Խայմե Մայոր Օրեխա. Եվրոպական ժողովրդական կուսակցությունը աջակցում է ՕԵԿ-ին

Խայմե Մայոր Օրեխա. Եվրոպական ժողովրդական կուսակցությունը աջակցում է ՕԵԿ-ին

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակությունը Երևանում հյուրընկալել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխային: ՕԵԿ-ից հայտնում են, որ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ԵԺԿ փոխնախագահը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր զորակցությունն է հայտնել եվրոպական մեծ քաղաքական ընտանիքի անդամ ՕԵԿ կուսակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարեփոխումների իրականացման և օրենքի գերակայության հետ կապված հարցերի շուրջ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ «Օրինաց երկիրը» Հայաստանի ամենաակտիվ քաղաքական միավորներից է, որը պայքարում է Հայաստանում բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման համար:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը աջակցում է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Մենք աջակցում ենք ձեզ, որովհետև դուք պայքարում եք մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման համար, մենք աջակցում ենք ձեզ, որովհետև դուք պայքարում եք Հայաստանում եվրոպական արժեքների տարածման համար: Այսօր` ընտրությունների նախաշեմին, ՕԵԿ-ի հաջողությունը կարևոր է մեր քաղաքական ընտանիքի համար», - հայտարարել է ԵԺԿ փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան:

 Ուշագրավ
---