Փորձագետ. Ամբողջ մայիս ամիսը Բաքուն կօգտագործի ՄԱԿ ԱԽ-ն հակահայկական հռետորության համար

Փորձագետ. Ամբողջ մայիս ամիսը Բաքուն կօգտագործի ՄԱԿ ԱԽ-ն հակահայկական հռետորության համար

PanARMENIAN.Net - «Մեկնաբանելով Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ ԱԽ-ոււմ՝ հարկ է նշել, որ Ադրբեջանի նախագահն իրավունք ունի օգտագործելու բոլոր հնարավոր դիվանագիտական լծակներն ու հարթակները Ղարաբաղի հարցում իր տեսակետը առաջ տանելու համար: Ավելին, վստահ եմ, որ ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի մայիսյան նախագահության առանցքը հակահայկական հռետորությունն է լինելու»,-այդ մասին լրագրողներին է հայտարարել ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիռնովը, հայտնում է Analitika.at.ua-ն:

«Սակայն, հարկ է նշել, որ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրողությունների դեպքում պաշտոնական Բաքվի նման գործողությունների արդյունավետությունը ցածր կլինի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ցանկություն չունեն փոխելու առկա ստատուս-կվոն ու ապակայունացնելու իրավիճակն առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանում»,-ասել է փորձագետը:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի նախագահի ելույթի քննադատությամբ: Ինչպես ասվում է հայտարարության մեջ «մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների և անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար: Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին իր երկրի հավատարմությունը վերահաստատելու փոխարեն, չարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ հեղինակավոր ամբիոնը՝ ադրբեջանական հակահայկական քարոզչության չարչրկված դրույթները կրկնելու համար, թերևս մոռանալով միայն հիշատակել «աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են» Ադրբեջանի ղեկավարության ռասիստական հայտնի թեզը: Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստին, Ադրբեջանի նախագահը անհաջող փորձ է կատարում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ղեկավարը լինելով մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու, տեղահանելու նպատակով սանձազերծված պատերազմում ակտիվորեն օգտագործել է հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի հետ սերտորեն կապված հազարավոր վարձկանների:

Ցինիզմի առանձնահատուկ դրսևորում է, երբ Հայաստանի հանդեպ սին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի ղեկավարը, որի իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդեր, էթնիկ զտումներ են կազմակերպելհայության դեմ, մի երկրի,որտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներին, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին հատուկ գործելաոճով՝ պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջև, ապա սպանում, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող մշակութային կոթողները:

ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, ռազմատենչ և թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը և հարված են հասցնում Անվտանգության խորհրդի հեղինակությանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---