազեկությունը պետական պաշտոնյաների վերաբերյալ: Այն դեպքում, եթե Ֆարմանյանը անտեսի առաջարկությունը, Կարապետյանը կմեկնաբանի այդ քայլը որպես նրա կողմից «անձնական կյանք ներխուժելու անպատվաբեր փորձ և քարոզարշավի ընթացքում կեղտոտ տեխնոլոգիաների կիրառում: Իր քարոչզության և գաղափարական հովանավորներ Սաշիկ Սարգսյանի և Միքայել Մինասյանի մասնավոր գործունեությունը պարտակելու միտում»: