ԵԱՀԿ առաքելությունն անձամբ ծանոթացել է ադրբեջանական դիվերսիայի և հայկական գյուղի գնդակոծման հետևանքներին

ԵԱՀԿ առաքելությունն անձամբ ծանոթացել է ադրբեջանական դիվերսիայի և հայկական գյուղի գնդակոծման հետևանքներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Հայաստանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն:

Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն եղել են նաև ՀՀ Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում, լուսանկարահանման և տեսագրման միջոցով արձանագրել են ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման հետքերը:

Նախքան Դովեղ գյուղ այցելելը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են ապրիլի 26-ին պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու վայրում` Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում, Բերդի ռազմական ոստիկանությունում մանրակրկիտ զննել են հարձակման ենթարկված մեքենան և նկարահանել են այն։

Ապրիլի 27-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:

Ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել. երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին (անձի կամ նրա մերձավորի սպանությունը ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---