97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն, օր 5-րդ՝ անատոմիական (վիդեո)

Կաննի կինոփառատոն, օր 5-րդ՝ անատոմիական

PanARMENIAN.Net - Մայիսի 20: Կաննի փառատոնի 5-րդ օրը: Այս օրը Կաննում սկանդալով նշանավորվեց: Աշխարհում քիչ հայտնի Լի Ֆրենսիսը, որը կրում է Կիտ Լեմոն կեղծանունը, միանգամայն օրիգինալ ձևով է որոշել գովազդել իր կատակերգական «Keith Lemon: The Film» ֆիլմը՝ ցուցադրելով իր մերկ հետույքը: Պաշտոնական ֆոտոսեսիային Կիտ Լեմոնը եկավ դերասանուհի Քելիի Բրուքի հետ և գարեջրի շիշը ձեռքին:

Լեմոնի մերկ քաոսը

Քրքրջոցներից ու ողջագուրումներից հետո Կիտ Լեմոնը անսպասելիորեն հանեց իր տաբատը, մնալով ընձառյուծի նախշերով զարդարված վարտիքով, և գցվեց լողավազանը: Իսկ Քելլի Բրուքը հանեց կոշիկները, որոնցով Լեմոնը սկսեց ջուր խմել լողավազանից: Սակայն, ինչպես գրում է wday.ru-ն, դրանով ուրախությունը չավարտվեց: Կիտ Լեմոնը սկսեց հանել վարտիքը՝ ֆոտոխցիկների առջև ցուցադրելով իր մերկ հետույքը: Ակցիան, հավանաբար, նախապես էր ծրագրված, չէ որ Կանն մեկնելուց առաջ Քելլի Բրուքը գրել էր Twitter-ում. «Կաննի ճանապարհին Լի Ֆրենսիսի հետ: Քաոսը սկսվում է»:

Ֆրանսիական հյուրասիրության հարված դեմքին

Պարզվում է, որ նախօրեին Կաննում ծեծել են ռուս դերասան և ռեժիսոր Արտյոմ Սեմակինին: Բանը նրանում է, որ երեկոյան հյուրանոց վերադառնալիս նա պաշտպանել է մի աղջկա, որին անսթափ տղամարդկանց մի խումբ էր անհանգստացնում: Ուժերն անհավասար էին, ծեծկռտուքի արդյունքում ռուս ռեժիսորը դեմքի և ոտքի վնասվածքներ ստացավ, գրում է Վեստին»: Իսկ ֆրանսիական ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը:

31-ամյա ռեժիսորը Կանն է ժամանել «Տրանզիշն» ֆիլմի պրոդյուսերների հետ:

Միխայել Հանեկեի սերն ու ականջները

Դառնանք բուն մրցույթին: Այսօր մրցութային օրը շարունակեց ավստրիացի Միխայել Հանեկեի «Սերը»: Ֆիլմում Ժան-Լուի Տրետինյանը, որն իր խոսքով չէր նկարահանվել արդեն 14 տարի, և Էմանուել Ռիվան խաղում են տարեց ամուսիններ Աննայի և Ժորժի դերերը, իսկ Կաննի կրկնակի մրցանակակիր Իզաբել Յուպպերը՝ նրանց դստերը, որն ապրում է այլ երկրում և տուն է վերադառնում մոր կաթվածի մասին իմանալով: Աննան կիսով չափ անդամալույծ է դառնում, սակայն խնդրում է ամուսնուն երդվել, որ նրան հիվանդանոց չեն տանի՝ ամուսինը պատրաստակամություն է հայտնում է խնամել կնոջը մինչև վերջ:

«Կյանքում պահեր են լինում, երբ անխուսափելիորեն բախվում ես սիրած էակի տառապանքներին՝ դա անխուսափելի է, սակայն հաշտվել դրա հետ անասելի դժվար է: Այդ մտորումներից էլ սկսվեց իմ նախագիծը: Սակայն, ես խնդիր չէի դրել մտորել ընդհանրապես հասարակության և հասարակության մեջ տարեցների տեղի մասին»,-ասաց ռեժիսորը ցուցադրությունից առաջ:

Հանեկեն նաև խոստովանեց լրագրողներին, որ իր համար որպես ռեժիսորի ականջները աչքերից կարևոր են: «Ես ավելի շատ ականջներով եմ աշխատում, քան աչքերով: Երբ ես ներկայացումներ էի բեմադրում թատրոնում, ես ավելի շատ ոտքերիս տակ էի նայում: Դերասանները զարմանում էին, իսկ ես ասում էի. «Այդպես ես ձեզ ավելի լավ եմ տեսնում»: Որովհետև չնայելով, ավելի լավ ես լսում կեղծ ձայնը, կամ ինչ-որ կեղծ բան նկատում տեսարանում: Նույնն էլ կինոյում է. երբ ես նկարահանում եմ, ես միշտ չէ, որ հարթակին եմ նայում, սակայն միշտ լսում եմ, թե ինչ է այնտեղ կատարվում»,-մեջբերում է Հանեկեի խոսքը ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տրետինյանը Հանեկեին անվանել է աշխարհի ամենապահանջկոտ ռեժիսորներից մեկը, նա միշտ հստակ գիտի, թե ինչ է ուզում, և կանգ չի առնում, քանի դեռ արդյունքի չի հասել: Այն տեսարանը, որտեղ Ժորժը ուզում է բռնել պատահաբար բնակարան մտած աղավնուն, մենք երկու օր ենք նկարահանել, քանի որ Միխայելը փորձում էր հրահանգներ տալ աղավնուն: Ի վերջո ստիպված եղանք փոխարինել թռչունին: Ես էլ շատ տանջվեցի՝ ես կոտրել էի դաստակս, իսկ Միխայելը ստիպեց ինձ հանել գիպսը»,-հիշում է Տրետինյանը:

«Սեփական անձի «որս»

5-րդ մրցութային ֆիլմի երկրորդ ֆիլմը Թոմաս Վինթերբերգի «Որսն» էր: «Որսի» գործողությունը տեղի է ունենում մի փոքր դանիական քաղաքում Սուրբ Ծննդյան նախօրեին: 40-ամյա Լուկասը (Մադս Միկկելսեն) իր կյանքը վերահսկելու ունակություն է ստանում: Վերապրելով ծանր ամուսնալուծությունը՝ Լուկասը նոր ընկերուհի է ստանում, փոխում է աշխատանքը և ողջ թափով գնում է դեպի իր դեռահաս որդու՝ Մարկուսի հետ հարաբերությունների վերականգնում: Սակայն, աստիճանաբար, ինչ-որ բան այնպես չգնաց: Հերոսի պատահական սուտը տարածվում է վիրուսի պես: Կասկածները սպառնալից չափերի են հասնում և Լուկասի շրջապատը հավաքական հիստերիայի մեջ է ընկնում: Այդ ողջ ընթացքում հերոսը միայնակ պայքարում է բոլորի դեմ, նա պարտավոր է պահպանել սեփական կյանքն ու արժանապատվությունը:

«Որսը» այն իրողության տագնապալի պատկերումն է, թե ինչպես է սուտը դառնում ճշմարտություն, սա ժամանակակից պատմություն է վհուկների որսի մասին, անարդարության, մեղքի ու ներման մասին: Սա պատկերում է, թե որքան փխրուն են մեր կապերը, որքան հեշտ է դրանք խզել բամբասանքների, կասկածների միջոցով: «Որսը» մի մարդու դիմանկար է, որը ամեն ինչ անում է իրեն արդարացնելու համար: Հայր ու որդին միմյանց են ձգտում, երբ փլուզվում է նրանց աշխարհը:

Այլընտրանքներ

Հատուկ հայացք անտեսանելի համասեռամոլների վերաբերյալ

Կինոփառատոնի 5-րդ օրը քննադատաների դատին «Հատուկ հայացք» ծրագրում ներկայացված էր ֆրանսիացի Սեբաստյան Լիֆշիցի «Անտեսանելիները» ֆիլմը: Ինչպես ասվում էր ֆիլմի անոտացիայում, սա փաստագրական սոցիալական դրամա է տարբեր տարիքի ու մասնագիտությունների համասեռականների մասին: «Դրանք կանայք ու տղամարդիկ են, որ ծնվել են երկու համաշխարհային պատերազմների միջև: Այդ տարբեր մարդկանց միավորում է միայն մի բան՝ նրանք բոլորը համասեռամոլներ են ու լեսբուհիներ, որոնք չեն ցանկացել դա թաքցնել այն ժամանակներում, երբ հանրությունը մերժում էր համասեռականներին: Նրանք սիրում էին, պայքարում, ցանկանում: Այսօր նրանք պատմում էին իրենց կյանքի մասին, չհանձնվելու ցանկության մասին, բոլորի նման լինելու ձգտման ու ազատության հատուկ ձևեր գտնելու անհրաժեշտության մասին: Ոչինչ չէր կարող վախեցնել նրանց…»:

Ահա այսպես….

Կաննում Կաննի մասին

Կաննի 65-րդ հոբելյանական փառատոնի արտամրցութային ծրագրում ցուցադրվեց Կաննի մասին պատնմող Ժիլ Ժակոբի ու Սամյուել Ֆորի «Առանձնահատուկ օրը» ֆիլմը: Դա փառատոնի 60-ամյակի օրն է, որին ներկա են եղել անվանի 34 ռեժիսորներ: Նրանք բոլորը Կանն են ժամանել ներկայացնելու համար իրենց հավաքական ստեղծագործության արդյունքը՝ Chacun son cinema ժապավենը: Կինոժապավենի ցուցադրությանը նախորդած օրը բոլոր վարպետներին հետևում էին օպերատորները, որոնց տեսախցիկները ֆիքսում էին նրանց տեղաշարժը ողջ օրվա ընթացքում:

Այդպես փառատոնի կուլիսների ետևում ծնվում էին շատ անսպասելի ու արտասովոր կադրեր, որոնք ներկայացնում են աշխարհի խոշորագույն ռեժիսորների եզակի մի դիմանկար: Այդ ռեժիսորների թվում են՝ Գաս Վան Սենտը, Քոեն եղբայրները, Ակի Կաուրիսմյակին, Ռոման Պոլանսկին, Նաննի Մորետտտին, Քեն Լոոuչը, Չժան Իմոուն, Չեն Կայգեն, Աբբաս Քյարոսթամի, Ուոլտեր Սալեսը, Վոնգ Կար-Վայը, Տակեշի Կիտանոն, Կլոդ Լելուշը, Ատոմ Էգոյանը, Դարդենն եղբայրները, Ցայ մին-Լյան, ինչպես նաև Ջեյն Քեմփիոնը…«Հոնց այդ օրը, որ նվիրված էր 34 բացառիկ ռեժիսորների, հենց այդ օրն են խորամանակ քնքշությամբ հիշում Ժակոբ և Սամյուել Ֆորերը, հանդիսատեսի առջև մի փոքր բացելով հայտնի վարպետների անձնական տարածք տանող դուռը: Ժիլ Ժակոբի նոր նախագիծը, որը հանդես է եկել որպես Chacun son cinema պրոդյուսեր, կոչված է հիշեցնելու փառատոնի բոլոր ծեսերի մասին ու հիշողության մեջ թարմացնելու եզակի այդ իրադարձությունը՝ հուզիչ և հանդիսավոր միաժամանակ»,-ասվում է փառատոնի կայքում:

Առաջ դեպի անցյալը

Տեղի է ունեցել նաև ռեժիսոր Գոնզալո Տոբայի Villegas ֆիլմի ցուցադրությունը: Ընդհանուր առմամբ սյուժեն հետևյալն է. զարմիկներ, քույր և եղբայր Էստեբանն ու Պիպան, որոնք չեն տեսնվել երկար տարիներ, մեքենայով մեկնում են պապիկի թաղման փոքրիկ Վիլլեգաս քաղաք, որտեղ անցել է նրանց մանկությունը: Շուտով նրանց ուղևորությունը վերածվում է ուևորության դեպի անցյալը, լի զգացմունքներով, հիշողություններով, հանդիպումներով, անցած տարիների բեռով ու դարաշրջանի ավարտով:

Ֆրանս-իրանական-հարավկորեական 6-րդ օր

Ծանր հոգեբանական պրեմիերայից հետո 6-րդ մրցութային օրը ժյուրին միանգամից 3 ֆիլմ է ակնկալում: Այդ թվում՝ ռեժիսոր Ալեն Ռենեի «Դուք դեռ ոչինչ չեք տեսել», որն ի դեպ, հունսին կնշի իր 90-ամյակը: Ժան Անուի պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է մի խումբ դերասանների մասին, որոնք հավաքվում են մահացած թատերագրի տանը, իմանալու համար նրա վերջին կամքը:

Հաջորդ ֆիլմը իրանցի ռեժիսոր Աբբաս Քյարոսթամիի «Սիրահարվածի պես» ֆիլմն է, որն արդեն ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ» «Բալի համի» համար: «Սիրահարվածի պես» ֆիլմը պատմում է ուսանողուհու և համատեղության կարգով մարմնավաճառ Ակիկոյի պատմությունը, որը հարաբերություններ ունի տարեց պրոֆեսորի հետ:

Օրը մի փոքր կթեթևացնի հարավկորեացի ռեժիսոր Հոն Սան Սուի «Այլ երկրում» ողբերգական կատակերգությունը, որտեղ գլխավոր դերակատարն է Իզաբել Յուպերը, որը խաղում է միանգամից երեք հերոսուհիների դերը, որոնք նույն անունն ունեն՝ Աննա:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---