«Ժառանգությունը» միանում է 5 կուսակցությունների ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին ուղղված նամակին

«Ժառանգությունը» միանում է 5 կուսակցությունների ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին ուղղված նամակին

PanARMENIAN.Net - «Ժառանգության» նախընտրական շտաբից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ կուսակցությունը միանում է ընտրություններին մասնակցող 5 կուսակցությունների նամակին, համաձայն որի յուրաքանչյուր կուսակցությանը տրամադրվի մեկ աշխատանքային տեղ, որպեսզի մայիսի 6-ից սկսած մինչև այն ժամկետը, երբ հնարավոր է վիճարկել ընտրությունների արդյունքները, այդ կուսակցությունները հնարավորություն ունենան այս կամ այն անձի վերաբերյալ ստանալ տեղեկատվություն` երբ են նրանք հատել Հայաստանի սահմանը և որ ուղղությամբ:

«Ժառանգությունը» երաշխավորում է, որ համակարգի միջոցով ստացված տվյալները օգտագործվելու են բացառապես երկու նպատակով` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:

«Ժառանգություն»-ում գտնում են նաև, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից տրամադրվելիք նշված հնարավորությունը «բավարար չէ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելուն վերաբերող ընտրախախտումները լիարժեքորեն բացահայտելու և պատժելու համար: Դրա մի տարբերակը ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակայնությունն է` ինչը տարիներ շարունակ պահանջել է «Ժառանգությունը», բայց միշտ հետևողականորեն մերժվել է իշխող կոալիցիայի կուսակցությունների կողմից: Իսկ մյուս տարբերակը արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիների` բնակության երկրներում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորության ապահովումն է, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի հակասահմանադրականության հետևանքով չի իրականացվում»:

ՀՀԿ առաջարկով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված համատեղ ուղերձի ստորագրման մասին ապրիլի 28-ի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Դավիթ Հարությունյանը:

 Ուշագրավ
---