27 ապրիլի 2012 - 18:18 AMT
«Ժառանգության» նախընտրական շտաբում ընդունել են ԵԺԿ խմբակցության փոխնախագահին

«Ժառանգության» կենտրոնական նախընտրական շտաբում տեղի է ունեցել ընդունելություն` ի պատիվ Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի: Ինչպես հայտնում են կուսակցության նախընտրական շտաբից, ընդունելությանը ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ, կուսակցության վարչության, համամասնական ցուցակի անդամներ:

«Իբրև Հայաստանի ժողովրդավարական հեռանկարին հավատարիմ քաղաքական ուժ` «Ժառանգությունը» անցած 5 տարիներին խորհրդարանում ու նրանից դուրս պայքարել է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու արժանապատվության և եվրոպական արժեքների համար, որոնք կիսում ենք ԵԺԿ մեծ ընտանիքի մեր գործընկերների հետ: Մենք հավատում ենք, որ առաջիկա ընտրություններում, հավատարիմ մնալով փետրվարի 10-ին Բրյուսելում ստորագրված հուշագրի մեր հանձնառություններին, «Ժառանգությունը» կարձանագրի լուրջ հաջողություններ, և Հայաստանը եվրոպական կառույցներին ավելի սերտ ինտեգրելու նոր հնարավորություններ կստանա»,- ողջույնի խոսքում նշել է կուսակցության միջազգային քարտուղար և խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը.:

Խայմե Մայոր Օրեխան իր հերթին իր ուրախությունն է հայտնելով Հայաստան այցելության կապակցությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ ԵԺԿ անդամ հայաստանյան երեք կուսակցությունների հետ հանդիպումների շարքը սկսում է «Ժառանգությունից»:

«Հայաստանը մաս է կազմում եվրոպական ընտանիքի և բռնել է եվրաինտեգրման ճանապարհը: Կարևորելով ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատության ապահովումը և Հայաստանի ընդհանուր ժողովրդավարացումը` ես «Ժառանգությանը» մաղթում եմ հաջողություններ մայիսի 6-ի ընտրություններում և ցանկանում, որ այդ ընտրություններում հաղթի Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը»,- ԵԺԿ-ի ուղերձն է փոխանցել Խայմե Մայոր Օրեխան: