Բոստոնում Հայկական ժառանգության այգի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող է բացվել

Բոստոնում Հայկական ժառանգության այգի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող է բացվել

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բոստոնում մասնակցեցին քաղաքի սրտում գտնվող` Հայկական ժառանգության այգու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը, որին մասնակցում էին հազարավոր բոստոնցիներ, Ցեղասպանության հուշարձանի բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջիմ Գալստյամը, ԱՄՆ արևելյան ափի հոգևոր առաջնորդները: Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն իրենց ելույթներում կարևորեցին նահանգի հայության ներդրումը Բոստոնի, Մասաչուսեթսի և Միացյալ Նահանգների զարգացման և բարգավաճման գործում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձան Հայոց ցեղասպանության ոգեկոչման, ճանաչման և դատապարտման կարևորությանը` այդ առումով ողջունելով Ցեղասպանության հուշարձանի բացումը Բոստոնի կենտրոնում:

Բացման արարողությանը ելույթ ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մասաչուսեթսի նահանգային և Բոստոնի քաղաքային իշխանություններին հայկական համայնքի նախաձեռնությանը սատարելու և իրականացմանն օժանդակելու համար: «… Այս հուշարձանը նաև խորհրդանշում է հայ համայնքի ներդրումը ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ։ Այս այգին նաև հայկական համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկյան ժողովրդին, Մասաչուսեթս նահանգին և այս քաղաքին, որն ընդունել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հազարավոր հայերի…»,- նշել է նա:

«Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման ճանապարհ են հարթում։ Անկախ աշխարհաքաղաքական և այլ շահերից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար պայքարի ցեղասպանության դատապարտման և դրա կանխարգելման համար։ Այդ միասնականության բացակայության պատճառով է, որ մարդկությունն ականատես է լինում ցեղասպանությունների իրագործման նոր փորձերի»,- հայտնել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայերի միասնական ջանքերը սկսում են արդյունքներ տալ։ Շուրջ մեկ դար Թուրքիայում փակի տակ գտնվող քննարկումը բացվում է: Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները Ստամբուլում և այլ թուրքական քաղաքներում դրա վկայությունն են։ Արտգործնախարարը հույս է հայտնել, որ այդ այգին կդառնա մի վայր, մի ուխտատեղի, որտեղ կգան ոչ միայն ցեղասպանության զոհերի ժառանգները, այլ նաև այդ հանցագործությունն իրագործողների ժառանգները և միասին ծաղիկներ կդնեն անմեղ զոհերի հիշատակին:

Բոստոնում Հայաստանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարները այցելեցին նաև Սուրբ Երրորդության եկեղեցի, Հայկական մշակութային և կրթական կենտրոն և Հայկական թանգարան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---