Դատապարտյալները սպառնացել են ոմն Նազելիին նրա մերկ լուսանկարները տարածել համացանցում

Դատապարտյալները սպառնացել են ոմն Նազելիին նրա մերկ լուսանկարները տարածել համացանցում

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2 դատապարտյալների կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Դատախազությունից հայտնում են, որ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս. Սիմոնյանը, ով 2005 թվականին դատապարվել է 8 տարվա ազատազրկման և իր պատիժը կրում է «Սևան» քրեակատարողական հիմնարկում, 2009թ. հունվարին, այսինքն` պատիժը կրելու ժամանակ, նույն ՔԿՀ դատապարտյալներից մեկի միջոցով իմանալով Նազելիի հեռախոսահամարը, ներկայացել է որպես վերջինիս համադասարանցի: Նազելին, համոզված լինելով, որ շփվում է իր համադասարանցու հետ, իր լուսանկարներից մի քանիսն ուղարկել է քրեակատարողական հիմնարկ:

Այնուհետև 2009թ. մայիս ամսվա ընթացքում Ս. Սիմոնյանը Նազելիից գումար է պահանջել` նրան արատավորող տեղեկությունների և իրենց կապի ու հարաբերությունների մասին Նազելիի ամուսնուն և հարազատներին չհայտնելու, իր մոտ եղած լուսանկարները վերջիններիս չուղարկելու դիմաց:

Բացի այդ, Ս. Սիմոնյանը, Նազելիից շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով նույն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող, դատապարտյալ Ա. Աբրահամյանի հետ, 2012թ. հունվարի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսով odnoklassniki.ru կայքում Նազելիի անհատական էջում վերջինիս արատավորող նամակագրության եղանակով, իսկ Ա. Աբրահամյանը` հեռախոսազրույցների միջոցով, սպառնացել են նրան արատավորող կեղծ տեղեկություններ հրապարակել:

Այն է`վերոհիշյալ կայքում Նազելիին վերաբերող սեռական բնույթի հաղորդագրություններ հրապարակել, ինչպես նաև` վերջինիս` համացանցում առկա ընկերների շրջանում տարածել նրա մերկ լուսանկարները:

Նշված տեղեկությունները չհրապարակելու և չտարածելու դիմաց 2012թ. հունվարի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար:

Բացի այդ, Ա. Աբրահամյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում` 2011թ. հոկտեմբերի 5-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ևս 4 անձանց հետ հեռախոսազրույցների և համացանցի` odnoklassniki.ru կայքի միջոցով շփման ընթացքում, շորթում կատարելու դիտավորությամբ, արատավորող տեղեկություններ և մերկ լուսանկարներ տարածելու սպառնալիքով պահանջել և ստացել է տարբեր չափերի հասնող գումարներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---