ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» դիմումները

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ, որում ներկայացված էին 6 նախագծեր: Նիստում ԿԸՀ-ն մերժել է մեծամասնական ընտրակարգով 12-րդ ընտրատարածքում ՀԱԿ պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազորված անձի դիմումը` պատճառաբանելով, որ նույն դիմումը ներկայացվել է թիվ 12 ԸԸՀ և այն ընդունել է որոշումներ:

Դիմումը թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Լ. Խաչատրյանի և Գ. Վիզիրյանի կողմից չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները վերացնելու վերաբերյալ էր։

ԿԸՀ-ն այսօրվա նիստում մերժել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Հակոբջանյանի դիմումը: Կուսակցության Սիսիանի տարածքային ընտրական շտաբի պետը դիմել էր ԿԸՀ` բողոքելով, որ տեղի ուսումնական հաստատությունները մերժել են իրենց դահլիճ տրամադրել: ԿԸՀ-ն միաձայն մերժեց այս դիմումը, քանի որ պահանջը վերաբերել է ոչ թե դահլիճ տրամադրելուն, այլ դպրոցի աշխատակազմի հետ հանդիպելուն: Իսկ դա օրենքով չի սահմանվում:

Մերժվեց նաև Լևոն Զուրաբյանի դիմումը, որով նա պահանջում էր հեռացնել Ագարակ գյուղում սննդի առևտրի կետերում փակցված քարոզարշավի պաստառները: Դա էլ պատճառաբանվեց նրանով, որ ԿԸՀ-ն նման դեպքեր չի գրանցել, հայտնաբերվածներն էլ արդեն իսկ հեռացված են:

Հանձնաժողովը մերժեց նաև Արթուր Ավթանդիլյանի՝ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի արձանագրած մի շարք խախտումների մասին դիմումը։ Դիմումում նշվել էր, որ ԲՀԿ և ՀՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառքներ են բաժանում, ՕԵԿ-ը` ջեմեր և բջջային հեռախոսներ, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն էլ, որն ասոցացվում է ԲՀԿ-ի հետ, տրակտորներ է բաժանել որոշ համայնքներում: Դիմումը մերժվեց այն հիմնավորմամբ, թե ահազանգերի վերաբերյալ փաստեր չկան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---