Վիկտոր Դալլաքյանը չի ուզում հաշտվել պարտության հետ

Վիկտոր Դալլաքյանը չի ուզում հաշտվել պարտության հետ

PanARMENIAN.Net - ԱԺ 2012 ընտրություններից առաջ ՀՀԿ անդամ դարձած և մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում առաջադրված Վիկտոր Դալլաքյանը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Նա պահանջում է անվավեր ճանաչել թիվ 30 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, նա պարտվել է անկուսակցական Էդմոն Մարուքյանին:

Ըստ նրա` իր հակառակորդ էդմոն Մարուքյանը վերջին 5 տարում անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, ուստի պատգամավորության թեկնածուի հաղթանակը պետք է անվավեր ճանաչվի:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր քայլը, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Ես քայլ եմ կատարել: Դուք արդեն Ձեր մեկնաբանությունները կտաք, լա՞վ»,- չպարզաբանելով՝ թե կոնկրետ ինչ մեկնաբանությունների մասին է խոսքը:

Վիկտոր Դալլաքյանը 1995 թվականից մինչև այս տարվա ԱԺ ընտրությունները խորհրդարանում եղել է անկախ պատգամավոր:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---