Նալբանդյան. Չմիացած երկրների շարժման դեռևս մեկ տարվա անդամ Բաքուն արդեն խախտում է «Բանդունգի սկզբունքները»

Նալբանդյան. Չմիացած երկրների շարժման դեռևս մեկ տարվա անդամ Բաքուն արդեն խախտում է «Բանդունգի սկզբունքները»

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող` Չմիացած եկրների շարժման արտգործնախարարների հանդիպման աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդես եկավ ելույթով:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ ուրախ է վերադառնալ Եգիպտոս, որտեղ ապրել և աշխատել է 14 տարի` հավելելով, որ հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի հիման վրա:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` Էդվարդ Նալբանդյանը, դիմելով ներկա արտգործնախարարներին, նշեց. «Բոլորդ հասկանում եք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարության քարոզչական բնույթը, որը հավելյալ մեկնաբանության կարիք չունի: Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, և արդեն փորձում է, շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին` ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ»:

Նալբանդյանի խոսքով` կարևոր է ներկայացնել Ադրբեջանի կողմից այս հանդիպման հայտարարության 382-րդ պարբերության շուրջ իրականացվող մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: «Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը և փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլև հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Այդ առումով որևիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»` խտրականություն և ազգային ատելություն քարոզելով: Ինչպես այլ կերպ կարելի է բնութագրել Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---